Դիմորդի անկյուն

ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարան

Պետական ԲՈՒՀ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանը կազմավորվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության թիվ 279 որոշմամբ, 1994 թվականի հունիսի 24-ին` որպես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բազմաբնույթ ռազմական հրամանատարական ուսումնարան:


Հայաստանի Հանրապետության Կառավարության թիվ 24 որոշմամբ 1998 թվականի հունվարի 16-ից ՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը վերակազմավորվել է Ռազմական ինստիտուտի, որն էլ 1998թ. տվել է իր առաջին 4-ամյա կրթությամբ շրջանավարտները:
Հայաստանի Հանրապետության Նախագահի թիվ 98 հրամանագրով 1999 թվականի դեկտեմբերի 27-ից ռազմական ինստիտուտը անվանակոչվել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի անունով:
2001թ-ից Ռազմական ինստիտուտն անցել է երկու՝ մոտոհրաձգային և հրետանային մասնագիտություններով սպայական կադրերի պատրաստմանը: 2004թ-ից Ռազմական ինստիտուտում գործում է նաև սպաների որակավորման բարձրացման և ռազմամասնագիտական ուսուցման կենտրոնը, որտեղ իրենց մասնագիտական գիտելիքներն են կատարելագործում ԶՈՒ-ում ծառայություն անցնող սպաները:

2003թ-ից ինտեգրվելով պետական բուհերի համակարգում՝ Ռազմական ինստիտուտը դարձել է հանրապետության պետական բուհերի լիիրավ անդամ: 2013թ-ից գործում է հրամանատարաշտաբային ֆակուլտետը (մագիստրատուրա), որտեղ մեկնարկել են «Միավորումների և զորամասերի կառավարում» մասնագիտությամբ՝ «Միավորումների և զորամասերի կառավարում» մագիստրոսի որակավորմամբ միամյա դասընթացները: ՀՀ պաշտպանության նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 1356 հրամանով հրամանատարաշտաբային ֆակուլտետը վերանվանվել է «Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետ»:

2014-2015 ուստարում իր պատմության մեջ առաջին անգամ Ռազմական համալսարանը ունեցել է նաև իգական սեռի դիմորդներ, որոնց ընդունելության կարգը սահմանվել է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի ապրիլի 28-ի թիվ 446 որոշմամբ Ռազմական ինստիտուտը վերահայտարարվել է՝ դառնալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան» պետական հիմնարկ:

2017 թ.-ից մեկնարկել են համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման աշխատանքները:

Միջազգային համագործակցությունը, հատկապես 2003 թ.-ին և 2008թ. աշնանը ՆԱՏՕ-ի կողմից «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված զորավարժություններին մասնակցությունը հնարավորություն ստեղծեցին յուրացնելու միջազգային բանակաշինության առաջավոր փորձը:

Փորձի փոխանակման լավագույն աղբյուր են նաև տարբեր ժամանակներում ՀԱՊԿ անդամ երկրների, ՆԱՏՕ-ի անդամ երկրների, Չինաստանի, Իրանի և այլ երկրների հետ ռազմական պատվիրակությունների փոխադարձ այցելությունները, որոնք իրենց զգալի ավանդն են ունեցել ռազմական կրթական համակարգի կատարելագործման և միջազգային համագործակցության ոլորտում:

Համալսարանի շրջանավարտներն օգտվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից` բնակարանային ապահովում, անվճար բուժօգնություն (այդ թվում` նրանց ընտանիքի անդամները), առողջարանային հանգիստ, անվճար տրանսպորտային սպասարկում, երկարամյա ծառայության կենսաթոշակ:

Ռազմական համալսարանում կրթությունն իրականացվում է հետեւյալ մասնագիտություններով՝

բակալավրիատում`

♦ ինժեներասակրավորային ստորաբաժանումների կառավարում,

♦ հետախուզական ստորաբաժանումների կառավարում,

♦ հրետանային ստորաբաժանումների կառավարում,

♦ մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում,

♦ տանկային ստորաբաժանումների կառավարում:

մագիստրատուրայում`


♦ համազորային միավորումների և զորամասերի կառավարում,

♦ հրետանային միավորումների և զորամասերի կառավարում:

լրացուցիչ կրթական ծրագրերում՝

♦ «Կապիտան», «Մայոր», «Փոխգնդապետ» հաստիքապաշտոնային կոչումներով սպաների 12 և 21-շաբաթյա վերապատրաստում և որակավորման բարձրացում,

♦ քաղաքացիական բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող կրտսեր և ավագ ենթասպայական կազմից 5-ամսյա պատրաստության ծրագրով դասակի հրամանատարների պատրաստում,

♦ ՀՀ քաղաքացիական բուհերի շրջանավարտների 1-ամյա պատրաստության ծրագրով դասակի հրամանատարների պատրաստում,

♦ ՀՀ քաղաքացիական բուհերի ուսանողների 2,5-ամյա կրթական ծրագրով դասակի հրամանատարների պատրաստում:

ՊԵՏ` Խ. Խաչատրյան
ՀԱՍՑԵ` ՀՀ, ք. Երևան, Նոր Նորքի 6-րդ միկրոշրջան, Շոփրոնի փող., 77 շենք
ՀԵՌԱԽՈՍ` (+374 10) 66 22 02
ԷԼ.ՀԱՍՑԵ` [email protected]
ԿԱՅՔ`www.mil.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: