Դիմորդի անկյուն

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

Պետական ԲՈՒՀ

Հայաստանում  ճարտարապետաշինարարական բարձրագույն կրթությունը սկիզբ է առել 1921 թվականի հոկտեմբերից`
Երևանի պետական համալսարանի ստեղծման հետ միասին, որի տեխնիկական ֆակուլտետում բացվել են
ինժեներաճարտարապետական և ինժեներահիդրոտեխնիկական մասնագիտությունները: 1927 թ. փետրվարին այդ
մասնագիտություններն անվանափոխվեցին. առաջինը վերանվանվեց «քաղաքացիական շինարարություն», իսկ երկրորդը`
«ճանապարհների և հիդրոտեխնիկական կառուցվածքների շինարարություն»:
 
1928 թ. տեխնիկական ֆակուլտետն ավարտած առաջին յոթ շրջանավարտները ստացան ճարտարապետի որակավորում:
Ֆակուլտետը երկրորդ անգամ շրջանավարտներ է տվել 1930 թվականին` 10 ինժեներ-ճարտարապետներ և 22 ինժեներ-
հիդրոտեխնիկներ:
 
1930 թ. հուլիսին համալսարանի տեխնիկական ֆակուլտետի հիմքի վրա ձևավորվեց  ՀԽՍՀ շինարարական ինստիտուտը, որի
կազմակերպիչն ու առաջին տնօրենը դարձավ ճարտարապետության անվանի գործիչ Միքայել Մազմանյանը: Շինարարական
ինստիտուտն ուներ երեք ֆակուլտետ` ճարտարապետաշինարարական, հիդրոտեխնիկական և քիմիական: 1933 թ.
ինստիտուտում մնացել էր մեկ ֆակուլտետ (հիդրոտեխնիկականը վերացվել էր, իսկ քիմիատեխնոլոգիականը դարձել էր
առանձին ինստիտուտ), որտեղ ընդգրկված էին 354 ուսանող և 61 դասախոս:

1933 թ. փետրվարին շինարարական ինստիտուտը վերակազմավորվեց պոլիտեխնիկականի` ընդգրկելով նաև մինչ այդ
առանձին գոյություն ունեցող քիմիատեխնոլոգիական ինստիտուտը: Հանրապետության տնտեսական ու սոցիալական
զարգացման ուղիներին ու պահանջներին համապատասխան` տարեցտարի ընդլայնվեց շինարարական ֆակուլտետի
մասնագիտությունների ցանկը, ավելացավ դիմորդների թիվը:
Պատերազմի տարիներին մի շարք մասնագիտությունների գծով կազմակերպվեց ասպիրանտուրա, ինստիտուտը ստացավ
գիտական ատենախոսությունների պաշտպանության իրավունք:

1955թ. սեպտեմբերից շահագործման հանձնվեց ճարտարապետ Արտաշես Մամիջանյանի նախագծով կառուցված
պոլիտեխնիկական ինստիտուտի նոր համալիրի կենտրոնական մասնաշենքը:

1959թ. շինարարական ֆակուլտետում գոյություն ուներ 6 մասնագիտություն` «արդյունաբերական և քաղաքացիական
շինարարություն», «ճարտարապետություն», «հիդրոտեխնիկական շինարարություն», «ավտոմոբիլային շինարարություն»,
«ջրամատակարարում և կոյուղի», «ջերմագազամատակարարում»: Շինարարական ֆակուլտետը միշտ ճանաչվել է իր
ուսումնաարտադրական և գիտահետազոտական բեղմնավոր գործունեությամբ: Հանրապետության արդյունաբերական և
շինարարական գրեթե բոլոր խոշոր կառույցներն, ինչպես նաև ԽՍՀՄ մի շարք խոշոր օբյեկտներ  իրականացվել են
շինարարական ֆակուլտետի սաների միջոցով: 1974 թ. մայիսին շինարարական ֆակուլտետի հիմքի վրա ձևավորվեցին
ճարտարապետաշինարարական և ինժեներաշինարարական ֆակուլտետները: Ճարտարապետաշինարարական ֆակուլտետի
կազմի մեջ մտան «ճարտարապետություն», «արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն», «շինարարական
կոնստրուկցիաների և շինվածքների արտադրություն», «շինարարության էկոնոմիկա և կազմակերպում»
մասնագիտությունները: Ինժեներաշինարարական ֆակուլտետում դասավանդվում էին «գետային կառուցվածքների և
հիդրոէլեկտրակայանների հիդրոտեխնիկական շինարարություն», «ջերմագազամատակարարում և օդափոխություն»,
«ջրամատակարարում և կոյուղի», «ավտոմոբիլային ճանապարհներ», «կամուրջներ և թունելներ» մասնագիտությունները:
Հայաստանում ինժեներական կադրերի պահանջը բավարարելու և ուսուցման գործընթացը մայրաքաղաքից հեռու
բնակվողներին մատչելի դաձնելու նպատակով 1959 թվականին Գյումրիում և Վանաձորում ստեղծվեցին Երևանի
պոլիտեխնիկական ինստիտուտի մասնաճյուղերը: Գյումրիի մասնաճյուղում 1960թ. կազմակերպվել է ուսուցում
«արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» մասնագիտության գծով` սկզբում հեռակա, 1966 թվականից`
երեկոյան, իսկ 1967 թվականից` ցերեկային բաժիններում: Վանաձորի մասնաճյուղում «արդյունաբերական և
քաղաքացիական շինարարություն» մասնագիտությունը բացվեց սկզբում երեկոյան ուսուցման բաժնում 1960-61 ուս.
տարում: 1963-64 ուս.  տարում այն կազմակերպվեց նաև մասնաճյուղի ցերեկային, 1964-65 ուս. տարում` երեկոյան
բաժիններում:

Սկսած 1920-ական թվականներից` տեխնիկական ֆակուլտետի ընդունելության պլաններում ամեն տարի որոշակի տեղեր էին
հատկացվում արտասահմանցի հայ երիտասարդների ուսուցման համար: Ֆակուլտետում և հետագայում պոլիտեխնիկական
ինստիտուտում սովորել են մեծ թվով սփյուռքահայ երիտասարդներ Լիբանանից, Սիրիայից, Իրաքից, Իրանից, Հորդանանից,
Բուլղարիայից, Կիպրոսից, Եգիպտոսից, Եթովպիայից, Ուրուգվայից, Արգենտինայից, Թուրքիայից և այլ երկրներից:

Հայկական ԽՍՀ նախարարաների խորհրդի` 1989 թ. հուլիսի 11-ի որոշմամբ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի
համապատասխան ֆակուլտետների և ամբիոնների հիմքի վրա ստեղծվեց Ճարտարապետաշինարարական ինստիտուտը, որը
2000 թ. հուլիսին վերանվանվեց Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, իսկ 2014
թվականին` Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան:

http://nuaca.am/%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AC%D5%BD%D5%A1%D6%80%D5%A
1%D5%B6

Առանձին բուհի ստեղծման նպատակը ճարտարապետների և քաղաքաշինության բնագավառի մասնագետների պատրաստման
որակի հետագա բարելավումն էր, ինչպես նաև շինարարության և հայկական ճարտարապետաշինարարական գիտության
հետագա զարգացումը:
Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի առաջին ռեկտորն է եղել տեխնիկական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեստ Բեգլարյանը: 2006 թվականից համալսարանի ռեկտորն էր տեխնիկական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը:

2014 թվականից համալսարանի ռեկտորն է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Գալստյանը:

2016 թ. հոկտեմբերին նշվեց  ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 95-ամյա
հոբելյանը, որին  մասնակցեցին հանրապետության բուհերի ներկայացուցիչները, ԱՊՀ երկրների պատվիրակները, հյուրեր
ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Իտալիայից և այլ երկրներից:
Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետից մինչև ներկայիս Հայաստանի ճարտարապետության և
շինարարության ազգային համալսարանն ընկած 97 տարիներին ճարտարապետաշինարարական մասնագիտությունների գծով
բուհը տվել է  է շուրջ 30 հազար շրջանավարտ, որոնցից շատերն իրենց ներդրումն են ունեցել երկրի
ճարտարապետաշինարարական վերելքի գործում, դարձել գիտաշխատողներ, ուսումնական, նախագծային և շինարարական
գործի հմուտ կազմակերպիչներ, ղեկավարել են ոլորտի զարգացման ընթացքը: Սկսած 1966 թվականից` Հայաստանում
ճարտարապետի և շինարարի որակավորում են ստացել շուրջ 967 արտասահմանցի երիտասարդներ, որոնք, աշխատելով
աշխարհի տարբեր երկրներում, բարձր են պահում իրենց կրթօջախի պատիվը` բերելով նրան լայն ճանաչում:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտնի է  աշխարհի
ճարտարապետաշինարարական մասնագիտությամբ լավագույն բուհերի շարքում: Դրա վկայությունն այն է, որ համալսարանի
շրջանավարտները միշտ էլ առաջնակարգ տեղեր են գրավում միջազգային մրցույթներում և ստուգատեսներում, համալսարանի
դիպլոմն այսօր ճանաչվում է աշխարհի մի շարք առաջավոր երկրներում:


ՌԵԿՏՈՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` Ե․ Վարդանյան
ՀԱՍՑԵ` 0009, ք.Երևան, Տերյան 105
ՀԵՌԱԽՈՍ` +374 10 54-74-25 , +374 10 58-72-84
ՖԱՔՍ` 58-72-84
ԷԼ.ՀԱՍՑԵ` [email protected]
ԿԱՅՔ` www.nuaca.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: