Դիմորդի անկյուն

Երևանի «Հյուսիսային համալսարան»

Ոչ պետական ԲՈՒՀ

1996 թվականին հանրապետության մասնագիտական կրթության բնագավառում կրթության կազմակերպման ապակենտրոնացման նոր համակարգի ներդրման պայմաններում հիմնադրվեց և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության թույլտվություն ստացավ Հյուսիսային համալսարանը` իր առջև նպատակ դնելով ապահովել գիտականության, օրինապաշտության, մարդասիրության, հայրենասիրության և արդարացիության սկզբունքները:

Հիմնադրման պահից ի վեր բուհը ձեռնամուխ եղավ ինքնատիպ և համարձակ առաջադիմական ծրագրերի իրագործմանը` նպատակաուղղված, համակարգում հասանելի, որակյալ և մրցակցային կրթական պայմանների ձևավորմանն ու զարգացմանը: 1998 թ. բուհը համակարգում առաջիններից էր, որ կրթության որակի բարձրացման և մրցակցային կրթության պայմանների ապահովման նկատառումներից ելնելով՝ բուհի միջոցների հաշվին տեղեր հատկացրեց անվճար կրթության համար, որին հաջորդեց նաև ուսման առաջադիմության և սոցիալական տարբեր կրթաթոշակների սահմանումը, անվճար և վճարովի համակարգում սովորողների տեղակալման համակարգի ներդրումը:

Հիմնադրման առաջին տարիներից ակտիվ էր նաև համալսարանի կրթամշակութային առօրյան: Այսպես, 1998 թվականին հիմնանդրվեց «Հյուսիսային համալսարան» ամսագիրը, լրագրության ֆակուլտետի «Ուսումնասեր» պարբերականը, գործարկվեցին տարբեր մշակութային ակումբներ, կազմակերպվեցին կրթամշակութային և ռազմահայրենասիրական միջոցառումներ: Իր գործունեության ողջ ընթացքում համալսարանն անվերապահորեն ապահովել է կրթության նորմատիվային, այդ թվում՝ լիցենզավորման և հավատարմագրման համար սահմանված որակյալ գիտամանկավարժական կազմի, ուսումնամեթոդական և նյութատեխնիկական հագեցածության ապահովման պայմաններն ու պահանջները, ինչի շնորհիվ 2001 թ.-ին ստանալով պետական հավատարմագիր` բուհն իր բոլոր շրջանավարտներին հնարավորություն ընձեռեց արժանանալ պետական ավարտական փաստաթղթերի:

1996 - 2006 թթ. ժամանակահատվածը Հյուսիսային համալսարանի համար ձևավորման, ինքնահաստատման և շարունակական զարգացման ժամանակահատված էր, որը ամուր հիմք ապահովեց առաջիկա տարիների կայուն և առաջանցիկ զարգացման համար: 2006 թ. ոչ պետական բուհական համակարգում ունենալով 10-ամյա գործունեության փորձ` համալսարանը թևակոխեց որակական զարգացման նոր փուլ, որի շրջանակներում համալսարանի կողմից ձեռնարկված և իրականացված ծրագրային միջոցառումները մեծապես պայմանավորված էին Բոլոնիայի գործընթացի շրջանակներում, մասնավորապես, ECTS համակարգի ներդրման հետ կապված, հանրապետության կրթական համակարգի առջև ծառացած խնդիրներով և առաջադրված նախապայմաններով: Վերոնշյալի շրջանակներում 2006-2008թթ. համալսարանում մշակվեցին և ներդրվեցին ուսումնական գործընթացը կրեդիտային համակարգով կազմակերպելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, որոնցով կանոնակարգվեց Հյուսիսային համալսարանի ուսումնական գործընթացի` կրեդիտային համակարգով կազմակերպումը, սահմանվեց ուսումնական գործընթացում կրեդիտային համակարգի ներդրման և կիրարկման ընթացքում համալսարանի կառավարման օղակների ու պաշտոնատար անձանց լիազորությունները և պարտականությունները, ուսումնական գործընթացում կրեդիտային համակարգի ներդրման և իրականացման ընթացքում համալսարանի ուսանողների պարտականություններն ու իրավունքները: ECTS համակարգի լիարժեք ներդրումն իրականացնելու և կանոնակարգելու նպատակով հիմնադրվեց կրեդիտային կենտրոն, մշակվեց ECTS համակարգով ուսանողների գիտելիքների գնահատման էլեկտրոնային տարբերակ:

Կանոնակարգվեց Հյուսիսային համալսարանում կրեդիտային համակարգի պայմաններում ստուգարքների և քննությունների անցկացման գործընթացը, իրականացվեց ուսումնական պլանների կատարելագործում (ներդրվեց մոդուլավորման համակարգ), բարելավվեցին և արդիականացվեցին համալսարանում ուսուցանվող մասնագիտությունների առարկայական ծրագրերը:

Համալսարանի ուսումնամեթոդական քաղաքականության մշակման պատասխանատու օղակներում տեղի ունեցան կառուցվածքային փոփոխություններ, որի արդյունքում ձևավորվեց նոր ուսումնական վարչություն` իր կազմում ընդգրկելով ուսումնական մասը, կրեդիտային կենտրոնը և պրակտիկայի բաժինը: Բոլոնյան գործընթացի դրույթների համաձայն ուսանողակենտրոն ուսուցման կայացմանը նպաստելու նպատակով համալսարանում ամբիոններին կից ձևավորվեցին ուսանողական գիտական ընկերություններ: Առավել ակտիվացավ համալսարանի ուսխորհրդի մասնակցությունը համալսարանի ընթացիկ աշխատանքներին, որի արդյունքում, ուսխորհրդի անմիջական մասնակցությամբ և նախաձեռնությամբ հիմնադրվեց համալսարանի շրջանավարտների հետ հետադարձ կապի և շրջանավարտների համապատասխան մասնագիտական զբաղվածությանն աջակցող համապատասխան կառույցը` շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:

Միաժամանակ, նշված ժամանակահատվածում, համալսարանում իրականացվող ընդհանուր զարգացման ծրագրերին համապատասխան, ուսումնական գործընթացին աջակցելու, ուսանողներին ժամանակակից գրականությանն ու նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաներին հաղորդակից դարձնելու համար ստեղծվեց էլեկտրոնային գրադարան: Հովհ. Թումանյանի ծննդյան 140-ամյակին նվիրված տոնակատարությունների օրերին համալսարանում բացվեց «Վերնատուն» թումանյանագիտական կենտրոնը:

«Օտար լեզու և գրականություն» մասնագիտությամբ ուսումնական պարապմունքներն առավել արդյունավետ և ժամանակին համընթաց կազմակերպելու նպատակով ստեղծվեց լինգաֆոնային կաբինետ, իրավագիտություն մասնագիտությամբ սովորողների համար հիմնադրվեց կրիմինալիստիկայի լաբորատորիան, ժամանակակից սարքավորումներով և գույքով կահավորվեց մարզասրահը, կառուցվեց ժամանակակից տեխնիկայով հագեցված դահլիճ, որը յուրահատուկ որակ է հաղորդում համալսարանում տեղի ունեցող բոլոր հանդիսավոր միջոցառումներին: Համալսարանի պաշտոնական էլեկտրոնային կայքի գործարկումը հնարավորություն տվեց առավել հրապարակային դարձնել համալսարանի գործունեությանն առնչվող տեղեկատվությունը, ինչպես նաև, շնորհիվ էլեկտրոնային հետադարձ կապի ներդրման, հնարավոր եղավ առավել օբյեկտիվ վերհանել համալսարանի գործունեության, այդ թվում, ձեռքբերումների և հնարավոր բացթողումների վերաբերյալ հասարակական գնահատականը:

ՌԵԿՏՈՐ՝ Բ.Մակիչյան
ՀԱՍՑԵ՝ , ք. Երևան, Ալ. Մանուկյան 15ա
ՀԵՌ.՝ (+37410) 57-33-17, (+37410) 55-41-35
ԷԼ.ՀԱՍՑԵ՝ [email protected], [email protected]
ԿԱՅՔ՝ http://www.northern.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: