Ճապոնիան տարածքով գերազանցում է եվրոպական տերություններից շատերին։ Հյուսիսից հարավ գրեթե 3500 կմ ձգվածության պատճառով երկրի կլիմայական պայմանները բազմազան են։
Մայրաքաղաքը
Տոկիոն Ճապոնիայի ու համանուն պրեֆեկտուրայի մայրաքաղաքն է, աշխարհի առավել խոշոր և արագ աճող քաղաքներից։ Հիմնադրվել է 12-րդ դարի կեսին։
Տոկիոն գտնվում է Հոնսյու կղզու հարավ-արևելքում Էդոգավա, Արագավա, Սումիդա, Տամա գետերի գետաբերանում՝ Խաղաղ օվկիանոսի Տոկիոյի ծոցի ափին, Կանտո հարթավայրում: Կլիման մերձարևադարձային, մուսոնային է: Հունվարի միջին ջերմաստիճանը 3,1 օC է, օգոստոսինը՝ 25,6 օC, տարեկան տեղումների միջին քանակը՝ 1343 մմ: Հաճախակի են թայֆուններն ու երկրաշարժերը. վերջինը (1923 թ.)՝ 8,3 բալլ ուժգնությամբ, խլել է 142 հզ. մարդու կյանք:
Մեծ Տոկիոն (Տոկիո-տո) Ճապոնիայի վարչական պրեֆեկտուրաներից է՝ Տոկիոյի մայրաքաղաքային պրեֆեկտուրան, և բացի Հոնսյու կղզու հարավարևելյան մասից՝ կազմված է 23 վարչական շրջաններից, 26 առանձին քաղաքներից, 7 ավանային համայնքներից, 8 գյուղից, Իձու և Օգասավարա կղզիներից: Մայրաքաղաքը ղեկավարում է համաժողովրդական քվեարկությամբ ընտրված պրեֆեկտային խորհուրդը՝ նահանգապետի գլխավորությամբ: Տոկիոյում են երկրի կառավարությունը և կայսրի պալատական համալիրը՝ ճապոնական կայսրերի գլխավոր նստավայրը:
Տոկիոն հիմնադրվել է 12-րդ դարում, երբ զինվոր Էդո Տարո Սիգեդան այնտեղ կառուցել է ամրոց (էդո՝ բառացի նշանակում է ծովափ): 1457 թ-ին այդ վայրում կառուցվել է Էդո սամուրայական դղյակը, որի շուրջ տարածվել են արհեստավորների և առևտրականների բնակավայրեր: 1590 թ-ին ամրոցին տիրել է ավատ և պետական գործիչ Հեյասու Տոկուգավան, իսկ 1603–1867 թթ-ին Էդոն եղել է Տոկուգավա տան սյոգունների (զինվորական առաջնորդներ, ավատատիրական խոշոր տների ներկայացուցիչներ) նստավայրը (մինչև 1868 թ. Ճապոնիայի պաշտոնական մայրաքաղաքը Կիոտոն էր՝ կայսրերի նստավայրը): 1720 թ-ին Էդոյի բնակչությունը 1 մլն էր (աշխարհի ամենախոշոր քաղաքն էր): 1869 թ-ին՝ սյոգունության վերացումից հետո, կայսրի նստավայրը տեղափոխվել է Էդո, որը 1896 թ-ին վերանվանվել է Տոկիո (Արևելյան մայրաքաղաք) և դարձել մայրաքաղաք:
Տոկիոն Ճապոնիայի գլխավոր ֆինանսական և արդյունաբերական կենտրոնն է, աշխարհի 3 ֆինանսական կենտրոններից (Նյու Յորքի ու Լոնդոնի հետ): Տոկիոյում են կենտրոնացված ապրանքային և ֆինանսական սակարանները, խոշորագույն ֆինանսաարդյունաբերական խմբերը (Միցուբիշի, Սումիտոմո, Միցուի և այլն), բանկերը (Ճապոնական, Զարգացման, Արտահանման-ներմուծման և այլն):
Զարգացած են առավելապես գիտատար և բարձր տեխնոլոգիական, էլեկտրատեխնիկական, էլեկտրոնային և օպտիկամեխանիկական արտադրությունները, մեքենաշինությունը, սարքաշինությունը, ավտոմեքենաշինությունը, նավաշինությունը, նավթամշակման, նավթաքիմիական, քիմիական, տպագրական, թեթև, տեքստիլ, սննդի և այլ արդյունաբերություններ:
Տոկիոն Ճապոնիայի հիմնական տրանսպորտային հանգույցն է. քաղաքում գործում են Հանեդա և Նարետա միջազգային օդանավակայանները, մետրոպոլիտենը: Տոկիոն բազմաթիվ ճեպընթաց ավտոմայրուղիներով ու երկաթուղիներով կապված է երկրի այլ քաղաքներին: Երկրի արտաքին առևտրի շրջանառության կեսից ավելին կատարվում է քաղաքամերձ Յոկոհամա, Կավասակի, Յոկոսովա, Տիբա նավահանգիստներով:
Ճապոնիայի մշակութային կարևորագույն կենտրոններից մայրաքաղաքում են գիտությունների և արվեստների ակադեմիաները, Տոկիոյի համալսարանը (հիմնադրվել է 1887 թ-ին), բազմաթիվ բուհեր, գիտահետազոտական ինստիտուտներ, լաբորատորիաներ և կենտրոններ, գրադարաններ, թատրոններ, ավելի քան 30 թանգարան (Տեների պատկերասրահը, Բրիջսթոն գեղարվեստի, Ժամանակակից արվեստի ազգային, Տոկիոյի ազգային, արվեստների, գեղագրության թանգարանները, «Մետրոպոլիտեն ֆեստիվալ հոլը» և այլն), համերգասրահներ և թատրոններ: Տոկիոյում սակավ են կանաչապատ տարածքները, իսկ կենտրոնը կառուցապատված է քարե, աղյուսե շենքերով ու երկաթբետոնե երկնաքերներով: Քաղաքը բաղկացած է 2 խոշոր մասերից՝ Յամանոտի (բլրային) և Սուտամատի (ցածրադիր): Բնակելի թաղամասերը կառուցվել են 2 անգամ. 1923 թ-ի սեպտեմբերի 1-ին քաղաքի գրեթե կեսը ավերվել է երկրաշարժից, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ) ժամանակ բազմիցս ենթարկվել է (1944–45 թթ) ամերիկյան ավիացիայի ռմբակոծություններին:
Տոկիոյի պատմական կենտրոնը Նիհոմբասի շրջանն է, որտեղ պահպանվել են կայսերական պալատի համալիրը (մոտ 1600 թ., վերականգնվել է XIX դարի վերջին – XX դարի սկզբին), Ռիկոշեն լանդշաֆտային զբոսայգին (XVII դարի վերջ – XVIII դարի սկիզբ), սինթոիստական Տոսյեգու (ժամանակակից տեսքն ստացել է XVII դարում) և Մեյգի (XIX դարի վերջ), բուդդայական Կաննոն (հիմնադրվել է XVII դարում, վերականգնվել՝ XX դարում) տաճարները և ճարտարապետական այլ հուշարձաններ:
XX դարի լավագույն կառույցներից են Խորհրդարանի շենքը (1915–36 թթ), «Մետրոպոլիտեն ֆեստիվալ հոլլը» (1960– 1961 թթ), Օլիմպիական մարզահամալիրը (1963–64 թթ), Սուրբ Մարիամի տաճարը (1964 թ) և այլն:
Տոկիոյում են անցկացվել 18-րդ օլիմպիական խաղերը (1964 թ): Տոկիոյում ապրում է 50–60 հայ, գործում է հայագիտական կենտրոն, տարեկան 7–8 անգամ լույս է տեսնում «Արարատ» թերթիկը՝ հայերի և Հայաստանով հետաքրքրվող ճապոնացիների համար:
Պատմությունը
Ճապոնիայի պատմությունը սկիզբ է առնում դեռևս մ.թ.ա. 11000—300 թթ։ Այդ մասին վկայում են տեղի հին հուշակոթողները։
1603 թվականին Սյոգունատա Տոկուգավայի կողմից սկիզբ է դրվում Ճապոնիայի աշխարհից մեկուսացմանը, սկսված եվրոպացիների առևտրական և մշակությաին շփումների համար։ XVII—XIX դարերի ընթացքում Ճապոնիան ապրում է կայունացման և մշակութային զգալի աճ:
ԱՄՆ հետ պայմանագրի ստորագրումից հետ, 1854 թվականին բացելով իր ծովային սահմանները, Ճապոնիայում կարգավորվում են սոցիալ-տնտեսական զարգացումները։ 1860-ական թվականներից հետո սկսված Ճապոնիան արևմուտքի օգնությամբ կարողանում է կառուցել հզոր բանակ, որի հաշվին օկուպացնում է Թայվանն ու Կորեան: 1930-ական թվականների Ճապոնիան Չինաստանի հյուսիս-արևելյան օկուպացված մասում կառուցում է ծովային պետություն Ման-Չժոու-գոն։ 2-րդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ Ճապոնիան գրավում է Ասիայի մի անբողջ հատված, ընդհուպ մինչև Ինդոնեզիա, 1944 թվականին չհաջողված փորձ կատարելով, մտնել Հնդկաստան: 1945 թվականին ատոմային ռմբակոծություններից հետո, սեպտեմբերի 2-ին ստորագրվում է պայմանագիր, համաձայն որի Ճապոնիային արգելվում է Զինված ուժեր ունենալ, իսկ Սախալինի հարավը և Կուրիլական կղզիները անցնում են ԽՍՀՄ տիրպետության տակ:
1945 թվականից հետո ԱՄՆ և Եվրոպայի աջակցությամբ Ճապոնիայի տնտեսությունը կտրուկ աճ է ունենում (Ճապոնական տնտեսական հրաշքը):
1970 թվականից սկսած Ճապոնիայի տնտեսությունը 2-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում, զիջելով Միացյալ Նահանգներին: Ճապոնիան համարվում է աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը:
2005—2007 թվականներին Ճապոնիան ՄԱԿ անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է:
Ճապոնիան պետություն է Ասիայի խաղաղօվկիանոսյան ափերից դեպի արևելք ընկած կղզեխմբի վրա՝ աշխարհի այն կողմում, որտեղից ծագում է արևը: Հնուց ի վեր ճապոնացիներն իրենց երկիրն անվանում են Նիպպոն կամ Նիհոն, որը կազմված է 2 հիերոգլիֆային նշաններից՝ «արև» և «հիմք»։ Ճապոնական դրոշի կարմիր արևային շրջանակը և պետական զինանշանի կլոր ոսկեծաղիկը՝ քրիզանթեմը, նույնպես խորհդանշում են ծագող արևը։
Ճապոնական կղզիների աղեղը տարածվում է հյուսիսից հարավ՝ ավելի քան 3,5 հզ. կմ երկարությամբ, զբաղեցնում է 4 խոշոր՝ Հոկայդո, Հոնսյու, Սիկոկու, Կյուսյու և գրեթե 4 հազար մանր կղզիներ։ Ճապոնական կղզիների ողջ տարածքի գրեթե 3/4-ը զբաղեցնում են խիտ անտառներով ծածկված բարձրաբերձ երիտասարդ լեռները, որտեղ դեռ շարունակվել է լեռնակազմությունը: Ամենաբարձր Ֆուձիյամա գործող հրաբուխն է, որը ճապոնացիների սրբազան լեռն է և նրա բարձրությունը կազմում է 3776 մ: Ի դեպ` Ֆուձիյաման արտաքին գծագրությամբ շատ նման է Մասիսին: Յուրաքանչյուր ճապոնացի իր պարտքն է համարում տանն ունենալ Ֆուձիի նկարը: Ճապոնիայում այսօր էլ շատ են գործող հրաբուխները և հաճախակի են ուժեղ ու նույնիսկ կործանարար երկրաշարժերը: Առանձնապես մեծ ավերածություններ և մարդկային զոհեր են պատճառել 1903, 1923, 1994-թթ-ի երկրաշարժերը:
Ոչ մեծ դաշտավայրեր գտնվում են ափամերձ շրջաններում: Ամենաընդարձակը Կոնտոյի դաշտավայրն է, որտեղ գտնվում է երկրի մայրաքաղաք Տոկիոն: Ընդերքում կան օգտակար հանածոներ, սակայն դրանց պաշարները մեծ չեն: Երկիրը համեմատաբար հարուստ է քարածխով, պղնձով, կան տիտանի, մանգանի, երկաթի, ուրանի, ծծմբի պաշարներ:
Ճապոնական կղզիների մեծ ձգվածությունն անդրադառնում է կլիմայի վրա: Այն գերազանցապես մուսսոնային է, հաճախակի են արևադարձային փոթորիկները` թայֆունները, որոնք զգալի վնաս են պատճառում տնտեսությանը:
Գետերը հորդառատ են, հարուստ` սահանքներով ու ջրվեժներով: Խոշոր գետերն են` Սինանոն, Տոնեն, Քիսոն, Իսիկարին, լճերից` Բիվան:
Երկրի տարածքի 2/3-ը անտառածածկ է: Աճում են եղևնի, սոճի, նվենի, դափնի, ճապոնական նոճի: Անտառների պահպանումը, բնական և արհեստական զբոսայգիների ստեղծումը, լանդշաֆտների բարելավումը ճապոնացիների կենցաղի անբաժանելի մասն են: Երկրի տարածքի 13 տոկոսը հայտարարված է արգելոցային տարածք` Բանդայ, Ասահի, Նիկո, Տիբու, Սանգակու, Կրիսմա: Մեծ ժողովրդականություն է վայելում Հոնսյու կղզու Նիկո ազգային պարկը, որտեղ գտնվում է սրբազան Ֆուձիյաման: Կա նույնիսկ այսպիսի ասածվածք. «Ով չի եղել Նիկոյում, նա չի կարող խոսել գեղեցիկի մասին»:
Ճապոնիան Ասիայի միակ երկիրն է, որը միջնադարում չի ենթարկվել ավերիչ ներխուժումների, իսկ հետագայում էլ խուսափել է գաղութային կախվածությունից: Ճապոնիայի տարածքում մ.թ.ա. 7500 թ-ից ձևավորվել են նոր քարեդարյան ձյոմոն, ավելի ուշ` էյայոյի մշակույթները: Մ.թ. 3-րդ դարում կազմավորվել է Յամատո ցեղային միությունը, որի հիման վրա էլ ձևավորվել է Ճապոնական պետականությունը: Այն արդեն 710 թ-ին ուներ իր մշտական մայրաքաղաքը` Նարան:
1192 թվականից Ճապոնիան ղեկավարում էին սյոգունները, որոնց աջակցում էին ազնվական կալվածատերերը` իրենց ռազմիկներով` սամուրայներով: 16-րդ դարում Ճապոնիայում երևացին եվրոպացիները, որոնք, առևտրին զուգահեռ, տարածում էին քրիստոնեությունը: Սամուրայները, ի դեմս օտարերկրացիներ տեսնելով լուրջ սպառնալիք, 1637 թվականից արգելեցին նրանց մուտքը Ճապոնիա, երկիրը մեկուսացավ արտաքին աշխարհից: 1854 թ-ին զենքի գործադրման սպառնալիքով ԱՄՆ-ը հասավ նրան, որ որոշ նավահանգիստներ բացվեցին օտարերկրացիների համար: 1868 թ-ին տապալվեց սյոգունների կառավարությունը, և իշխանության գլուխ անցավ Մուցուհիտո կայսրը:
1894-95 թթ.-ին ճապոնիան պատերազմ մղեց Չինաստանի, 1904-05 թթ.-ին` Ռուսաստանի դեմ: 1910 թ-ին Ճապոնիան բռնակցեց Կորեան` այն հայտարարելով իր գաղութը, իսկ 2-րդ համաշխարհային պատերազմն սկսվելուց հետո հարձակվեց ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային պատկանող խաղաղօվկիանոսյան ռազմական հենակետրի վրա: Երբ խորհրդային զորքերը ջախջախեցին Կվանտունյան բանակը, իսկ ԱՄՆ-ը 1945 թ-ին ատոմային ռուբեր նետեց Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա, Ճապոնիան 1945 թ-ին սեպտեմբերի 2-ին ստորագրեց անվերապահ կապիտուլյացիայի ակտը:
Չափազանց բարդ ու հետաքրքրական է ճապոնական գիրը: Նրա հիմքում ընկած է 6-րդից 8-րդ դարերում չինացիներց փոխառված և ճապոներենի առանձնահատկություններին հարմարեցված հիերոգլիֆները: Թերթ կարդալու համար, օրինակ, անհրաժեշտ է իմանալ մոտ 2 հզ. նշան, իսկ դրանց ընդհանուր թիվը 10 հզ-ից ավելի է: Իհարկե, դժվար է դրանք բոլորը հիշելը, և Ճապոնացիները գրքերում այս կամ այն նշանին հանդիպելիս հաճախ դիմում են բառարանի օգնությանը:
Միաժամանկան Ճապոնիայում գոյություն ունի վանկակազմիչ այբուբեն: Տեքստերի բառերի մեծ մասի արմատները գրվում են հիերոգլիֆներով, իսկ քերականական վերջավորությունները` վանկակազմիչ այբուբենով: Տեքստերը կարդացվում են վերևից ներքև և աջից ձախ: Եվ չնայած նշված բարդություններին` Ճապոնիան համատարած գրագիտության երկիր է: 6 տարեկանից երեխաները հաճախում է դպրոց, իսկ 10-ամյա կրթությունը պարտադիր է: Բարձագույն ուսումնական հաստատություններում ուսումը վճարովի է, բայց կան նաև անվճար պետական համալսարաններ, որտեղ ընդունվելու համար պետք է հաղթահարել մրցակցային մեծ դժվարություններ:
Բնակչության 99 տոկոսը ճապոնացիներ են. նրանք հազվադեպ են հեռանում իրենց հայրենիքից, այդ պատճառով էլ արտասահմանում ապրում է ճապոնացիների ընդամենը 1 տոկոսը: Ճապոնացիները դավանում են միաժամանակ 2 կրոններ` սինթոիզմ և բուդդայականություն: Սինթոիզմին են հետևում հիմական կրոնակենցաղային ծեսերի, բուդդայականությանը` հոգեհանգստի, թաղման ծիսակատարությունների ժամանակ:
Խոշոր քաղաքներում տասնյակ կմ-ով ձգվում են ծովից նվաճված հողերի վրա կառուցված նավամատույցների, պահեստների, գործարանների ու ֆաբրիկաների շարքերը: Տոկիոն մայրաքաղաք է դարձել 1869 թ-ին և ստացել իր ներկայիս անվանումը, որը նշանակում է արևելյան մայրաքաղաք: Այն աշխարհի ամենագերբնակեցված քաղաքներից է և աչքի է ընկնում քաոսային կառույցներով: Քաղաքին բնորոշ են երկնաքերները, ստորգետնյա բազմահարկ կառույցները և շենքերից բարձր, կամրջաձև ավտոմոբիլային ճեպընթաց մայրուղիները: Բազմամիլիոն բնակչոևթյուն ունեն Տոկիո, Յոկիոհամա, Օսակա, Նագոյա, Սապպորո, Կոբե, Կիոտո, Ֆուկուոկա, Կավասակի, Սայտամա և այլ քաղաքներ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ճապոնական արդյունաբերությունը, շնորհիվ ամերիկյան և արևմտաեվրոպական կապիտալ ներդրումների, բուռն վերելք ապրեց: Այսօր Ճապոնիան աշխարհի երկրորդ խոշոր արդյունաբերական տերությունն է ԱՄՆ-ից հետո, իսկ ճյուղերում նույնիսկ առաջէ անցել նրանց: Մեծ համբավ ունեն ճապոնական նավերը, հատկապես` գերհզոր լցանավերը, էլեկտրոնիկան, ավտոմեքենաները, արհեստական գործվածքներն ու մետաքսը, ճենապակե իրերը, խաղալիքները: Զարգացած է էլեկտրոնային և ռադիոտեխնիկական մեքենածինությունը: Ճապոնիային է պատկանում տեսաձայնագրիչների ու տեսախցիկների, հեռուստացույցների համաշխարհային արտադրության մեծ մասը, էլեկտրոնային հաշվիչ մեքենաների 1/10-ը: Ավտոմեքենաշինությունը կենտրոնացած է «Տոյոտա Ձիդոսյա», «Նիսան Ձիդոսյա», «Միցուբիսի», «Հոնդա», մենատիրությունների ձեռքերում:
Ճապենական դաշտերի գլխավոր մշակաբույսը բրինձն է, որը լիովին բավարարում է երկրին: Ճապոնիայում մշակում են ցորեն, գարի, սոյա, շաքար և այլ սննդամթերքներ, որոնց զգալի մասն արտահանվում է:
Ճապոնիան հին ու զարգացած մշակույթի երկիր է. ուշագրավ են հին և ժամանակակից վարպետների արվեստը, բնապատկերային գեղանկարչությունը, ճենապակու արվեստը, ճարտարապետությունը, թատրոնը, տիկնիկային թատրոնը: Հայտնի է հատկապես Կաբուկի թատրոնը, որն սկիզբ է առել թափառաշրջիկ երգիչների ու պարողների կատարումնեևից և մինչև օրս էլ ժողովրդական է: Ճապոնացիները հայտնի են ծաղկեփնջեր կազմելու և գաճաճ ծառեր մշակելու յուրահատուկ արվեստով: Համաշխարհային ճանաչում են գտել ճապոնական ձյուդո, կարատե, սումո մարզաձևերը:
Ճապոնիան հայտնի է իր հրաշալի ճարտարապետական ու պատմական հուշարձաններով` Բուդդայի հսկայական արձաններով ու տաճարներով, մեհյաններով, գեղատեսիլ լանդշաֆտային զբոսայգիներով և թագավորական դղյակներով: Ճապոնական հուշարձանների մեջ առանձնահատուկ տեղ ունի Հիրոսիմայի` ատոմայինն ռմբակոծության զոհերի հուշահամալիրը, որն ամեն տարի օգոստոսի 6-ին իր զանգերի տխուր ղողանջով ամբողջ աշխարհին հիշեցնում է 1945 թ-ի այդ մեծ ողբերգության մասին:
Ճապոնացիների տնային կենցաղը շատ բանով տարբերվում է եվրոպականից: Օրինակ` ճապոնական տներում կահույք գրեթե չկա: Հատակին փռված են բրնձի ծղոտից գործված խսիրներ: Տուն մտնելիս կոշիկները հանում են ու թողնում դռան շեմին, իսկ ներսում խսիրների վրա քայլում են գուլպաներով: Ճաշում են հատակին նստած, հատակին էլ անկողին են գցում:
Թեպետ ճապոնական քաղաքներում շատ են եվրոպական խոհանոց ունեցող ճաշարաններն ու ռեստորանները, ճապոնացիները հիմնականում սնվում են իրենց ավանդական կերակրով` անալի եփած բրնձով, որն ուտում են թասիկներից` ձողիկներով: Օգտագործում են նաև աղ դրած բանջարեղեն ու ձկնեղեն, ծովամթերք: Ի դեպ` ձկան որսով Ճապոնիան աշխարհում զբաղեցնում է առաջին տեղերից մեկը: Հանրահայտ են գրողներ Կավաբատա Յասունարին, Կոբա Աբեն, Նոմա Հիրոսին, կինոռեժիսոր Կուրոսավա Ակիրան, կոմպոզիտոր Ջո Հիսիասին, գեղանկարիչ-դիզայներ Եսիտակա Ամանոն, ճարտարապետ Կիսե Կուրոկավան, գրաֆիկ Հիրոսիկի Անդոն, ֆիզիկոսներ Կասիբա Մասատակին, Յուկավա Հիդեկին, արդյունաբերողներ Հոնդա Սոչիրոն, Մորիտա Ակյոն, Մորի Մինորին և ուիշներ: