Իտալիան (իտալերեն` Italia), պաշտոնապես Իտալական Հանրապետություն (իտալերեն` Repubblica Italiana), երկիր է, որը գտնվում է Հարավային Եվրոպայում և զբաղեցնում է Իտալական թերակղզին և Միջերկրական ծովի երկու ամենամեծ կղզիները՝ Սիցիլիան և Սարդինիան։
Մակերևույթը գերազանցապես լեռնային է: Հյուսիսում Ալպերն են, Ապենինյան թերակղզիի երկայնքով ձգվում են Ապենինները: Կան գործող (Վեզուվ, Էտնա) և հանգած հրաբուխներ: Կլիման միջերկրածովյան մերձարևադարձային է: Ալպերը երկիրը պաշտպանում է հյուսիսային քամիներից: Այդ պատճառով էլ Իտալիայի մեծ մասում ձմեռը մեղմ է, իսկ ամռանն ուժեղ շոգեր չեն լինում: Հարավում նույնիսկ ձմռանը ցուրտ չէ:
Իտալիայի բնակչության ազգային կազմը միատարր է. 98%-ը իտալացիներ են, դավանանքը՝
կաթոլիկությունը: Կան նաև ֆրանսիացիներ, սլովեններ, ֆրիոլներ, հույներ, հայեր և այլք:
Պատմություն
Ապենինյան թերակղզին Հին Հռոմի օրրանն է՝ ստրկատիրական մի պետության, որը գոյատևել է մոտ մեկուկես հազարամյակ և եղել Հին աշխարհի հզոր երկրներից մեկը: V–VIII դարերում Իտալիայի տարածքը հաջորդաբար նվաճել են օստգոթերը (գերմանական ցեղ), Բյուզանդիան, լանգոբարդները (գերմանական ցեղ), ֆրանկները: XVI դարում երկրի տարածքի զգալի մասը գտնվում էր
Իսպանիայի, XVIII դարում՝
Ավստրիայի, իսկ XVIII դարի վերջին – XIX դարի սկզբին՝
Ֆրանսիայի գերիշխանության տակ: Միջին դարերում Հյուսիսային Իտալիայով էին անցնում Եվրոպայից դեպի Մերձավոր Արևելք տանող առևտրական ճանապարհները, ինչը նպաստեց իտալական վաճառաշահ քաղաք-պետությունների, հատկապես Վենետիկի և Ջենովայի հանրապետությունների բուռն զարգացմանը: Թերակղզու տնտեսական զարգացմանը մեծապես խանգարեց մի քանի դար տևած երկրի մասնատվածությունը փոքրիկ պետությունների: Եվ միայն 1870 թ-ին` երկարատև պատերազմներից հետո, թերակղզուց դուրս քշվեցին օտարերկրյա (սկզբում՝ ֆրանսիական, ապա՝ ավստրիական) զորքերը, և հիմնականում ավարտվեց Իտալիայի միավորումը մեկ միասնական թագավորության մեջ: Երկրի անկախության համար պայքարը գլխավորում էր Իտալիայի ժողովրդական հերոս Ջուզեպե Գարիբալդին:
Առաջին համաշխարհային պատերազմից հետո, 1922 թ-ին (ավելի շուտ, քան Գերմանիայում), իշխանության գլուխ անցան ֆաշիստները՝ Բենիտո Մուսոլինիի գլխավորությամբ: Հիտլերյան Գերմանիայի հետ սերտ համագործակցությամբ՝ Իտալիան մասնակցեց Երկրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծմանը, իսկ 1941թ-ին իտալական զորքերը գերմանական բանակի հետ ներխուժեցին Խորհրդային Միություն:
1945 թ-ի ապրիլին Իտալիա մտան անգլո-ամերիկյան դաշնակից զորքերը, և 1946 թ-ին այնտեղ հռչակվեց հանրապետություն: Այժմ, նախկին թագավորի փոխարեն, իտալական պետության գլուխը նախագահն է: Բարձրագույն օրենսդիր իշխանությունը պատկանում է խորհրդարանին, որը բաղկացած է Պատգամավորների պալատից ու Սենատից:
Իտալիան «Մեծ ութնյակի» առաջատար պետություններից է, ունի զարգացած արդյունաբերություն ու գյուղատնտեսություն: Արտադրում են ավտոմեքենաներ, մոտոցիկլներ, նավեր, օդանավեր, էլեկտրատեխնիկական և քիմիական զանազան ապրանքներ, օծանելիք, կոշիկ և այլն:
Գյուղատնտեսություն
Գյուղատնտեսության մեջ գերակշռում է երկրագործությունը: Մշակում են խաղող (բերքատվությամբ առաջինն է աշխարհում), հացահատիկային բույսեր, եգիպտացորեն, բրինձ, շաքարի ճակընդեղ, նարինջ, կիտրոն, ձիթապտուղ:
Իտալիան արտահանում է գինի, ցիտրուսներ ու բանջարեղեն, սննդհամի զանազան արտադրանքներ:
Իտալիան աղքատ է ածխից ու երկաթի հանքաքարից, բայց բավական հարուստ է սնդիկով, ծծմբով, գազով, մարմարով: Էլեկտրաէներգիայի կեսից ավելին տալիս են հյուսիսային գետերի վրա կառուցված ջրէկները: Էլեկտրաէներգիա ստանալու համար լայնորեն օգտագործվում են նաև ստորերկրյա տաք ջրերը: Գործում են մի քանի ատոմային էլեկտրակայաններ: Բազմազան ու բազմատեսակ են հանգստի ու զբոսաշրջության պաշարները: Տարեկան Իտալիա է այցելում շուրջ 35 մլն զբոսաշրջիկ:
Ճարտարապետություն
Իտալիայի հնագույն քաղաքներն իրենց հրաշալի ճարտարապետական հուշարձաններով ու արվեստի գանձարաններով հայտնի են ողջ աշխարհին: Ամենախոշոր և հին քաղաքը մայրաքաղաք Հռոմն է: Ըստ ավանդության՝ Հռոմ անունը (իտալերեն՝ Ռոմա) առաջացել է քաղաքի ավանդական հիմնադիր Հռոմուլոսի (Ռոմուլոս) անունից: Իսկ քաղաքի խորհրդանիշը մանուկներին կերակրող գայլն է, որովհետև, ավանդության համաձայն, Հռոմուլոսին ու նրա եղբայր Հռեմոսին կերակրել է գայլը՝ Տիբեր գետի ափամերձ մի բլրի ստորոտում գտնվող քարայրում:
Ապենինյան թերակղզու արևելյան մասում, Ադրիատիկ ծովի ափին, 118 կղզիների վրա է գտնվում նավահանգստային քաղաք Վենետիկը: Այստեղ փողոցներին փոխարինում են ջրանցքները: Վենետիկի Հանրապետության ծաղկուն շրջանում հարուստ վաճառականները քաղաքում կառուցել են շքեղ պալատներ (պալացցոներ), փառահեղ տաճարներ, կղզիները միմյանց հետ միացրել են նրբաճաշակ, գեղեցիկ կամուրջներով: Բայց «Ադրիատիկի մարգարիտ», «Նեպտունի մայրաքաղաք» Վենետիկն այսօր վտանգված է. այն դանդաղ ընկղմվում է ծովի մեջ, որի ալիքները երբեմն-երբեմն արդեն հասնում են քաղաքի կենտրոն:
Առնո գետի ափին է գտնվում Պիզա քաղաքը, որը հայտնի է իր ճարտարապետությամբ: Պիզայի կենտրոնի մեծ հրապարակում, որին տեղացիներն անվանակոչել են «Հրաշքների հրապարակ», գտնվում է իտալական ճարտարապետության գլուխգործոց Տաճարների համալիրը՝ Մկրտարանը, Կաթողիկեն և Կամպանիլան՝ «ընկնող» աշտարակը:
Պիզայի «ընկնող» աշտարակը կառուցվել է քարից ու մարմարից, բարձրությունը 58 մ է, կշռում է 15 հզ. տ: Բնահողը ծանրության տակ նստվածք է տվել, և, շինարարությունը դեռևս չավարտված, այն սկսել է թեքվել: Այսօր շեղումն արդեն կազմում է 5 մ 22 սմ: Պիզայի աշտարակի հիմնադրումից անցել է ավելի քան 8 դար, իսկ այն շարունակում է «ընկնել»՝ զարմանք պատճառելով հազարավոր զբոսաշրջիկների:
Առնո գետի ափերին է փռված նաև երկրի հնագույն և ամենագեղեցիկ քաղաքներից մեկը՝ Ֆլորենցիան: Վերածննդի դարաշրջանում այս քաղաքը արվեստի և գիտության կենտրոն էր: Այստեղ ծնվել, ապրել կամ աշխատել են Իտալիային համաշխարհային հռչակ բերած նկարիչ Ջոտտոն, գիտնական ու նկարիչ Լեոնարդո դա Վինչին, քանդակագործ ու նկարիչ Միքելանջելո Բուոնարոտին, բանաստեղծներ Դանտեն ու Պետրարկան, ֆիզիկոս Գալիլեո Գալիլեյը:
Նեապոլի ծոցի ափին տարածված է գեղատեսիլ Նեապոլը, որտեղ օրնիբուն ելումուտ են անում աշխարհի տարբեր երկրների դրոշներով առևտրական նավեր: Օդն այստեղ գրեթե միշտ թափանցիկ է, և քաղաքի ցանկացած կետից երևում է ընդամենը 12 կմ հեռավորության վրա գտնվող Վեզուվ գործող հրաբուխը: 79 թ-ին Վեզուվի ժայթքումից կործանվել են Պոմպեյը, Հերկուլանումը և Ստաբիան:
Նշանավոր են նաև Իտալիայի երկրորդ արդյունաբերական քաղաք Տուրինը (այստեղ է գտնվում աշխարհում 15-րդ, իսկ Իտալիայում՝ 2-րդ «ՖԻԱՏ» ավտոմոբիլային կոնցեռնի գլխամասային գործարանը), Ջենովան (ամենախոշոր նավահանգիստը), Միլանը (աշխարհին հայտնի է իր հռչակավոր «Լա Սկալա» օպերային թատրոնով): Իտալիան քաղաքակրթության այն օջախներից է, որտեղ ավելի շատ փոփոխություններ են տեղի ունեցել, քան Եվրոպայի որևէ այլ երկրում: Այդ առումով Իտալիան անցյալի նյութական և ազգային հոգևոր մշակույթի բացառիկ թանգարան է: Այստեղ են հիմնվել աշխարհում առաջին բուսաբանական այգիները (Վենետիկ, Սալեռնո, XIV դար): Իտալիան ակնոցի (XIII դար), վերմիշելի, մակարոնի հայրենիքն է: Աշխարհում առաջին անգամ գիտությունների դոկտորի աստիճան է շնորհել Բոլոնիայի համալսարանը (1130 թ-ին): Բոլորին են ծանոթ Մարկո Պոլոյի, Ջորդանո Բրունոյի, Գալիլեո Գալիլեյի, Քրիստափոր Կոլումբոսի, Ամերիգո Վեսպուչիի, Ավոգադրոյի անունները: Իտալիայում էր, որ ծաղկեց Վերածնունդը: Այս և հետագա ժամանակաշրջաններում ապրել ու ստեղծագործել են Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Ռաֆայելը, Տիցիանը, Պետրարկան, Ռոսսինին, Պագանինին, Վերդին, որոնց անմահ ստեղծագործությունները հանրահայտ են ամբողջ աշխարհում: