Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթ

Կատարող

Հնագույն երաժշտության  «Տաղարան»  համույթը հիմնադրվել   է  1981թ., սկզբնապես  «Շարական»  անվան տակ և  իր  գործունեությունը  ծավալել  մինչև   1985թ.: 1987թ. կոմպոզիտոր  Երվանդ Երկանյանը,  ստանձելով «Տաղարան»-ի գեղարվեստական ղեկավարությունը,  նոր շունչ բերեց համույթի համերգային, ստեղծագործական կյանքին, կարճ ժամանակամիջոցում ստեղծելով ծավալուն մի նոր նվագացանկ, որն ընդգրկում էր 300-ից ավելի հայ հոգևոր, ժողովրդական, ազգային-հայրենասիրական  երգերի բարձրարժեք և նրբաճաշակ մշակումներ:

«Տաղարան» համույթի ներկայիս գեղարվեստական ղեկավար և դիրիժորն է դաշնակահար Սեդրակ Երկանյանը (1994—ից), որը շարունակում է զարգացնել,համույթի առջև դրված գեղագիտական և գեղարվեստական խնդիրները:

«Տաղարան»-ը ի սկզբանե կոչված է եղել համերգային բեմ բարձրացնելու, տարածելու և պրոպագանդելու հայ միջնադարյան հոգևոր երգարվեստի գանձերը:Այդ է պատճառը, որ նրա նվագացանկում մշտապես կենտրոնական  տեղ են գրավում 5-15-րդ դարերի հեղինակների շարականներն ու տաղերը:

«Տաղարան»-ի ծրագրերում առաջին անգամ նորովի մատուցումով հնչել են հայկական ժողովրդական, ազգային-հայրենասիրական երգեր և նվագներ: Համույթի գործունեության մեկ այլ հետաքրքրական  կողմը կապված է եվրոպական   մինչդասական  և բարոկկո շրջանի երաժշտության հետ:Ունկնդրի դատին պարբերաբար ներկայացվում են Գերմանական, Ֆրանսիական,  Իտալական և այլ ժողովուրդների հնագույն երաժշտության ամբողջական ծրագրեր:

Համույթի երաժշտական մեկնաբանությունները աչքի են ընկնում ոճական ճշգրտությամբ, բարձր  կատարողական մակարդակով, հնչերանգների հարստությամբ, մենակատարների և համույթի ներդաշնակ  ու հավասարակշռված հնչողությամբ:

«Տաղարան»-ը համերգներով հանդես է եկել Հայաստանում, նախկին Խորհրդային Միության երաժշտական կենտրոններում, բազմիցս ըստ արժանվույն ներկայացրել է  հայկական երաժշտական  մշակույթը արտասահմանում, շրջագայել է Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Հարավսլավիայում, Լատինական Ամերիկայի երկրներում /Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ/ Հունաստանում, Կիպրոսում, Լիբանանում և այլուր:

Համույթը իր մասնակցությունն է ունեցել միջազգային մի շարք փառատոններում :  

Հավելյալ  տեղեկությունների  համար՝  http://tagharan.com/

   https://www.youtube.com/user/Tagharan