Հանրագիտարան

Հնդկաստան

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Նյու Դելի
Տարածքը՝ 3.287,3 հզ. կմ2
Բնակչությունը՝ 1.129,5 մլն
Պետական լեզուները՝ հինդի, անգլերեն
Դրամական միավորը՝ հնդկական ռուփի

Հնդկաստան, պետություն Հարավային Ասիայում, Հիմալայներից հարավ։ Մայրաքաղաքը Նյու Դելին է։ Սահմանակից է Պակիստանին, Աֆղանստանին, Չինաստանին, Նեպալին, Բութանին, Բանգլադեշին և Բիրմային։

 

Անվանումը
Անվանման առաջացումը կապված է Ինդոս գետի հետ, որի հովտով հնդիկները ցամաքային կապ են պահպանել Առաջավոր Ասիայի երկրների, հատկապես իրենց անմիջական հարևանի Իրանի հետ։ Ինդոս գետը սանսկրիտերեն կոչվել է Սինդհու, որը հին պարսիկներին է անցել Հինդ ձևով։ Հենց պարսիկներն էլ իրենց հարևան երկիրը կոչել են Հինդուստան (Հինդ անվանն ավելացնելով -ստան վերջածանցը), այսինքն «Ինդոս գետի երկիր»։ Ի դեպ, հինդի լեզվով ևս այժմ Հնդկաստանը կոչվում է Հինդուստան։ Պարսիկներից էլ այդ անվանումը անցավ այլ ժողովուրդների, այդ թվում նաև հայերին`   արդեն որոշ ձևափոխություններով։ Երկրի անվանման Եվրոպայում ընդունված India ձևը նույնպես առաջացել է Ինդոս գետի անվանումից, որին ավելացվել է երկրի իմաստ արտահայտող -ia վերջածանցը։ 1949-ին ընդունված սահմանադրության համաձայն, Հնդկաստանը հռչակվեց հանրապետություն և կոչվեց Հնդկաստանի Հանրապետություն, անգլերեն, որը պաշտոնական լեզուն էր, Republic of India։ Հինդի լեզվով, որը երկրի պաշտոնական լեզուն է, Հնդկաստանը կոչվում է Բհարաթ։ Այդ անվանումն առաջացել է արիների հին հնդկական Բհարթա ցեղի (այդ ցեղի հետնորդների մասին ավանդություններն ընկած են հնդկական «Մահաբհարաթա» էպոսի հիմքում) տարաբնակեցման շրջանի (Ջամնա և Սաթլեջ գետերի միջագետքը) Բհարաթավարշի («Բհարաթների երկիր») անունից, որը հնում հաճախ տարածվել է ամբողջ Հնդկաստանի վրա։
 
Աշխարհագրական բնութագիրը
Հնդկաստանը արևմուտքից ողողվում է Հնդկական օվկիանոսի Արաբական ծովի, արևելքից`   Բենգալյան ծովի ջրերով։ Տարածքը 3,3 միլիոն կմ քառակուսի է։ Տերիտորիայի շուրջ 3/4-ը հարթավայրեր են ու սարահարթեր։ Հնդստան թերակղզու մեծ մասը զբաղեցնում է Դեկանի սարահարթը, հյուսիսում`   Ինդոս-Գանգեսյան դաշտավայրը և երկրագնդի ամենաբարձր լեռները`   Հիմալայները (բարձրությունը մինչև 8126 մետր, Նանգապարբատ լեռը) և Կարակորումը։
Հնդկաստանը բաժանվում է աշխարհագրական երեք հիմնական մասերի`   Հիմալայները կամ լեռնային շրջան, Գանգեսի հարթավայրը և Հնդստան թերակղզին։ Հիմալայները ձգվում են 2400 կմ տարածության վրա, արևմուտքիցային մեծ հարթավայր, երբ նրա մեջ են ներառնում երկրի հյուսիսում գտնվող բոլոր հարթավայրերը`   Ռաջաստանից մինչև Բնգալիա։ Հնդստան թերակղզին, որի արևմտյան ափերը ողողում են Արաբական ծովի ջրերը, ընդհանուր անունով հայտնի են Մալաբարյան և Կոնկանյան ափ անունով։ Նրանց սահմանը հանդիսանում է Գոայի լայնությունը (զուգահեռականը), որից հյուսիս ընկած է Կոնկանյան ափը, հարավ`   Մալաբարյան ափը։ Իսկ արևելյան ափը ողողում են Բենգալյան ծոցի ջրերը և կոչվում են Կորոմանդելյան ափ։
 
Կլիման
Հնդկաստանի միջին մասով անցնում է Հյուսիսային արևադարձը, որը երկիրը բաժանում է մոտավորապես երկու հավասար մասերի։ Հետևապես, Հնդկաստանի կեսը գտնվում է տաք գոտում, իսկ մյուս կեսը մերձարևադարձներում։
Հնդկաստանը Ասիայի մնացած մասերից անջատված է լեռնային պարսպով և հյուսիսային ցուրտ հոսանքները այնտեղ մուտք չեն գործում, որի հետևանքով Հնդկաստանի հյուսիսային մասերում օդի տարեկան միջին ջերմաստիճանը հինգ աստիճանով ավելի բարձր է, քան աշխարհագրական նույն լայնությունների վրա գտնվող երկրներինը։ Ընդհանուր առմամբ Հնդկաստանի կլիման ամենուրեք տաք է։
Հով եղանակի շրջանը Հնդկաստանում ընդգրկում է նոյեմբերից փետրվար ամիսները, տաք եղանակի շրջանը`   մարտից մայիս, իսկ անձրևային ժամանակը`   հունիսից սեպտեմբեր։ Հոկտեմբերը համարվում է անցողիկ ամիս`   անձրևային և ցուրտ ժամանակաշրջանների միջև։ Ձմեռվա ամիսներին, բացառությամբ բարձր լեռնային մասերի, ամենուրեք հունվարյան ջերմաստիճանը հավասար է մեր հանրապետության ամենատաք շրջանի`   Արարտյան դաշտի հուլիսյան ջերմաստիճանին։ Ջերմության առատությունը թույլ է տալիս այստեղ տարեկան երկուսից երեք բերք ստանալու։
Հնդկաստանի կլիմայի վրա վճռական դեր են խաղում մուսսոնները։
 
Ազգաբնակչությունը
Բազմազգ պետություն է . առավել բազմաքանակ են հինդուստանցիները, տելուգուները (անդհրաները), մարաթիները, բոնգալացիները, բիկարցիները, թամիլները, գուջարաթները, կաննարանները, մալայալիները, փանջաբցիները և այլք։
 
Գյուղատնտեսությունը
Գյուղատնտեսության առաջատար ուղղությունը հողագործությունն է։ Նշանակալի է հացահատիկային կուլտուրաների (բրինձ, ցորեն, կորեկ, սորգո, եգիպտացորեն, գարի և այլն) արտադրությունը։ Աշխարհում առաջնակարգ տեղեր է գրավում թեյի, շաքարեղեգի, գետնանուշի, ջուտի, տզկանեփի, բամբակի արտադրությամբ։ Աճեցնում են նաև սուրճ, ծխախոտ, կոկոսյան արմավենի, կաուչուկատուներ, համեմունքներ և այլն։
Անասունների (կով, եզ, գոմեշ, այծ, ոչխար) գլխաքանակը մեծ է, բայց մթերատվությունը`   ցածր։
Զբաղվում են նաև շերամապահությամբ, ձկնորսությամբ։
 
Արդյունաբերությունը
Արդյունաբերության մեջ գերակշռում է թեթև (մասնավորապես բամբակեղենի և ջուտեղենի) և սննդի արդյունաբերությունը։ Արդյունահանում են ածուխ, երկաթի և մանգանի հանքանյութեր, փայլար, ծարիր, բոքսիտներ, նավթ։
 
Ճարտարապետությունը
Մեծ համբավ են վայելում Աշոկայի կայսրության հնությունները Սարնհատում, Էլլորայի ու Աջանտայի բուդդայական ժայռակերտ տաճարները Աուրանգաբադից ոչ հեռու, հարավում`   Մադուրայում և Մադրասի մոտ գտնվող Մահաբալիպուրամի հուշարձանները, չքնաղ Թաջ Մահալը Ագրայում, Մահարաջայի և Ամբերի պալատները Ջայպուրում, Կարմիր բերդը և Քութբ Մինարը Դելիում և էլի շատերը։
Այդ կոթողները իրենց ոճով ու կառուցվածքով կարելի է բաժանել երկու խմբի`   բուդդայական-հինդուիստական և մուսուլմանական։ Բուդդայիստական-հինդուիստականը գերազանցապես աչքի է ընկնում ժայռակերտ տաճարներով, իսկ մուսուլմանականը`   պալատներով ու դամբարաններով։ Վերջիններս ստեղծված են Մեծ Մոնղոլների տիրապետության ժամանակաշրջանում և գերիշխում են երկրի հյուսիսում։
Քարանձավային ժայռակերտ կառուցումները շատ բնորոշ են Հնդկաստանի ճարտարապետությանը։ Նրանց թիվը հասնում է 1200-ի։ Դրանցից հայտնի են Աջանտայի, Էլլորայի, Մումբայի մոտ գտնվող Էլեֆանտա կղզու, Մադրասից հարավ ընկած Մահաբալիպուրամի և այլ ժայռակերտ տաճարներ։
Բուդդայականների ու հինդուիստների կերտած կոթողները ավելի քան 2000 տարվա պատմություն ունեն։ Մուսուլմանական ճարտարապետության հուշարձանները`   Թաջ Մահալ, Աքբարի պալատներ, Կարմիր բերդ, Քութբ Մինար և այլն, համեմատաբար նոր ժամանակներին են վերաբերում, այսինքն`   Մեծ Մոնղոլների ժամանակաշրջանում են կառուցվել։
Ճարտարապետական ոճերը հյուսիսում և հարավում իրարից շատ են տարբերվում։ Հյուսիսայի Հնդկաստանի ճարտարապետության վրա շատ է ազդել Իրանը, Մեծ Մոնղոլների միջոցով: Այդ է պատճառը, որ Հյուսիսայի Հնդկաստանի կոթողների մեծ մասը հիշեցնում են իրանական ճարտարապետությունը։ 15-րդ դարից Դելին, Ագրան, Ջայպուրը զարդարվեցին փառահեղ ու գեղեցիկ շենքերով։
Հարավային Հնդկաստանի ճարտարապետությունը ավելի անաղարտ է։ Այստեղ եղած կոթողները տիպիկ հնդկական են (բուդդայական կամ հինդուիստական), այս կոթողները գեղեցիկ են եզրազարդերով, խորաքանդակներով։ Հաճախ վեր խոյացող քառանիստ բրգաձև աշտարակը ամբողջապես ծածկված է քանդակներով, կուռքերի ու կենդանիների արձաններով։
Հնդկական նյութական մշակույթի հուշարձաններից շատերը ուշ են հայտնաբերվել։ Եղել են այնպիսիները, որոնք դարեր շարունակ մնացել են անհայտության մեջ։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: