Դիմորդի անկյուն

ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղը կազմավորվել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի և ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի ջանքերի շնորհիվ: Բավականին բարդ և երկար նախապատրաստական աշխատանքներն իրենց արդյունքն են տվել 2004 թվականի դեկտեմբերի 24-ին այդ տարիների Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի օգնությամբ տեղի է ունեցել մասնաճյուղի բացումը: Տնօրեն-ռեկտոր է նշանակվել ՀՀ ժողովրդական արտիստ Հ. Ազիզյանը, իսկ 2013 թվականից՝ Սոֆյա Սողոմոնյանը:

Սկզբնական շրջանում ինստիտուտը գործել է Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 դպրոցի տարածքում, իսկ այնուհետև՝ Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի աջակողմյան թևի առաջին և երկրորդ, ապա նաև երրորդ և չորրորդ հարկերում: Այն թատերական արվեստի ուսուցման միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է Լոռու մարզում, լավագույն դարբնոցը ապագա արվեստագետների համար: Շրջանավարտներն ու բարձր կուրսերի ուսանողները աշխատում են քաղաքի առաջատար ստեղծագործական օջախներում՝ Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, Վանաձորի քաղաքապետարանի Գր. Հախինյանի անվան «Հորովել» երգի-պարի անսամբլում և կամերային երգչախմբում, «Բոհեմ» կամերային թատրոնում, տիկնիկային թատրոնում և, իհարկե, տեղական և հանրապետական հեռուստա- և ռադիոընկերություններում:

Մասնաճյուղում երկաստիճան ուսուցման համակարգ է՝ բակալավրիատ և մագիստրատուրա, իսկ կրեդիտային համակարգը ներդրվել է 2012 թվականից: Ուսումնական գործընթացը կազմակերպվում է մայր բուհի կողմից հաստատված և ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող ուսումնական պլաններով և ծրագրերով:

Մասնաճյուղում ընդունելություն է կատարվում հետևյալ բաժիններում.

1. ԹԱՏԵՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ
Դերասանական արվեստ

2. ԹԱՏԵՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ
Ռեժիսուրա

3. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ
Պարարվեստ

4. ԿԻՆՈԱՐՎԵՍՏ
Կինոարվեստ

5. ԱՐՎԵՍՏԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Սցենարադրամատուրգիական արվեստ

Ինստիտուտի առկա և հեռակա բաժիններում սովորում է շուրջ 70 ուսանող: Նրանց դասավանդում են մասնագիտական կրթություն և մանկավարժական փորձառություն ունեցող մասնագետներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում պատրաստելու բարձր որակավորում ունեցող արտիստներ և արվեստի բնագավառի գիտակ աշխատակիցներ:

Ուսումնական գործընթացի անբաժան մասն է կազմում ինստիտուտի ուսանողական թատրոնը, որտեղ ուսանողները և շրջանավարտները
հնարավորություն են ստանում կատարելու իրենց առաջին քայլերը:

Ինստիտուտի ակտիվ օղակներից մեկն է Ուսանողական խորհուրդը, որն իր գործառույթներն է իրականացնում թե՛ բուհում, թե՛ նրա տարածքից դուրս: Ուսանողների առօրյան հագեցած դարձնելու նպատակով պարբերաբար կազմակերպվում են վարպետության դասեր, արվեստի և այլ բնագավառների հայտնի մարդկանց հետ հանդիպում-քննարկումներ, մշակութային և սպորտային միջոցառումներ: Խորհրդի անդամների ղեկավարությամբ ինստիտուտում նաև գործում է «Ժամանակակից արվեստների» ակումբը, ուր դասերից զատ ուսանողները կարողանում են իրենց ունեցած գիտելիքներով կիսվել միմյանց հետ և փոխանակել հետաքրքիր ինֆորմացիա:

Մասնաճյուղում գործում է նախապատրաստական բաժինը, որտեղ փորձառու դասախոսները մասնագիտական գիտելիքներ են հաղորդում դիմորդներին և նրանց նախապատրաստում ընդունելության քննություններին: Դասընթացներին ընդգրկվում են նաև նախորդ տարիների շրջանավարտները:

Մասնաճյուղը գործում է հարմարավետ մասնաշենքում: Ապահովված է ընդարձակ լսարաններով, փորձասենյակներով, պարասրահով և հագեցած գիտական գրադարանով:

ք. Վանաձոր, Վարդանանց 96
Հեռ.՝ (+374 322) 4 11 70, (+374 322) 4 11 80
Էլ. հասցե՝ [email protected], [email protected]

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: