Հանրագիտարան

Մեքսիկա

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Մեխիկո
Տարածքը՝ 1.958,2 հզ. կմ2
Բնակչությունը՝ 108,3 մլն
Պետական լեզուն՝ իսպաներեն
Դրամական միավորը՝ պեսո

Մեքսիկան պետություն է Հյուսիսային Ամերիկայի հարավում: 

Գեղեցիկ ու բազմազան է նրա բնությունը՝ ձյունաճերմակ գագաթներով գործող (Օրիսաբա`   5700 մ, Պոպոկատեպետլ`   5452 մ) և հանգած հրաբուխներ, ժայռոտ լեռնաշղթաներ, արևախանձ անապատներ, որտեղ աճում են միայն դիմացկուն կռզիներն ու ագավան: Լեռնալանջերն ու առափնյա ցածրավայրերը ծածկված են մշտադալար արևադարձային անտառներով ու սավաննաներով: Աճում են բարձրակարգ բույսերի 12 հզ. տեսակ, որի 2/3-ը բնաշխարհիկներ են: Լեռնային անտառներում կան սև արջ, ջրարջ, կատվառյուծ, կարմիր լուսան, արևադարձային անտառներում՝ կապիկներ, գետակինճ, ամերիկյան հովազ, սավաններում՝ եղջերու, մրջնակեր: Ստեղծվել են մի շարք ազգային պատկեր:
 
Պատմություն
Մեքսիկայի նորագույն պատմությունն սկսվում է XVI դարից, երբ նրա տարածք են ներխուժել իսպանացիները և նվաճել երկիրը: 1821 թ-ին, երկարատև պատերազմից հետո, Մեքսիկան հռչակվել է անկախ պետություն, իսկ 1911–40 թթ-ի քաղաքացիական պատերազմից հետո՝ հանրապետություն:
 
Բնակչություն
Մեքսիկայի հիմնական բնակիչները մեքսիկացիներն են, որոնք ձևավորվել են իսպանացիների, բնիկ հնդկացիների, մասամբ`   նաև նեգրերի միախառնման հետևանքով: Պաշտոնական լեզուն իսպաներենն է, սակայն բնիկ ժողովուրդները՝ ացտեկները, մայաները, հուաստեկները և այլք, խոսում են մայրենի լեզուներով և պահպանում իրենց մշակութային առանձնահատկությունները:
 
Խոշոր քաղաքներն են Մեխիկոն, Գվադալահարան, Մոնտերեյը, Պուեբլան:
Հին շրջանում (մինչև XVI դար) Մեքսիկայի տարածքում զարգացած են եղել հնդկացիների (տոտոնակներ, տոլտեկներ, ացտեկներ, մայաներ)  գեղարվեստական մշակույթները: Զբաղվել են խեցեգործությամբ և փայտե իրերի, մանր քանդակների պատրաստմամբ:
Սակայն իսպանացիների կողմից Մեքսիկայի նվաճումը կործանարար ազդեցություն ունեցավ հնդկացիների ինքնատիպ մշակույթի վրա: Այդուհանդերձ, բնիկների գեղարվեստական ավանդույթները որոշակիորեն ներգործեցին գաղութային շրջանում ձևավորված արվեստի վրա, և երկու մշակույթների համատեղումը կանխորոշեց Մեքսիկայի հետագա ազգային արվեստի ավանդույթները:
Ներկայումս Մեքսիկան Լատինական Ամերիկայի առավել զարգացած երկրներից է. արդյունահանում են արծաթ, ոսկի, նավթ, գունավոր և հազվագյուտ մետաղներ: Մշակում են ցորեն, բրինձ, շաքարեղեգ, սրճենի, եգիպտացորեն (հայրենիքը Մեքսիկան է):
Մայրաքաղաք Մեխիկոն աշխարհի խոշորագույն քաղաքներից է, որտեղ զուգակցվում է հին դարերի ու ժամանակակից ճարտարապետությունը:
Հանրահայտ են գեղանկարիչներ Դիեգո Ռիվերան, Խոսե Օրոսկոն, Դավիդ Սիկեյրոսը, Ֆրիդա Կալոն, գրողներ Կառլոս Ֆուենտեսը, Օկտավիո Պասը և ուրիշներ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: