Հայաստանի ազգային նվագարանների պետական անսամբլ

Կատարող

Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ, հիմնադրվել է 2004 թվականին: 2005 թվականի ապրիլին ստացել է պետական նվագախմբի կարգավիճակ: Նվագախմբի հիմնադիրներն են ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանն ու ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանը (նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր):

Նվագախմբում ընդգրկված են բարձրագույն երաժշտական կրթությամբ՝ թվով 40 երաժիշտ կատարողներ: Կատարվում են ժողովրդական և աշուղական, ինչպես նաև ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ: Երգացանկը բազմաբնույթ է և բազմաբովանդակ՝ նվագախմբային պիեսներից մինչև ֆանտազիա, ռապսոդիա և կոնցերտ: Նվագախմբի կազմում ելույթ են ունենում նաև հրավիրված հայտնի և սիրված երգիչներ Վարդուհի Խաչատրյանը, Պապին Պողոսյանը, Թովմաս Պողոսյանը, Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանները – Մրո և Ասո, Շուշան Պետրոսյանը, Վարդան Բադալյանը, Համլետ Գևորգյանը, Սուսաննա Սաֆարյանը, Արուս Գուլանյանը, Աննա Խաչատրյանը, Արսեն Սաֆարյանը, Սոնա Շահգելդյանը, Գոհար Հովհաննիսյանը և ուրիշներ:

Նվագախումբը բազմաթիվ համերգներ է ունեցել Երևանում, հանրապետության մի շարք քաղաքներում և մարզերում, Արցախում և ՌԴ-ում: 2014 թվականի ապրիլի 7-ից 12-ը նվագախումբը համերգներով հանդես է եկել Թուրքմենստանի Աշխաբադ և Թուրքմենբաշի քաղաքներում, Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցի և մշակույթի օրերի շրջանակներում[1][2]:

2009 թվականին թողարկվեց նվագախմբի առաջին՝ «Առավոտ Լուսո» ձայնասկավառակը: Նվագախումբը մասնակցել է նաև Վարդան Բադալյանի և Համլետ Գևորգյանի ձայնասկավառակների ձայնագրման աշխատանքներին: Նվագախումբը մասնակցել է մի շարք տեսահոլովակների ձայնագրման և նկարահանման աշխատանքներին: