Դիմորդի անկյուն

ԵԹԿՊԻ Գյումրու մասնաճյուղ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղը կազմավորվել է 1997թ. ՀՀ կառավարության N 231 որոշմամբ: Այն Շիրակի մարզում գործող թատերական արվեստի ուսուցման միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է: 2007-2008 ուսումնական տարվանից մասնաճյուղն անցել է երկաստիճան ուսուցման համակարգի` բակալավրիատի և մագիստրատուրայի, ներդրվել է կրեդիտային համակարգը: Ուսումնական գործընթացը կազմակերպվում է մայր բուհի կողմից հաստատված և պետական կրթական չափորոշիչներին համապատասխանող ուսումնական պլաններով և ծրագրերով:

Մասնաճյուղում կատարվում է ընդունելություն հետևյալ մասնագիտություններով.

1. Թատերական արվեստ՝
- Դերասանական արվեստ (դրամ.թատրոնի և կինոյի դերասան),
- Ռեժիսուրա (դրամ. թատրոնի ռեժիսոր),

2. Կատարողական արվեստ՝
- Պարարվեստ,

3. Տեսալսողական արվեստ՝
- Օպերատորություն (կինոօպերատորություն),

4. Կինոարվեստ (հեռուստառեժիսուրա):

Մասնաճյուղի առկա և հեռակա բաժիններում սովորում է շուրջ 136 ուսանող: Հաստատությունում դասավանդում են մասնագիտական կրթություն և մանկավարժական փորձառություն ունեցող մասնագետներ: Ուսումնադաստիարակչական, մեթոդամանկավարժական և գիտահետազոտական աշխատանքները համակարգելու նպատակով ձևավորվել են «Դերասանի վարպետության և ռեժիսուրայի», «Կինոարվեստի», «Արվեստաբանության» և «Հումանիտար առարկաների» ամբիոններ: Մասնագիտական ամբիոնները կոորդինացնում են գիտամանկավարժական կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման աշխատանքները, կազմակերպում են ուսանողական գիտագործնական կոնֆերանսներ: Մասնագիտական մամուլում տպագրության են պատրաստում դասախոսների գիտական և գիտամեթոդական հոդվածները: Պարբերաբար կազմակերպվում են վարպետության դասընթացներ հանրապետության առաջատար մասնագետների կողմից: Ուսումնական գործընթացի անբաժան մասն է ինստիտուտի ուսանողական թատրոնը: Այստեղ ուսանողները առաջին անգամ բեմադրելու, խաղալու և հանդիսատեսի հետ շփվելու հնարավորություն են ստանում: Ավանդական դարձած կուրսային, նախադիպլոմային, դիպլոմային բեմադրությունները ջերմ ընդունելության են արժանանում հանդիսատեսի կողմից: Ապագա մասնագետների կայացման գործում կարևոր դեր են խաղում նաև մասնագիտական առարկաների` բեմական խոսքի, երգի, պարի, ինչպես նաև «Լավագույն դերասանական էտյուդ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն թեմատիկ լուսանկար» խորագրով կազմակերպվող ամենամյա մրցույթները:

Ինստիտուտի ուսանողական խորհուրդը ակտիվ և բազմակողմանի գործունեություն է ծավալում թե բուհում, թե նրանից դուրս: Ուսանողների առօրյան հագեցած դարձնելու նպատակով կազմակերպվում են մշակութային և սպորտային միջոցառումներ, գործում է «բանավեճերի ակումբը»: Մասնաճյուղում գործում է նախապատրաստական բաժինը, որտեղ փորձառու դասախոսները մասնագիտական գիտելիքներ են հաղորդում դիմորդներին և նրանց նախապատրաստում ընդունելության քննություններին: Դասընթացներին ընդգրկվում են ինչպես նախորդ տարիների շրջանավարտները, այնպես էլ ավարտական դասարանների աշակերտները:

Մասնաճյուղը գործում է հարմարավետ մասնաշենքում: Ապահովված է ընդարձակ լսարաններով, փորձասենյակներով, պարասրահով, անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով հագեցած արվեստաբանության, հումանիտար առարկաների, կինոդիտումների, բեմանկարչության, սեղանի շուրջ աշխատանքի կաբինետ-լաբորատորիաներով, լուսանկարչության սրահով, գիտական գրադարանով, ուսանողական թատրոնի դահլիճով: Մասնաճյուղի լավագույն շրջանավարտները համալրում են Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական, Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնների թատերախմբերը և տեղական հեռուստա- և ռադիոընկերությունները: Շրջանավարտներից շատերն իրենց հետբուհական ուսումը շարունակում են ասպիրանտուրայում:

ք. Գյումրի, Անկախության հր.1
Հեռ.՝ (+374 312) 5 65 82
Էլ. հասցե՝ [email protected]

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: