Դիմորդի անկյուն

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Պետական ԲՈՒՀ

ՀՀ նախարարների խորհրդի 1919թ. մայիսի 16-ին հաստատած օրենքով Երևանում հիմնվեց համալսարան՝ պատմալեզվաբանական, տնտեսաիրավաբանական, բժշկական, ֆիզիկամաթեմատիկական բաժիններով:

1930թ. Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետըի հիման վրա կազմավորվեց բժշկական ինստիտուտ: 1957թ. սփյուռքահայերի համար ստեղծված արտասահմանցի ուսանողների բաժինը հետագայում ընդլայնվեց, սկսվեց նաև
օտարերկրացիների ընդունելությունը: 1989թ. բուհն անվանակոչվեց միջնադարի անվանի բժշկապետ Մխիթար Հերացու անունով, իսկ 1995թ. ՀՀ կառավարության որոշմամբ ստացավ համալսարանի կարգավիճակ:

Համալսարանում ուսուցումը կատարվում է հայերեն, ռուսերեն, անգլերեն` ըստ համալսարանի և ուսանողի միջև կնքված պայմանագրի։

Գործում է կրթության երկաստիճան համակարգ՝ բակալավրիատ և մագիստրատուրա։
ԵՊԲՀ ընդունվում են միջնակարգ կրթություն ունեցող անձինք:

Ֆակուլտետներն են՝ ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, դեղագիտական, ռազմաբժշկական, հանրային առողջության, հետբուհական և շարունակական կրթության։ Գործում է նաև օտարերկրացիների ուսուցման դեկանատը:

Մագիստրատուրայում կարող է սովորել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի աստիճան ունեցողը:
Բակալավրիատում և մագիստրատուրայում առաջին կուրսերում ընդունելության կանոններով սահմանված մրցութային կարգով ընդունված ուսանողներին տրվում է ուսման վճարի լրիվ փոխհատուցում` նպաստի ձևով:

Համալսարանի ուսանողները բացառիկ հնարավորություն ունեն ստանալու նաև անվանական և հիմնադրամների սահմանած կրթաթոշակներ: Դրանց հավակնորդների մրցույթի համար սահմանվում են չափորոշիչներ:

Հետդիպլոմային և շարունակական բժշկական կրթության բաժնի հիման վրա 2011թ. հիմնադրվել է Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետը։

Առողջապահության ոլորտում բարձր որակավորում ունեցող բժիշկներ և դեղագետներ պատրաստելու համար Հայաստանի Հանրապետությունում սահմանված են մասնագիտացման հետևյալ ձևերը. ինտերնատուրա, կլինիկական օրդինատուրա և շարունակական մասնագիտական ուսուցում (ՇՄՈՒ):

Ինտերնատուրա
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության, ռազմաբժշկական, ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետների ուսանողները բազային կրթության ավարտից հետո ինքնուրույն աշխատանքի իրավունք ստանալու նպատակով, մասնագիտանում են ինտերնատուրայում: Ինտերնատուրայի տևողությունը 11 ամիս է և իրականացվում է «ընդհանուր գործունեության բժիշկ», «ստոմատոլոգ» և «դեղագետ» մասնագիտություններով՝ համաձայն համապատասխան ծրագրերի:

ԵՊԲՀ-ում ինտերնատուրա կարող են անցնել նաև այլ երկրների պետական բժշկական համալսարանների շրջանավարտները:

Կլինիկական օրդինատուրա
Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներին հնարավորություն է տրվում, շրջանցելով ինտերնատուրան, ԵՊԲՀ-ի ամբիոններում, 1-4 տարի տևողությամբ, մասնագիտանալ կլինիկական օրդինատուրայում համապատասխան ծրագրերով:

Երևանի Պետական Բժշկական Համալսարանում կլինիկական օրդինատուրա կարող են անցնել նաև այլ երկրների պետական բժշկական համալսարանների շրջանավարտները:

Շարունակական մասնագիտական ուսուցում (ՇՄՈՒ)

ՇՄՈւ կատարելագործման գործընթացի կազմակերպումն իրականացվում և վերահսկվում է Համալսարանի բուհական մասնագիտական և շարունակական կրթության բաժնի կողմից՝ պարբերաբար և արտահերթ այցելություններով, դասալսումներով և այլ միջոցառումներով:

ՇՄՈւ կատարելագործման դասընթացներն իրականացվում են համապատասխան ամբիոնների և բուհական մասնագիտական և շարունակական կրթության բաժնի հետ համատեղ մշակված, Համալսարանի ռեկտորի կողմից նախապես հաստատված ուսումնական ծրագրերով:
Դասընթացների ղեկավարներ են նշանակվում Համալսարանի ամբիոնների և կլինիկական հիվանդանոցների գիտական աստիճան ունեցող փորձառու մասնագետները:

Կատարելագործման ուսումնական ծրագրերը համապատասխան ամբիոնների կողմից վերանայվում են ոչ պակաս, քան 3 տարին մեկ` բժշկագիտության զարգացմանը համահունչ:

ՇՄՈւ կատարելագործման դասընթացների բազաներն են Համալսարանի համապատասխան անբիոնները, համալսարանական կլինիկական հիվանդանոցների կլինիկաները, համաբուժարաններն ու դեղատները:

Դասընթացները կազմակերպվում են վճարովի և անվճար հիմունքներով` ըստ համապատասխան լիազոր մարմնի պատվերների:

Կատարելագործման դասընթացների տևողությունը 1-3 ամիս է (120-360 ժամ):
ՇՄՈւ կատարելագործման դասընթացներին մասնակցող բժիշկը (դեղագետը) ՇՄՈւ ծրագրից կարող է ընտրել այն հարցերը, որոնք առավելագույնս համապատասխանում են իր մասնագիտական գործունեությանը` կազմելով ղեկավարի կողմից հաստատված անհատական պլան՝ համապատասխան ժամանակացույցով:

Բուժական հաստատությունում կատարելագործում անցնող բժիշկը մասնակցում է համայցերին, կլինիկական, ախտաբանա-անատոմիական, գիտագործնական կոնֆերանսներին, սեմինարներին, կոնսուլտացիաներին, կոնսիլիումներին, կարող է մասնակցել նաև ամբիոնի գիտահետազոտական աշխատանքներին:

ՇՄՈւ կատարելագործման ծրագրի ընթացքում ոչ պակաս, քան 2 անգամ ամբիոնի կողմից անցկացվում են ուսուցման որակի անկախ գնահատումներ:
ՇՄՈւ կատարելագործման դասընթացների ծրագիրը լիովին կատարելուց և ուսուցման ժամկետը լրանալուց հետո բժիշկը (դեղագետը) բուհական մասնագիտական և շարունակական կրթության բաժին է հանձնում փաստաթղթերի ամբողջական փաթեթը:
Ծրագրին մասնակցած բժիշկը (դեղագետը) կարող է հետագայում նույնպես մասնագիտական թղթակցություններ վարել Համալսարանի բուհական մասնագիտական և շարունակական կրթության բաժնի հետ:

Գիտահետազոտական կենտրոն

ԵՊԲՀ-ի գիտահետազոտական կենտրոնում իրականացվում են լաբորատոր, մեթոդական և համալիր սկզբունքներով հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ` համալսարանի գերակա ուղղություններով։
ԵՊԲՀ գիտական միավորների ցանկը` ԵՊԲՀ պաշտոնական կայքում (http://www.ysmu.am/am/research-arm/156):
Գիտական կադրերի պատրաստում և որակավորում
Գիտական կադրերի պատրաստումն ու որակավորումն իրականացվում է ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդությամբ:

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 6 ֆակուլտետներում մասնագիտանում է մոտ 8000 ուսանող, նրանցից 1184-ը՝ աշխարհի տարբեր երկրներից: Ուսումնագործնական և գիտահետազոտական աշխատանքները կազմակերպվում են գործող 100-ից ավելի ամբիոններում, Երևանի առաջատար կլինիկական բազաներում ու գիտահետազոտական կենտրոններում։

Բուհի ավելի քան 1100 դասախոսներից 171-ը գիտությունների դոկտորներ են, 504-ը` գիտությունների թեկնածուներ: Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ 7 ակադեմիկոսներ: Գիտական հզոր այս ներուժը լուրջ դերակատարություն ունի Հայաստանում բժշկագիտության և հարակից գիտությունների զարգացման գործում։
Մինչ օրս համալսարանը տվել է ավելի քան 31 հազար շրջանավարտ։

ՌԵԿՏՈՐ` Ա. Մուրադյան
ՀԱՍՑԵ` Երևան, Կորյունի 2
ՀԵՌԱԽՈՍ` (+374 011) 621 102
ՖԱՔՍ` 58-25-32
ԷԼ.ՀԱՍՑԵ` [email protected]
ԿԱՅՔ` www.ysmu.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: