Հայաստանի ազգային պատկերասրահ
Նորություններ

Ժան Կազանչյանի անհատական ցուցահանդես


Հայաստանի ազգային պատկերասրահում բացվելու է ֆրանսահայ հայտնի նկարիչ Ժան Կազանջյանի (ծնվ. 1938) գործերի ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կգործի 2014 թվականի մայիսի 2-ից 27-ը:
Փարիզում ապրած տարիներին Ժան Կազանջյանը չի հետևել արտահայտչական միայն մի ձևի, չի հարել արվեստի իշխող որևէ շարժման, նա ընտրել է տեսողական ուրույն ուղով ընթանալու ազատությունը: Հարավային Կալիֆոռնիայում հաստատվելուց ի վեր Կազանջյանի արվեստի հատկանշական գիծն է դառնում սյուրռեալիզմի և փոփ -մշակույթի փոխներգործությունը:
“Pille ou face” (Գիր թե արծիվ) հսկայական եռանկարը բաղկացած է երեք պաննոյից, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին կազմված է երեք մասից, իսկ միասին դրանք ստեղծում են մեկ միասնություն: Այդ միասնությունը ներկայացնում է տիեզերքի մի մաս իր չորս տարրերով` օդ, ջուր, հող և հուր: Պարողների արտացոլվող տեսիլքը մտածել է տալիս մարդկային արժեքների վաղանցիկության մասին: Երկն այստեղ ընթացքի մեջ է:
Իր ,,պաստառ-նկարներում,, Կազանջյանը ստվերների և ուրվագծերի փոխներթափանցման միջոցով ստեղծում է մի ուշագրավ խորություն: 90-ական թթ. ի վեր արվեստագետը սկսում է տեղադրել նկարված կտավից մոտավորապես մեկուկես մատնաչափ հեռու գտնվող՝ գրեթե աննշմար թափանցիկ պաստառ: Դիտելով այն մոտիկից, նկատում ենք, որ պաստառը փոխանցում է սեփական նկարված պատկերը, իսկ երբ սևեռում ենք մեր հայացքն այդ երկպատկեր հարթության վրա, աստիճանաբար սկսում ենք ընկալել մի պատկերը մյուսի միջով, մյուսի հետ և միմյանց մեջ:
Ցուցահանդեսում ներկայացված երկերն ի հայտ են բերում Կազանջյանի ստեղծագործության բազմազան շերտերը` եռաչափ մինչև առավել ֆորմալ դրվագանկարներն ու պղնձի վրա արված օֆորտները: Պատկերահանդեսում տեղ են գտնելու ավելի քան հիսուն աշխատանք, որոնք ներառում են քաղաքային բնանկարներ, նաև՝ հայկական թեմաներ, ինչպիսիք են՝ Արշիլ Գորկու դիմանկարների շարքը, գաղթի նկարաշարը, ինչպես նաև՝ անդրադարձ որոշ սրբապատկերային գործերի. Լեոնարդո դա Վինչիի կամ Միքելանջելոյի ստեղծագործություններին:

Բրունո Բրունիի աշխատանքների հետահայաց ցուցադրություն


Սույն թվականի ապրիլի 26-ից մինչև հունիսի 2-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կկայանա իտալացի արվեստագետ Բրունո Բրունիի աշխատանքների հետահայաց ցուցահանդեսը, որը կազմակերպվում է ՀՀ Նախագահի բարձր հովանու և Հայաստանում Իտալիայի դեսպանատան հովանու ներքո:
Բրունո Բրունին ծնվել է Գրադարայում` Իտալիայի Պեզարո և Ուրբինո շրջանում: Այնուհետև տեղափոխվել է Համբուրգ և ընդունվել Գեղեցիկ Արվեստների Ակադեմիա (Hochschule für bildende Künste):
1970-ական թվականներին Բրունին հայտնի է դառնում միջազգային արվեստի աշխարհում որպես լիտոգրաֆիստ, նկարիչ և քանդակագործ: 1977թ.-ին նա հաղթում է Լիտոգրաֆիայի Senefeld միջազգային մրցույթում: Սկզբնական շրջանում նրա արվեստի վրա մեծ ազդեցություն են ունեցել գերմանացի էքսպրեսիոնիստները` Օտտո Դիքսը և Ջորջ Գրոսը, ինչպես նաև իտալացի անտիկ վարպետները: Բրունո Բրունին մասնավորապես այն քիչ լիտոգրաֆիստ արվեստագետներից մեկն է, ով «նկարում է ողջ աշխատանքը անմիջապես քարի վրա»:
Ազգային պատկերասրահում կազմակերպվող ցուցահանդեսի առիթով լույս կտեսնի նրա աշխատանքների կատալոգը`հայերեն, ռուսերեն, անգլերեն և իտալերեն լեզուներով: Իտալական Ռենկո շինարարական կազմակերպությունը հանդիսանում է ցուցահանդեսի բացառիկ հովանավորը:

Կարեն Միքայելյան «Государство, оно, вероятно скоро вами заинтересуется» գրքի շնորհանդես


2013 թ. դեկտեմբերի 28-ին ժամը 13:00 Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում տեղի կունենա «Новое время» թերթի փոխխմբագիր, արվեստաբան, լրագրող Կարեն Միքայելյանի «Государство, оно, вероятно скоро вами заинтересуется» խորագրով գրքի շնորհանդեսը: Գիրքը ներառում է հեղինակի 1993-2013 թթ. «Новое время» թերթում տպագրված շուրջ 100-ից ավելի հոդվածներ: Ժողովածուում Կարեն Միքայելյանն անդրադառնում է ժամանակակից հայ արվեստագետների ստեղծագործություններին, լուսաբանում բազմաթիվ ցուցահանդեսներ, մշակութային կյանքում տեղի ունեցող կարևորագույն երևույթներ, հրապարակում` նաև հետաքրքիր հարցազրույցներ: Կարեն Միքայելյանի «Государство, оно, вероятно скоро вами заинтересуется» ժողովածուն նախատեսված է արվեստասեր հասարակայնության լայն շրջանակների համար:

Հենրիկ Սիրավյանի ծննդյան 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-ցերեկույթ և ցուցահանդեսի բացում


2013թ. դեկտեմբերի 21-ին, ժ. 14.00 Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի ծննդյան 85- ամյա հոբելյանին նվիրված հուշ- ցերեկույթը և ցուցահանդեսի բացումը: Հուշ – ցերեկույթի շրջանակներում կկայանա նաև “Սիրավ. Դու հավերժող իմ Հայաստան” տեսաֆիլմի ցուցադրությունը: 
Գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանը ծնվել է 1928 թ. Երևանում: 1943-1948 թթ. ուսանել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, հետագայում` 1948-1954 թթ., ուսումը շարունակել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժնում: 1954 թ. - ից մասնակցել է ցուցահանդեսների, 1956 թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է եղել: 
Նկարիչը ստեղծագործել է ամենատարբեր ժանրերում` տուրք տալով առավելապես հայրենի եզերքի բնապատկերներին: 1950-ական թթ. 2-րդ կեսին ձևավորվում էր խորհրդահայ մոնումենտալ–դեկորատիվ գեղանկարչությունը, որի վառ ներկայացուցիչներից էին ժամանակի երիտասարդ նկարիչներ Հ. Զարդարյանը, Վան Խաչատուրը և Հ. Սիրավյանը: 1958-1968 թթ. Մ. Սարյանի ղեկավարությամբ նկարիչն իրականացնում է “Հայաստան” (1966) եռապատկեր որմնանկարը Սունդուկյանի անվան պետական թատրոնի ճեմասրահում: 1962 թ. Սիրավյանը մասնակցում է պատմական “Հինգի ցուցահանդեսին”. 
(Ա. Ղափանցյան, Լ. Բաժբեուկ-Մելիքյան, Ալ. Գրիգորյան, Մ. Ավետիսյան, Հ. Սիրավյան): Նույն` 1962 թ. մրցանակի է արժանացել Մոսկվայում անցկացվող համամիութենական երիտասարդական ցուցահանդեսում “Լ. Բաժբեուկ-Մելիքյանի” դիմանկարի համար: Այս տարիներին ստեղծած որմնանկարներն ու ապակու վրա կատարված նկարները (վիտրաժները) զարդարում են Հայաստանի գրողների միության նախագահության ճեմասրահը, Էջմիածնի Գևորգյան ճեմարանի Կոմիտասի թանգարանի գմբեթը (Հ. Հակոբյանի, Ա. Մելքոնյանի հետ) և այլն: 1977 թ. գեղանկարիչը ստանում է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչում: 
Սիրավյանի հաստոցային աշխատանքների ճնշող մեծամասնությունը կազմում են գյուղական, ճարտարապետական լիրիկական, մոնումենտալ հնչողությամբ զուսպ բնանկարները, այլաբանորեն իմաստավորված թեմատիկ հորինվածքները: 

Սուրեն Սաֆարյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես


Նոյեմբերի 29-ին, ժամը 15-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում կբացվի ՀՀ ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի 90-ամյակին նվիրված ստեղծագործությունների ցուցահանդեսը:
Իր ստեղծագործական նվաճումներով Սուրեն Սաֆարյանի արվեստը նշանավորել է դարաշրջանի ճշմարիտ շունչն ու ոգին: Ժամանակի առաջատար գաղափարներին դավանած, գեղանկարչական տարբեր դպրոցներին ու ուղղություններին, համաշխարհային կերպարվեստի գլուխգործոցներին քաջ ծանոթ նկարիչն ընդլայնել է ռեալիզմի ընկալման սահամանները՝ ստեղծելով ինքնատիպ ու արդիաշունչ արվեստ: 
Սաֆարյանը հայկական կերպարվեստ մուտք է գործել որպես թեմատիկ-կոմպոզցիոն, ժանրային նկարների, հոգեբանական-զուսպ դիմանկարների, հավաքական-քնարական բնապատկերների վարպետ: 
Ստեղծագործական լայն ընդգրկման տեր արվեստագետն աշխատել է գեղանկարի, ունիկալ ու տպագրական գրաֆիկայի բնագավառներում, աչքի ընկել տեխնիկական բազմազան ու ինքնատիպ հնարներով: Նկարչի ստեղծագործության կարևոր տեղ ունեն արտասահմանյան նկարաշարերը, ճամփորդական ճեպանկարներն ու էտյուդները: Տեղական կոլորիտի յուրօրինակությամբ հագեցած, գծանկարի պլաստիկ ու ամուր արտահայտչականությամբ բնորոշվող գրաֆիկական թերթերը պատկերում են Բուդապեշտի, Նադմարոշի, Բոլոնյայի քաղաքային տեսարաններ, շենքերի, հուշարձանների ու կամուրջների ուրվանկարներ, մարդկային տիպական կերպարներ, որոնք ունեն կենդանի տպավորության ու սուր դիտողականության կնիք: 
Նկարչի ընտանիքի հավաքածուից ցուցադրվող շուրջ հինգ տասնյակ գրաֆիկական թերթերի մեծ մասը ներկայացվում է առաջին անգամ: Կամերային ռետրոսպեկտիվ ցուցադրությունն ընդգրկում է արվեստագետի ստեղծագործության նշանակալից բոլոր փուլերը: 

Մուշեղ և Միքայել Մարտիրոսյան-Չալոյանների գորգերի հավաքածուի ցուցահանդես


Նոյեմբերի 23-ին Հայաստանի Ազգային Պատկերասրահում տեղի կունենա Մուշեղ և Միքայել Մարտիրոսյան-Չալոյանների գորգերի հավաքածուի ցուցահանդեսը նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 22-ամյակին:

Մուշեղ և Միքայել Չալոյանների գորգերի հավաքածու

Գործվածքի հարուստ ու համապարփակ հավաքածուների թվում միանգամայն արժանավոր տեղ ունի ներկայացված հավաքածուն, որի ժամանակավոր ցուցադրությունը կազմակերպված է Հայաստանի ազգային պատկերասրահում: Հավաքածուի այստեղ ցուցադրվող նմուշների թվում են ֆլամանդական ու ֆրանսիական գոբելենի 16-19-րդ դարերին վերաբերող աշխատանքներ, որոնք արված են արևմտաեվրոպական գեղանկարչության հայտնի վարպետների կազմած կարտոնների հիման վրա, աչքի են ընկնում կատարման բարձր որակով ու լավագույնս պատկերացում են տալիս ֆրանսիական ու բելգիական գոբելենի գեղարվեստական ու տեխնոլոգիական արժանիքների մասին:
Հավաքածուի կազմում կան պարսկական, ինչպես նաև փոքրասիական գորգագործական կենտրոններին ու Միջին Ասիային վերաբերող գորգեր:
Փոքրասիական գորգագործական ավանդույթների ուսումնասիրման առումով մեծ կարևորություն ունի խաչազարդ հորին¬վածքով բնորոշվող 17-րդ դարով թվագրված “Լորենցո Լոտտո” գորգը:
Այստեղ մեծաթիվ են հայկական գորգերը, որոնցից մի քանիսի վրա կան նաև հայատառ, թվակիր գրություններ: Այս առումով ուշագրավ է 1840 թվականին գործված “Ծաղկանախշ” /Արցախ,/, գորգը: Ցուցադրվում են “Խնձորեսկ” ,“Փառակա” ,“Խաչգորգ”, ”Արևագորգ” Արցախի, Տավուշի, Լոռվա, Սյունիքի, Վասպուրականի արևելան գորգագործական կենտրոններին վերաբերող մի շարք այլ գորգեր: Սակայն հավաքածուի գլուխգործոցները` 18-րդ դարով թվագրված դասական վիշապագորգ է, ու բուսածաղկային գորգերը, որոնք հայոց գորգագործական մշակույթի ուսումնասիրման հարցում ունեն սկզբնաղբյուրային նշանակություն:
Այսպիսով, Մուշեղ և Միքայել Չալոյանների գորգերի հավաքածուն ունի գիտական ու ճանաչողական մեծ նշանակություն, և դրա ցուցադրումը կարևոր ավանդ է հայոց գորգագործական մշակույթի ուսումնասիրման և հայոց գորգի հանրահռչակման գործում: 


Պատմական գիտությունների թեկնածու, գորգագետ` Աշխունջ Պողոսյան


Հայաստանի ազգային պատկերասրահում բացվում է գեղանկարիչ Ռոմանոս Սարգսյանի /1928-1985/ անհատական ցուցահանդեսը:

Ծնունդով Թբիլիսցի արվեստագետը սովորել է Լենինգրադի /Ս. Պետերբուրգ/ Վ. Սերովի անվ. գեղարվեստի ուսումնարանում, ապա` Ի. Ռեպինի անվ. գեղարվեստի ակադեմիայում:

Մինչև 1961 թ. ապրել է Մոսկվայում, այնուհետև` Երևանում:

Ողջ կյանքի ընթացքում ստեղծագործելուն զուգահեռ զբաղվել է մանկավարժությամբ, դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում /ղեկավարել է գեղանկարի և կոմպոզիցիայի ամբիոնը, եղել է պրոռեկտոր/:

1983 թվականին նրան շնորհվել է Արվեստի վաստակավոր գործչի կոչում:

Ռ. Սարգսյանն աշխատել է զանազան ժանրերում, նրա ստեղծագործությունները ռեալիստական արվեստի արժեքավոր նմուշներ են:

ՀԱՊ-ում կազմակերպվող ցուցահանդեսը Ռոմանոս Սարգսյանի առաջին պատկերահանդեսն է հայրենիքում: Կներկայացվի հեղինակի ընտանիքի հավաքածուի որոշ մասը:

Բացումը տեղի կունենա 2013 թ. նոյեմբերի 5-ին , ժամը 15.00-ին:


Մարկ Շագալի (1887-1985) Ամառանոց Զաոլշյեում. Ինտերիեր. 1915 թ. ստեղծագործությունը այժմ` Հայաստանի ազգայի պատկերասրահի մշտական ցուցադրության ռուսական արվեստի բաժնում:


Լիտվական լուսանկարչություն


Սերունդների երկխոսություն

Առօրյա կյանք



2.10.2013 - 30.10.2013

բացումը

ժ 16. 00

Սույն ցուցահանդեսը տեսողական մի ակնարկ է լիտվական առօրյա կյանքի մասին: Այն վերջին կես դարում ի հայտ բերեց մշտապես փոփոխվող բազում հարցեր, ուղղություններ և դիրքորոշումներ: Այդ ժամանակահատվածում ձևավորվել է լուսանկարիչների երեք սերունդ` իրենց ուրույն թեմաներով ու ոճով: Նրանք մշտապես անդրադարձել են իրենց ժամանակի ամենակարևոր հարցերին, դիմել են առօրյա կյանքի տարբեր կողմերին, խոսել իրենց հատուկ վիզուալ լեզվով: Քաղաքական իրադարձությունները, գաղափարախոսություններն ու տնտեսական իրավիճակը նույնպես մեծ ազդեցություն են թողել. մարդկանց առօրյա կյանքն ու սովորությունները զգալի փոփոխությունների են ենթարկվել, փոխվել են նաև գեղարվեստական արտահայտման միջոցները: Չնայած այս ամենին, լուսանկարիչների ուշադրության կենտրոնում միշտ եղել են մարդիկ և նրանց շրջապատը:

Ցուցահանդեսի նպատակն է` ներկայացնել տարբեր ժամանակների լուսանկարիչների պատկերած առօրյա կյանքը: Յուրաքանչյուր արվեստագետ գտնում է իր ուրույն տեսակետը և արտահայտում այն իրեն բնորոշ ոճով:


Ցուցահանդեսի համադրող` Գինտարաս Չեսոնիս և Եվա Մեյլուտե-Սվինկունիենե


Սեպտեմբերի 27-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի ականավոր արվեստագետ Ստեփան Աղաջանյանի (1863-1940) 150-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդես:
Այս տարի լրանում է ականավոր արվեստագետ, դիմանկարչության մեծ վարպետ գեղանկարիչ Ստեփան Աղաջանյանի 150-ամյա հոբելյանը: Մեծ է Ս. Աղաջանյանի ավանդը հայ արվեստի պատմության մեջ, հատկապես` ռեալիստական գեղանկարչության ձևավորման գործընթացում:
Ս. Աղաջանյանը ծնվել է Ղարաբաղի Շուշի քաղաքում: Մասնագիտական կրթությունը ստացել է Մարսելի գեղարվեստական ստուդիայում, ապա` Փարիզում Ժուլիենի ակադեմիայում: Եվրոպայում ամենահայտնի ակադեմիաներից մեկը, որտեղ կրթություն են ստացել նաև հայ անվանի նկարիչներ` Փ. Թերլեմեզյանը, Է. Շահինը, Ա. Շաբանյանը, Ս. Երկանյանը, Ռ. Շիշմանյանը, Տ. Կարապետյանը, Տ. Փոլադը և ուրիշներ:
Շարունակելով Հակոբ Հովնաթանյանի և Ստեփանոս Ներսիսյանի արվեստի ուղղությունը, Ս. Աղաջանյանը զարգացրեց դիմանկարչության ժանրը և նշանավորեց այն նոր ձեռքբերումներով:
Նրա դիմանկարներն առանձնանում են հոգեբանական սուր բնութագրումներով, անհատական կերպարների ռեալիստական արտահայտմամբ: Իր ստեղծագործության մեջ նկարիչն անդրադարձել է հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների կերպարներին` բանվորների, արհեստավորների, մտավորականների, ինչպես նաև` երեխաների: Նաև առաջինն է եղել, ով առաջ է մղել մանկական դիմանկարի թեման հայ գեղանկարչության մեջ: Նա կերտել է կերպարի արտաքին տեսքի նմանության և ներքին աշխարհի, բնավորության ու խառնվածքի սերտ միասնությամբ ռեալիստական դիմանկարներ:
Ցուցահանդեսն ընդգրկում է նկարչի ստեղծագործական ընթացքի տարբեր շրջանների ստեղծագործություններ` ուսանողական աշխատանքներ, տարբեր տարիների ստեղծած դիմանկարներ, այդ թվում մանկական դիմանկարներ և որոշ բնանկարներ:


<<Հույսի, պայքարի և աշխատանքի ժամանակաշրջան>>


Հայաստանի ազգային պատկերասրահում սեպտեմբերի 24-ին, ժ.15-ին կբացվի <<Հույսի, պայքարի և աշխատանքի ժամանակաշրջան>> գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդես, որը կանդրադառնա սոցռեալիզմի արվեստին:
20-րդ դարի առաջին կեսում Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի սոցիալ-քաղաքական և մշակութային կյանքը կտրուկ շրջադարձ է ապրել: Դեռևս 19-րդ դարում սկսված պատկերային լուծումների, նոր սյուժեների գեղարվեստական որոնումները նպաստում էին ոճային բազմազանությանը, ստեղծագործական նոր խմբավորումների կազմավորմանը: 1917 թ. հեղափոխությունը արագացրեց այդ ընթացքը, բայց արդեն նոր` պրոլետարական արվեստի կարգախոսի տակ: 1930-ական թթ. սկզբում հռչակվեց խորհրդային արվեստի միասնական գեղարվեստական ոճը` <<սոցիալիստական ռեալիզմը>>:
Ցուցահանդեսում ներկայացված նմուշները պատկերացում են տալիս այն մասին, թե 1920-1930-ական թվականների ընթացքում ինչպես են ձևավորվել խորհրդային գեղանկարչության հիմնական ժանրերը` պատմահեղափոխական ժանրը, դիմանկարը, ինչպես նաև այդ ժամանակի նկարիչների համար նորույթ հանդիսացող <<արդյունաբերական>> բնանկարը: Վերջինիս վառ ներկայացուցիչներից են Ի. Մաշկովը և Վ. Ռոժդեստվենսկին: 
Ցուցահանդեսում ներկայացված աշհատանքները արտացոլում են ոճական ուղղությունների բազմազանությունը` հռչակված միասնական պաշտոնական արվեստի սահմաններում: Զգացմունքային և արտահայտիչ են կոլտնտեսականները Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի (ՀՌՆԱ) հիմնադիրներից մեկի` Ի. Վլադիմիրովի նկարներում: <<Հաստոցային նկարիչների միության>> հիմնադիր Պ. Վիլյամսի կտավում խորհրդային հանրապետությունների պարող ներկայացուցիչները արտիստիկ, ուրախ ու պայծառ են պատկերված: 
1920-ական թվականների գեղարվեստական տարաձայնությունների արձագանքներն են նկատվում ցուցահանդեսում ներկայացված նկարիչների հաջորդ սերնդի /Ա.Մաքսիմենկո և այլք/ գործերում: Դիմանկարների շարքում առանձնանում են Ֆ. Մոդորովի ստեղծագործությունները: Նա պետության այն եզակի արվեստագետներից էր, որոնք իրավունք ունեին պատկերելու Խորհրդային Միության առաջնորդներին, անձնապես Ի. Ստալինին:
Խորհրդային արվեստը մշտապես հանդես է եկել որպես բազմազգ արվեստ: Խորհրդային հանրապետությունների գեղարվեստական դպրոցները կազմավորվել են XIX դարում և XX դարի սկզբին համառուսաստանյան միտումների ազդեցության տակ` հիմնվելով տեղի ավանդույթների վրա:
Տեղի ունեցող սոցիալ-քաղաքական, մշակութային զարգացումներից և տենդենցներից անմասն չէր նաև Խորհրդային Հայաստանը: Ձևավորվող արվեստի նոր ուղղությունը՝ սոցռեալիզմը, որ թելադրվում էր սոցիալիստական բազմազգ հասարակությանը, պետք է հասկանալ պատմության կոնտեքստում որպես փոփոխվող և միաժամանակ ներքին ստեղծագործական միասնական գործընթաց: Ամենուրեք սոցիալիզմ կառուցող շարքային մարդու, երանելի ապագայի, գաղափարական և քաղաքական առաջնորդի պրոպագանդան էր, որն իր արտացոլանքն էր գտնում մասսայականության ձգտող արվեստում: 
Երբևէ արվեստն ու մշակութային կյանքն, առհասարակ, պետական նման ուշադրության և վերահսկողության չէր արժանացել: Ուստի արվեստագետների մի մասը, կուրորեն հավատալով սպասվող երջանիկ ապագայի կառուցման գաղափարին, պատկերում էր իրականության իդեալականացված և ընդունելի տարբերակը: Մյուս մասը, համառորեն պահպանելով հոգևոր անկախությունը, ճշմարիտ արվեստի դրսևորում էր տեսնում բնանկարի ժանրում, այլաբանական թեմատիկ պատկերներում և արտաքուստ խաղաղ, կամային ամուր կերպարների դիմանկարներում: Վերը նշված արվեստագետների թվին է պատկանում նկարիչների այն խումբը, որի աշխատնքները ներկայացնում է Հայաստանի ազգային պատկերասրահը սույն ցուցահանդեսին: Մ. Սարյան (1880-1972), Ս. Առաքելյան (1884-1942), Գ. Գյուրջյան (1892 – 1987), Ա. Բեքարյան (1913-1986). ականավոր գեղանկարիչների այս խումբը կանգնած է 20-րդ դարի հայ կերպարվեստի ձևավորման ակունքներում, միևնույն ժամանակ նրանք սոցռեալիզմի ինքնատիպ ներկայացուցիչներ են: Ինդուստրիալիզացիայի և ուրբանիզացիայի, կոլեկտիվիզացիայի թեման չշրջանցելով, բայց և բնանկարի, կերպարային հետաքրքիր նյուանսներով են առանձնանում Ս. Ռաշմաճյանի 1907-1978, Ա. Նալբանդյանի 1916-1964, թեմատիկ աշխատանքները: Փարիզի սալոններում ներկայացած և 1947 թ. հայրենադարձված Պ. Կոնտուրաջյանի 1905-1956, բնանկարներն առանձնանում են գունային նուրբ հարաբերակցությամբ: Կառուցողական և կատարողական յուրահատուկ տեխնիկայով է առանձնանում Կ. Պետրով-Վոդկինի աշակերտուհու՝ Գ. Ֆերմանյանի 1899-1958 թեմատիկ ստեղծագործությունը, Մ. Ասլամազյանի 1907-2006, Զ. Խաչատրյանի 1924, նատյուրմորտները: Է. Իսաբեկյանի 1914-2007, Մ. Քամալյանի 1915-1971, Հ. Զարդարյանի 1918-1992 դիմանկարներում հարուստ ներաշխարհով, կամային ամուր բնութագրումով են հառնում ժամանակի հայ մտավորականության ներկայացուցիչները: 
Գեղարվեստական հզոր դպրոցը, հեղինակների բարձր պրոֆեսիոնալիզմը 1920-1950-ականների արվեստը դարձնում են ռուսաստանյան և համաշխարհային գեղարվեստական մշակույթի պատմության նշանակալի մաս:

Արա Բեքարյան

 Օգոստոսի 23-ին Ազգային պատկերասրահում բացվելու է ժողովրդական նկարիչ Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը, որը կազմված է վաստակաշատ արվեստագետի գեղանկանկարչական և մի շարք գրաֆիկական աշխատանքներից: Դրանց մեծ մասը ընտանիքի սեփականությունն է և արվեստասեր հանրությանը ներկայացվում է առաջին անգամ: Ա. Բեքարյանը ստեղծել է թեմատիկ կոմպոզիցիոն աշխատանքներ, բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ: Արվեստագետին առավելապես գրավել է գյուղական կյանքը, ինչը նա մարմնավորել է պարզ ու ընդհանրացված ձևերով` զերծ կենցաղային, ազգագրական մանրամասների շեշտադրումից: Նկարչին հարազատ, մտերիմ մարդկանց դիմանկարներն առանձնանում են մարդկային բազմազան խոհերի ու ապրումների արտահայտման մեծ վարպետությամբ: Անմիջական ընկալումով ու քնարական մեղմ տրամադրությամբ են համակված բնապատկերները, որոնք լակոնիկ կառուցվածքով ու նուրբ գունազգացողությամբ, գեղարվեստական մտածողությամբ այժմեական հնչողություն ունեն:
Հոբելյանական ցուցահանդեսի առթիվ հրատարակվել է Արա Բեքարյանի ստեղծագործությունների ծավալուն պատկերագիրքը, որն ամբողջական պատկերացում է ստեղծում նկարչի արվեստի մասին:


ԱՐԱ ԲԵՔԱՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ

1913 Ծնվել է հունիսի 12-ին Աֆիոն-Կարահիսարում (Թուրքիա)
1925 Ընտանիքի հետ Ֆրանսիայից հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան
1929-1932 Սովորել է Երևանի Գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանում (դասատուներ` Ս. Առաքելյան, Վ. Գայֆեճյան)
1930 Մասնակցել է ցուցահանդեսների
1932-1939 Սովորել է Լենինgրադի Գեղարվեստի համառուսական ակադեմիայում (դասատու` Ա. Օսմյորկին)
1939 Դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ
1941-1945 Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին
1945-1986 Դասավանդել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտում (1952-ից դոցենտ, 1964-ից պրոֆեսոր)
1947-1950 Դասավանդել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվ. gեղարվեստի ուսումնարանում 
1947 Առաջին անհատան ցուցահանդեսը Երևանում
1952 Զբաղվել է gրքերի նկարազարդումով 
1960 Շնորհվել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր gործչի կոչում
1963 Անհատական ցուցահանդես Երևանում
1964 Անհատական ցուցահանդես Մոսկվայում
1965 Շնորհվել է ՀԽՍՀ ժողովրդական նկարչի կոչում
1980 Անհատական ցուցահանդես Լվովում, Լյուբնինում
1986 Վախճանվել է հունիսի 18 Երևանում

Արա Բեքարյանի աշխատանքները ցուցադրվել են արտասահմանյան երկրների բազմաթիվ ցուցահանդեսներում (Ռուսաստան, Լիբանան, Կանադա, Բելgիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Ռումինիա, Հունgարիա, Վիետնամ, Կորեա, Գանա, Լեհաստան, Հարավսլավիա, Չեխոսլովակիա, Իրան, Ճապոնիա, Մոնղոլիա, Շրի Լանկա):

Հուլիսի 18-ին ժ. 15.00 Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա հայ քանդակագործության պատմության մեջ իր հետքը թողած, ժողովրդական նկարիչ, քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի հոբելյանական ցուցահանդեսի բացումը: Վարպետը հանրությանը առավելապես հայտնի է Արցախյան «Մենք ենք մեր սարերը» մոնումենտալ հուշակոթողով:

 Բաղդասարյանի ստեղծագործություններն ունեն բավականին լայն, ընդգրկուն բովանդակություն, նյութի ազատ ընտրություն` հրակավ, ալյումին, բրոնզ:

 Քանդակագործին հետաքրքրել է առավելապես դիմաքանդակը, որը թույլ է տվել իր ուշադրությունը բևեռել մարդկային տարբեր խառնվածքների վրա. նա ստեղծել է անվանի մտավորականների քանդակաշար` Ե. Չարենց, Ս. Փարաջանով, Լեո, Վ. Սարոյան և այլք: Բաղդասարյանը էապես նպաստել է հաստոցային քանդակի զարգացմանը: Հեղինակի հաստոցային աշխատանքներից լավագույնները գտնվում են Ազգային պատկերասրահի հավաքածուում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում և արտասահմանյան թանգարաններում:

 Սարգիս Բաղդասարյանը իր մտածողությամբ մոնումենտալիստ էր, Հայաստանի տարածքով մեկ տեղադրված են նրա մոնումենտալ շուրջ 28 աշխատանքները:


Հունիսի 4-ին` 15:00, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի «Բարև ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեը: Ցուցահանդեսը կտևի 3 ամիս:



Մայիսի 25-ին Հայաստանի Ազգային Պատկերասրահում կբացվի Ռոքֆելերի արխիվները` Հայաստանում լուսանկարների ցուցահանդես:

Առաջին անգամ Հայաստանում կներկայացվի Ռոքֆելերի արխիվային կենտրոնում պահվող Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի բացառիկ հավաքածուն:
ԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ
ՆԱՐԵԿԱՑԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒ
ԱՄՆ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԻՄՆԱԴՐԱՄՆ