Հանրագիտարան

Հիսուս Քրիստոս

Հիսուս Քրիստոս համարվում է քրիստոնեության կարևորագույն անձը: Ըստ Նոր Կտակարանի նա Աստծո Որդին և մարդկության Փրկիչն է, Հին Կտակարանում խոստացված Օծյալը: Վաղ քրիստոնյաները նրան անվանել են նաև Հիսուս Նազովրեցի: Քրիստոնյաների համար նա Աստծո որդին է, որ հարություն է առել մեռածներից: Իսլամի մեջ Քրիստոսը դիտվում է իբրև մարգարե: Նրա վերաբերյալ եղած ուսումնասիրություններն ու եկեղեցական վարդապետությունը անվանվել է քրիստոսաբանություն, նրա վարդապետության հետևողները կոչվել են քրիստոնյաներ, իսկ կրոնը`   քրիստոնեություն:

Հիսուս Քրիստոսի մասին տեղեկությունների հիմնական աղբյուրն է Նոր Կտակարանի գրքերը և հատկապես Ավետարանները։ Չորս Ավետարանները (Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի, Հովհաննեսի) , ժամանակային տարբեր հատվածներից սկսելով, պատմում են Հիսուս Քրիստոսի ծննդյան, կյանքի, առաքյալների ընտրության, քարոզչության, սուրբ վարքի, հրաշքների, բժշկումների, պայծառակերպության, մեռելներ հարուցանելու մասին, ներկայացնում են Հիսուսի առակները, պատվիրանները, նկարագրում չարչարանքները, խոսում Վերջին ընթրիքի, այսինքն`   հաղորդության խորհրդի հաստատման, մահվան մատնվելու, խաչվելու, թաղվելու, հարություն առնելու, համբարձվելու, երկրորդ անգամ զորությամբ երկիր վերադառնալու և այլնի մասին: Չորս Ավետարաններն էլ արձանագրել են Հիսուսի կյանքի այն դրվագները, որոնք ըստ ավետարանիչների մարգարեացված էին և կատարվում էին մեկ առ մեկ`   իրականացնելով մարդու փրկության Աստծո ծրագիրը:

Ըստ Նոր Կտակարանի Հիսուս Քրիստոսը, ծնվել է կույս Մարիամից`   Սուրբ Հոգով, ինչպես Մարիամին ավետել էր «Տիրոջ հրեշտակը» (Մատթ. 1.18–23): Նրա անունը դրվում է Հիսուս`   «աստվածային նախասահմանությամբ»: Ինչպես հաշվում է Մատթեոս ավետարանիչն իր ազգաբանությունում (Մատթ. 1)`   Աբրահամից`   «հավատքի հորից» մինչև Քրիստոս լինում է 42 սերունդ: 42-րդը Քրիստոսն է`   Դավիթ թագավորի սերնդից: Ընդունված կարծիքն այն է, որ Հիսուսը ծնվել է մ.թ. 1 թվականին (որով սկսվում է մեր թվարկությունը): Այլ հաշվարկների համաձայն`   նա ծնվել է մ.թ.ա. 4 թվականին, Հերովդես Մեծի մահվանից անմիջապես առաջ: Շուրջ երեսուն տարեկան հասակում (Ղուկ. 3.23) հայտնում է իրեն աշխարհին և շուրջ երեք տարի ավետում մարդկանց Աստծո փրկության ու երկնքի արքայության «բարի լուրը»: Հիսուս Քրիստոսի կյանքը (ըստ քրիստոնյաների`   «փրկագործ տնօրինության երկրավոր շրջանը») ավարտվում է հռոմեական կառավարիչ Պոնտիոս Պիղատոսի կողմից նրան խաչելության միջոցով մահվան դատապարտմամբ։ Քրիստոնյաները հավատում են, որ խաչելությանը հաջորդած շաբաթի առաջին օրը (Կիրակի) տեղի է ունեցել Հիսուսի հարությունը: Ըստ Նոր Կտակարանի գրքերի`   հարություն առնելուց հետո Հիսուսը հայտնվել է իր աշակերտներին «քառասուն օրերի ընթացքում երևալով նրանց և խոսելով Աստծու արքայության մասին»։

Հիսուս Քրիստոսը ծնվել է Սուրբ Կույս Մարիամից՝ անարատ հղությամբ՝ Բեթղեհեմ քաղաքում: Փրկչի ծնունդը Տիրոջ հրեշտակն ավետել է մերձակա արոտավայրերում իրենց հոտին պահակություն անող հովիվներին: 

8 օրականում Հիսուսին թլփատել են, իսկ ծննդյան 40-րդ օրը Երուսաղեմի եկեղեցում նվիրաբերել Աստծուն, որտեղ նրան փառաբանել են Սիմեոն ծերունին և Աննա մարգարեուհին: Իմանալով Փրկչի հայտնության մասին և վախենալով իշխանությունը կորցնելուց՝ Հրեաստանի արքա Հերովդեսը հրամայել է սպանել Բեթղեհեմի մինչև 2 տարեկան բոլոր մանուկներին: Տիրոջ հրեշտակն այդ մասին զգուշացրել է Հիսուսի ծնողներին՝ Հովսեփին և Մարիամին. նրանք երեխային փախցրել են Եգիպտոս: 
3 տարի անց, լսելով Հերովդեսի մահվան լուրը, նրանք վերադարձել են Գալիլեայի Նազարեթ քաղաքը, որի համար  Քրիստոսին անվանում են նաև Նազովրեցի: 
 
Երբ Հիսուսը դարձել է 30 տարեկան, Հորդանան գետում նրան մկրտել է Հովհաննես Մկրտիչը, և Հիսուսի վրա աղավնու տեսքով իջել է Սուրբ Հոգին: Այնուհետև Սուրբ Հոգին նրան տարել է անապատ, որտեղ Քրիստոսը դիմացել է Սատանայի փորձություններին և հաղթել նրան: 
 
Անապատից վերադառնալուց հետո սկսվել է Քրիստոսի փրկագործական առաքելությունը: Նա ընտրել է 12 աշակերտների, նրանց հետ շրջել ողջ Պաղեստինով ու քարոզել փրկության և Աստծու թագավորության բարի լուրը: Նա շատ հրաշքներ է գործել, բուժել բազմաթիվ մարդկանց: Առակների միջոցով քարոզել է սեր, բարություն, գթասրտություն, ողորմածություն: Հիսուս Քրիստոսի քարոզչական գործունեությունն ու հրաշագործությունները չի ընդունել հրեական կրոնական վերնախավը՝ փարիսեցիներն ու սադուկեցիները (օրենքի ուսուցիչներ), և որոշել է հաշվեհարդար տեսնել նրա հետ: 
 
Երկրային կյանքի վերջին օրերին Երուսաղեմում իր աշակերտների հետ զատկական ընթրիքի (հայտնի է որպես Վերջին ընթրիք) ժամանակ Հիսուսին 30 արծաթով մատնել է իր աշակերտներից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին: Հիսուսին ձերբակալել են: Պաղեստինի հռոմեացի կառավարիչ Պոնտացի Պիղատոսը առաջարկել է Զատկի կապակցությամբ ներում շնորհել Քրիստոսին, բայց ամբոխը, փարիսեցիների և սադուկեցիների դրդմամբ, պահանջել է մահվան դատապարտել նրան: Հռոմեացիները Հիսուսին խաչել են ինչպես սովորական հանցագործի: Մեռել է խաչի վրա և թաղվել, 3 օր անց Հարություն է առել: Հիսուսին հետևորդ կանայք, երբ այցի են եկել նրա գերեզմանին, ապշել են՝ գերեզմանը դատարկ տեսնելով: Այնուհետև կանայք հանդիպել են Տիրոջ հրեշտակին, որը նրանց ավետել է Հիսուսի Հարության լուրը: Հարություն առնելուց հետո Քրիստոսը բազմիցս երևացել է իր աշակերտներին ու խոսել Աստծու արքայության մասին: 40 օր անց Հիսուսը համբարձվել է երկինք և նստել Հայր Աստծու աջ կողմում:
 
Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոսը, աշխարհ եկավ՝ փրկելու մարդկությանը: Նա ազատեց մարդուն մեղքի դատապարտվածությունից և ցույց տվեց փրկության ճանապարհը: Հիսուս Քրիստոսը, Հայր Աստծու կամքով մարդանալով, իր վրա վերցրեց ողջ մարդկության մեղքը, կրեց անարգանքներ ու չարչարանքներ: Նա աշխարհ եկավ՝ կատարելու Հայր Աստծու կամքը: Հիսուսը հոգում է բոլոր նրանց կարիքները, ովքեր ընդունում են իրեն և հետևում իր պատվիրաններին: Նա իր հրաշափառ Հարությամբ հաղթեց մահին և մարդկությանը շնորհեց հավիտենական կյանքի բարի լուրը:
 
Քրիստոնեության մեջ Քրիստոսի մահը մարդկությանը մեղքերից ազատելու և ապաշխարելու փրկարար զոհողությունն է: Հիսուսն իր աշակերտների և ժողովրդի հետ հաճախ է խոսել մարդու մեղավոր լինելու, ապաշխարելու և Աստծուն դառնալու ու ապավինելու անհրաժեշտության մասին: Նա մարդկանց հորդորել է լինել բարի, ներողամիտ, կարեկից. «Այն ամենը, ինչ որ ուզում եք, որ մարդիկ անեն, նույնը դուք արեք նրանց»: Երեխաները շատ են սիրել Հիսուսին: Մի օր նրա մոտ երեխաներ են բերել, որպեսզի նա իր ձեռքը դնի նրանց վրա և օրհնի: Աշակերտները փորձել են արգելել երեխաներին մոտենալ նրան: Սակայն Հիսուսը սաստել է աշակերտներին և ասել. «Թողե՜ք երեխաներին, որ ինձ մոտ գան, ու մի՜ արգելեք նրանց, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը»:
 
Ըստ Սուրբ Գրքի՝ Հիսուս Քրիստոսը Սուրբ Երրորդության համագո (նույնաբնույթ) Անձերից է, Նա Հոր և Սուրբ Հոգու հետ արարել է Տիեզերքը, Նա է սկիզբն ու վախճանը, ամենայն ինչի արարիչը, հավիտենական կյանքը, պատկերն աներևույթ Աստծու:
Իսլամի մեջ, ի թիվս այլ նահապետների ու մարգարեների (Ադամ, Նոյ, Աբրահամ, Մովսես և ուրիշներ), Հիսուս Քրիստոսն ընդունվում է սոսկ որպես մարգարե:
 
Ուշ անտիկ, միջնադարյան մշակույթները հարուստ են Հիսուս Քրիստոսի տնօրինական-փրկչական գործունեության մեկնողական ու գրական-գեղարվեստական, պատկերագրական, ծիսաերաժշտական արտացոլման և վերարտադրման օրինակներով: Նրա կերպարը նշանակալի տեղ է գրավում համաշխարհային, ինչպես նաև հայ կերպարվեստում, կինոյում և գրականության մեջ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: