Սամվել Ղազարյան

Դերասան

Սամվել Ղազարյանն Արտաշատի պետական դրամատիկական թատրոն եկավ արդեն որպես բազմափորձ դերասան: Գ. Սունդուկյանի անվան պետական դրամատիկական թատրոն, ապա Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոն, Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոն եւ կրկին Սունդուկյանի անվան թատրոն, ապա՝ ընդմիշտ հաստատվեց Արտաշատում: Տարբեր բեմերում նրա խաղն ու ստեղծագործելը սոսկ դեգերումներ չէին. դերասանի համար կյանքի, արվեստի ու մշակույթի դպրոց էին: Ղազարյանը տարբեր տարիներին թրծվում էր ընկեր ու խաղընկեր լինելով երջանկահիշատակ Էդգար Էլբակյանին, Վրեժ Հակոբյանին, եւ այլոց: Նա կերտում էր հզոր կերպարներ, համոզիչ ու առինքնող:

Ղազարյանը մարմնավորել է Օթարյանի կերպարը՝ «Պատվի համար» դրամայում, Գեւոյին՝ Ակսել Բակունցի «Մթնաձոր»-ում, մոլորված Գարեգինին՝ «Սպանված աղավնի»-ում, Զորավար Անդրանիկին՝ «Կարմիր կիրակիի զինվորներ»-ում, Արեգնազանին՝ «Արեգնազան», Արքայազնին՝ «Եղեգնուհին» հեքիաթներում եւ այլն: Շուրջ 70 կերպար է մարմնավորել Սամվել Ղազարյանը: Ռադիոունկնդիրը մինչ այժմ շարունակում է լսել նրա կատարմամբ ռադիոէսսեները, «Գործ N» հաղորդաշարը:
Իր դրական հերոսների կողքին նա կերտել է բացասական կերպարներ, նաև դրանցով հասնելով հանդիսատեսի կողմից մարդու այդ տեսակի ժխտմանը, ինչը դերասանի գերագույն հաջողությունն է:
Հատկանշական է հայրենիքի հանճարեղ զավակներից մեկի՝ Դանիել Վարուժանի դերում Ղազարյանի հանդես գալը: Այստեղ նա գերազանցեց ինքն իրեն: Սամվել Ղազարյանն իր նուրբ դիմագծերով, արևախանձ բաց ճակատով, հոնքերի տակից ձիթապտղի պես փայլող աչքերով խիստ նման է Վարուժանին: Այնքան բնական, այնքան միաձույլ են դերասանն ու կերպարը, որ կարծես հանդիպում ես հառնած Դանիել Վարուժանին:
Դերասանը տարիների իր աշխատանքով ու վաստակով հարստացրեց Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի պատմությունը: Թատրոնի երախտավորի վաստակն անուշադրության չմատնվեց: Թատրոնի տնօրինության ներկայացմամբ 2017թվականի մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարությունը վաստակաշատ դերասանին պարգեւատրեց ոսկե մեդալով: