Հանրագիտարան

Արմավիրի մարզ

Մարզկենտրոնը`   Արմավիր
Մարզի կազմավորման թիվը՝ ապրիլի 12, 1995թ.
Տարածաշրջանները`   Արմավիրի շրջան, Բաղրամյանի շրջան, Էջմիածնի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   94 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   95 բնակավայր
Ընդհանուր տարածք`   1,242 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.01.2002թ. տվյալների)`   323,300
Բնակչության խտությունը`   260.3/կմ²
Փոստային ինդեքս`   0901-1149
ISO 3166-2`   AM.AV
FIPS 10-4`   AM03

Հայաստանի Հանրապետությունում տարածքի մեծությամբ ամենափոքր մարզը Արմավիրի մարզն է : Այստեղ է գտնվում Արաքս գետի միջին հոսանքում կառուցված առայժմ միակ ավտոճանապարհային կամուրջը (Մարգարա գյուղի մոտ), որը Հայաստանի Հանրապետությունը միացնում է Թուրքիային:

Արմավիրի մարզի բնական պայմանները և հարստությունները
 
Արմավիրի մարզի կլիման խիստ չորային է: Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները:
Միակ գետը, որ սկսվում է մարզի սահմաններում, Մեծամորն է (Սևջուրը), որը սնվում է Այղր լճից ու նրա մերձակա աղբյուրներից: Մեծամորի միակ խոշոր վտակը Քասաղն է: Գարնանը սահմանային Արաքսի, ինչպես նաև Քասաղի հորդացած ջրերը դուրս են գալիս ափերից ու ավերածությունների պատճառ դառնում:
Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով: Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը:
Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշթիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը`   Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչև նոր մայրաքաղաքի`   Արտաշատի հիմնադրումը:
Դրանից քիչ արևմուտք`   Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են այլ նշանավոր քաղաքի`   Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի`   Երվանդաշատի փլատակները:
Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է ներկայացնում նաև Սարդարապատի հուշահամալիրը:
 
Մարզի բնակչությունը
 
Արմավիրի մարզը բնակչության բացարձակ թվով գրավում է միջին տեղ, բայց առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, ուստի և նրա մեծ մասը ապրում է գյուղերում:
 
Արմավիրի մարզի քաղաքները
 
Արմավիրի մարզկենտրոնն է Արմավիրը (նախկինում`   Սարդարապատ, ապա Հոկտեմբերյան): Այն Հայաստանի երիտասարդ ու արագ զարգացող քաղաքներից է: Մարզի աբողջ տարածքի նկատմամբ կենտրոնական դիրք ունի, գտնվում է Երևան-Վաղարշապատ-Արագած-Գյումրի կարևոր ավտոխճուղու վրա: Քաղաքում գործում են երկու տասնյակից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ, կրթամշակութային ու առողջապահական`   մարզային նշանակության հիմնարկներ:
Մարզում, ամբողջ երկրում և համայն հայության կյանքում իր բացառիկ նշանակությամբ առանձնանում է Վաղարշապատ (1945-1995թթ. կոչվել է Էջմիածին) քաղաքը: Բացառիկ է նրա հոգևոր մշակութային նշանակությունը: Այդ առումով Վաղարշապատը ոչ միայն համահայաստանյան, այլև համահայկական կենտրոն է: Շնորհիվ այն բանի, որ այստեղ գտնվում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, Վաղարշապատը համայն հայության հոգևոր-կրոնական կենտրոնն է և Ամենայն Հայոց կաթողիկոսության ու Հայոց կաթողիկոսի աթոռանիստը: Մայր տաճարին կից գործում է Հոգևոր ճեմարանը, որը Հայ Առաքելական եկեղեցու ծառայողներ է պատրաստում Հայաստանի և սփյուռքի համար:
Երկրի էկոնոմիկայում Արմավիրի մարզի տեղը և դերը որոշող գլխավոր ճյուղը էլեկտրաէներգետիկան է`   հանձին Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանի: Դա գտնվում է մարզկենտրոնից ոչ հեռու, Մեծամոր քաղաքում, որը կառուցվել է ատոմային էլեկտրակայանին սպասարկելու համար:
Արմավիրի մարզում տարածված է միջատի մի տեսակ, որից հնում ստանում էին «որդան կարմիր» արժեքավոր ներկը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: