Հայաստանի պետական կամերային երգչախումբ

Կատարող

Ստեղծվել է 2000 թ. հոկտեմբերին «Վաչէ և Թամար Մանուկեան» բարեգործական միության հովանավորությամբ, գեղարվեստական  ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան:

2001-ին երգչախումբը 3 անգամ համերգներով հանդես է եկել Լոնդոնում: 2006-ին մասնակցել է Իտալիայի Բերգամո քաղաքում կայացած ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնին: Նույն թվականին համերգներով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ դահլիճ»-ում և Եկատերինյան պալատում` որով եզրափակվեց Ռուսաստանում Հայաստանի մշակութային տարին: 2007-ին երգչախումբը բացառիկ համերգով հանդես է եկել Ստրասբուրգի Եվրախորհրդի համերգային դահլիճում:

Հյուրախաղերով ելույթներ է ունեցել Լոնդոնում, Փարիզում, Ժնևում, Թբիլիսիում, Գորիում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Ֆրանկֆուրտում, Ստրասբուրգում, Բերգամոյում, Տորոնտոյում, Օտտավայում, Նիագարայում, Դրեզդենում:

2009-ին, Կոմիտասի ծննդյան 140-ամյակի կապակցությամբ երգչախումբը մեծ հաջողությամբ հանդես է եկել համերգ-դասախոսություններին Ֆրանսիայում և Շվեյցարիայում:

2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում համերգներ է ունեցել Շվեյցարիայում (Բերնի կենտրոնական տաճար Ցյուրիխ), Լիբանանում, Արգենտինայում, Հունաստանում (Աթենք, Սալոնիկ):

Ելույթներ է ունեցել այնպիսի հեղինակավոր դահլիճներում ինչպիսիք են՝

Սեն-Լուի տաճար, Սալ Գավո (Փարիզ), Սպիտակ դահլիճում, Սմոլնի տաճարում, Գլազունովի դահլիճում (Սանկտ Պետերբուրգ), Եվրախորհրդի դահլիճում-«Salle Schwietzer at the Palais de la Musique et des Congres of Strasbourg» (Ստրասբուրգ), Դոնիցետտիի օպերային թատրոնում (Բերգամո), «Ֆրաուկիրխե տաճար» (Դրեզդեն), Կոլոն օպերային թատրոնում (Բուենոս Այրես), «Մեգարոն» համերգասարահում (Աթենք):

Կամերային երգչախմբի մեծագույն ձեռքբերումներից կարելի է համարել համաշխարհային ճանաչում ունեցող ECM Records-ի թողարկած Եղիշե Չարենցի 10 բանաստեղծությունների հիման վրա գրված Տիգրան Մանսուրյանի «ARS POETICA» երգչախմբային կոնցերտի ձայներիզը, որը 2006-ին Համաշխարհային Երաժշտական Գեղխորհրդի կողմից ստացավ 5 աստղ, որի ամբողջական ինֆորմացիան զետեղված է անգլիական «THE GRAMOPHONE» երաժշտական պատվավոր կատալոգի էջերում:

Երգչախմբի բազմաժանր երգացանկում ընդգրկված են  համաշխարհային կոմպոզիտորների խմբերգային և ոկալ–սիմֆոնիկ բազում ստեղծագործություններ, վաղ միջնադարից մինչև այսօր, այդ թվում  կատարվել են բազմաթիվ Հայաստանյան պրեմիերաներ:

ՀՊԿԵ-ի կարևոր առաքելությունը հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների քարոզչությունն է: Փայլուն կատարում է Կոմիտասի, ինչպես նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Երգչախումբը հանդես է եկել համաշխարհային պրեմիերաներով` կատարելով Տիգրան Մանսուրյանի, Դավիթ Հալաջյանի, Երվանդ Երկանյանի, Էդուարդ Հայրապետյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Երևանում հաճախակի տեղիունեցող համերգների հետ մեկտեղ ՀՊԿԵ իրագործում է բարեգործական ծրագրեր` բազմաթիվ ստեղծագործությունների կատարումներով հանդես գալով ուսումնական հաստատություններում և Հայաստանի մարզերում` երգչախմբային արվեստը ներկայացնելով Հայաստանի լայն հանրությանը:

 Հավելյալ  տեղեկությունների  համար՝  http://armchoir.com/hy/

  https://www.youtube.com/user/TheArmChoir