Դիմորդի անկյուն

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան տարածաշրջանում կրթական և մշակութային խնդիրների լուծման գործում մեծ տեղ ու դեր ունի Երևանի պետական համալսարանի միակ` Իջևանի մասնաճյուղը: ԵՊՀ-ի ուսումնական ծրագրերով, հիմնականում մայր ԲՈՒՀ-ից գործուղված պրոֆեսորադասախոսական անձնակազմի ուժերով և Բոլոնիայի գործընթացով ուսումնառություն իրականացնող մասնաճյուղը պատասխանատվության բարձր զգացումով և պատշաճ մակարդակով է իրականացնում իր կրթական-դաստիարակչական առաքելությունը, մարզի բնակչության համար այնքան երազած, կարևոր ու այնքան անհրաժեշտ կրթօջախի հիմնախնդիրները:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հիմնադրվել է 1994թ.` Իջևանի տարածաշրջանային քոլեջի բազայի վրա:
Ելնելով բարձրագույն կրթության զարգացման հեռանկարներից և ՀՀ հյուսիսարևելյան շրջանների կադրային պահանջներից, հաշվի առնելով ժողպատգամավորների Իջևանի շրջանային խորհրդի խնդրանքը (նախագահ Ջ.Գ.Անանյան)` ՀՀ բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի կոլեգիան 1991թ. հոկտեմբերի 10-ին որոշում է Իջևանում ստեղծել տարածաշրջանային բազմաճյուղ քոլեջ:
Տնօրեն է հաստատվում ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորՀամլետ Սուրենի Կարայանը: Ճշտվում են կրթօջախի կարգավիճակն ու կառուցվածքը:
1991թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ ԲԿԳ պետական կոմիտեի կոլեգիան որոշում է կայացնում հաստատության գործունեությունը ծավալել հետևյալ ֆակուլտետներով`
• բնական գիտությունների ֆակուլտետ
• տնտեսագիտության ֆակուլտետ
• հումանիտար գիտությունների և կիրառական արվեստի ֆակուլտետ
Հաստատության կանոնադրությամբ, որը ՀՀ ԲԿԳ կոմիտեն հաստատեց 1991-ի նոյեմբերի 11-ին, սահմանված էր, որ Իջևանի տարածաշրջանային քոլեջը «բարձրագույն ուսումնական և գիտական պետական հաստատություն է, որը ՀՀ հյուսիսարևելյան շրջանի մայր ԲՈՒՀ-ն է և իրականացնում է կրթության շարունակականության և ուսուցման ձևերի այլընտրական սկզբունքները գլխավորապես բարձրագույն կրթության քառաստիճան համակարգի երկրորդ աստիճանին համապատասխան»: Նորաստեղծ կրթօջախը ներառում էր հիմնականում պետբյուջետային հիմունքներով գործող բաժիններ, սակայն ժամանակի ոգուն համապատասխան արտոնված էր նաև տնտհաշվարկի և ինքնաֆինանսավորման սկզբունքներով իրագործելու օժանդակ գործունեություն` կրթության ու գիտության ասպարեզներում:
Ըստ ժամանակավոր կանոնադրության` քոլեջը կոչված էր ՀՀ հյուսիսարևելյան շրջաններում բարձրացնել գիտամշակութային, քաղաքական և տնտեսական մակարդակը` այնտեղ ստեղծելով արդիական կայուն և բարձրակարգ գիտամշակութային մթնոլորտ, մտավորականության տեղական դպրոց, կասեցնել սահմանամերձ շրջաններից երիտասարդության արտահոսքը, պատրաստել խոր գիտելիքներով և բազմակողմանի ունակություններով օժտված, ազգային և համամարդկային մշակույթի ավանդներին նվիրված մասնագետներ, նպաստել առավել աչքի ընկնող ուսանողների ուսման շարունակմանը` բարձրագույն կրթության համակարգի հետագա աստիճաններում:
1991թ. դեկտեմբերի 9-ին արձակվում են ուսումնական գործին վերաբերվող անդրանիկ հրամանները: Նույն օրն էլ տնօրեն Հ.Կարայանի ողջույնի խոսքով տեղի է ունենում կրթօջախի առաջին զանգի հանդիսավոր արարողությունը:
Ուսումնական գործընթացը կազմակերպելու համար Իջևանի տարածաշրջանային քոլեջի պրոֆեսորադասախոսական հիմնական կազմը հրավիրվում է մայրա-քաղաքից: Նրանց թվում էին ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գրիգոր Ավագյանը, գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Վալերի Տեր-Անտոնյանը, Ռոլանդ Ավագյանը, Մարտին Աբրահամյանը, Իշխան Խաչատրյանը, Վիդոկ Մուսոյանը, Յուրի Մովսիսյանը, Արտաշես Պապոյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Միքայել Հովսեփյանը, Վլադիմիր Աբրահամյանը, նաև գիտությունների տասնյակ թեկնածուներ:
ՀՀ կառավարության 1992թ. հունվարի 11-ի որոշմամբ նոր կրթօջախը պիտի ունենար չորս ֆակուլտետ`
• բնական գիտությունների ֆակուլտետ
• տնտեսագիտության ֆակուլտետ
• հումանիտար գիտությունների ֆակուլտետ
• կիրառական արվեստի ֆակուլտետ
Գիտական խորհրդի որոշմամբ ֆակուլտետների կազմում ձևավորվեցին մասնագիտական ամբիոններ: Ամբիոնների քանակը և անվանումները ժամանակի ընթացքում փոփոխվել են որևէ այլ մասնագիտության կադրերի պատրաստումը սկսելու կամ դադարեցնելու հիմնավորումով:
Քոլեջի կանոնադրությանը համապատասխան` գործում էր ուսումնառության երկաստիճան համակարգ: Այսինքն` «լավ» և «գերազանց» գնահատականներ ստացած ուսանողները 3-րդ կուրսից կարող էին շարունակել մասնագիտական կրթությունը բուհական ծրագրերով և ստանալ բակալավրի դիպլոմ: Ցածր առաջադիմությամբ սովորող ուսանողները, 3-րդ կուրսում ստանալով ամփոփիչ մասնագիտական կրթություն և ավարտելով եռամյա դասընթացները, ստանում էին դիպլոմ` կրտսեր մասնագետի որակավորմամբ:
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղն ազգային և տարածաշրջանային դերակատարությամբ կրթական և գիտամշակութային հաստատություն է, որի հիմնական առաքելությունը գիտելիքի ստեղծումը, առավելապես փոխանցումը և տարածումն է հայագիտության, մշակույթի, հումանիտար, սոցիալտնտեսական և բնական գիտությունների ուղղություններով: Իրականացնելով աշխատաշուկայում պահանջված բակալավրական ու մագիստրոսական մասնագիտությունների կրթական ծրագրեր, ստեղծելով ուսանողակենտրոն միջավայր, կիրառելով ուսուցման ժամանակակից եղանակներ և որակի ապահովման կառուցակարգեր` մասնաճյուղը նպաստում է տարածաշրջանը անհրաժեշտ մասնագետներով համալրելուն և մշակութային կյանքի զարգացմանը:

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը (ԵՊՀ ԻՄ կամ Մասնաճյուղ) ձգտում է տրամադրել որակյալ կրթական ծրագրեր, իրականացնելու նորարարական ուսանողամետ ուսուցում, խրախուսում է կատարելության սկզբունքները սովորողների և աշխատողների շրջանում: ԵՊՀ ԻՄ-ը ձգտում է դառնալու այնպիսի հաստատություն, որը՝

– ուսանողներին առաջարկում է համակողմանի գիտելիք, կարողություններ և հմտություններ ապահովող կրթական ծրագրեր` խարսխված հետազոտության, ստեղծագործ աշխատանքի ու նորարարության վրա և համահունչ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի հիմնարար սկզբունքներին,

– ապահովում է ուսանողների` բարոյական, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակումը,

– մատչելի է և ընտրության լայն հնարավորություններ է ընձեռում հասարակության ամենատարբեր շերտերին,

– ուսանողներին և աշխատողներին տրամադրում է բարձրորակ կրթություն և հետազոտություններ իրականացնելու համար անհրաժեշտ ժամանակակից ենթակառուցվածքներ և բարենպաստ միջավայր,

– իր գործունեության բոլոր բնագավառներում ապահովում է որակի անընդհատ բարելավում` բուհի գործուն և արդյունավետ վարչարարության և կառավարման միջոցով,

– տրամադրում է լրացուցիչ շարունակական կրթության և մասնագիտական խորհրդատվության ծառայություններ՝ հանրային պահանջարկին համապատասխան:

ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` Ա. Մակարյան
ՀԱՍՑԵ`Իջևան, Ուսանողական 3
ՀԵՌԱԽՈՍ` +374-263-32202, +374-263-40050, +374-263-40035
ԷԼ.ՀԱՍՑԵ`[email protected], [email protected]
ԿԱՅՔ` http://ijevan.ysu.am/

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: