Սոֆյա Սայադյան

Սոպրանո

1988-1998թթ սովորել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, 1991-1998թթ` Երևանի Է. Ծատուրյանի անվան երաժշտական դպրոցում՝ Կարինե Ջալալբեկյանի դասարանում, 2000-2005թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Նելլի Փիրումյանի դասարանում, 2008-10թթ` կոնսերվատորիայի մագիստրատուրայում: 
2005թ.-ից Երևանի պետական կոնսերվատորիային կից օպերային ստուդիայի մեներգչուհի է: Նույն թվականից Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է, 2014թ-ից՝ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի արտիստ: Համերգներով հանդես է եկել մի շարք երգահանների և նվագախմբերի հետ, հայաստանյան և արտասահմանյան տարբեր բեմերում` Լեհաստան (Կատովիցե, Կրակով), Գերմանիա (Համբուրգ, Հանովեր, Ռենսբուրգ, Դրեզդեն, Լյուբեկ), Ռուսաստան (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կալինինգրադ), Թուրքիա (Ստամբուլ), ԱՄՆ, Ֆրանսիա և այլուր: Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ Վ. Ա. Մոցարտի «Ռեքվիեմ» (սոպրանո, սոլո), Ջ. Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» (Ռոզինա), «Մոխրոտը» (Կլորինդա), «Ստաբատ Մատեր» (սոպրանո սոլո), Ջ. Վերդիի «Ռիգոլետտո» (Ջիլդա), «Տրավիատա» (Վիոլետտա), Ջ. Պուչչինիի «Քույր Անժելիկա» (Ջենեվեվա), «Ջիանի Սկիկի» (Լաուրետտա), «Ծիծեռնակ» (Լիզետ), «Բոհեմ» (Մյուզետտա), Կ. Օրֆի «Կարմինա Բուրանա» (սոպրանո սոլո), Գ. Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք» (Ադինա), «Լյուչիա դի Լամերմուր» (Լյուչիա), Ժ. Բիզեի «Կարմեն» (Ֆրասկիտա), Ա.Տիգրանյանի «Անուշ» (Անուշ), Տ. Չուխաճյանի «Արշակ Բ» (Օլիմպիա) և այլն: 
2013թ. Երևանում և Փարիզում ելույթ է ունեցել Սերժ Ավետիքյանի բեմականացմամբ «Անուշ» օպերայում: 
2004թ. արժանացել է Թամար Շահնազարյանի անվան մենակատարների մրցույթի 3-րդ մրցանակին, 2006թ.՝ Տաթևիկ Սազանդարյանի անվան մեներգիչների հանրապետական մրցույթի 2-րդ մրցանակին, 2007-2008թթ՝ ՀՀ նախագահի հովանու ներքո կազմակերպված մրցանակաբաշխության եզրափակիչ փուլի վկայագրի, 2008թ.՝ Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների հանրապետական մրցույթի 2-րդ մրցանակին, 2010թ. Կալենինգրադում՝ Զարուհի Դոլուխանյանի անվան միջազգային մրցույթի «Ժողովրդի համակրանք» մրցանակին: