«Հովեր» պետական կամերային երգչախումբ

Կատարող

"Հովեր" պետական կամերային երգչախումբը բաց է խմբերգային բոլոր ժանրերի համար:

Երգչախումբը հանդես է եկել "Թիատրո Դալ Վերմե" (Իտալիա), "Թիեթրը Նանթրե Ամենդիրս", "Սիտե դե լա մյուզիք", "Լը Քուաղց" (Ֆրանսիա), "Սթրաթմոր", "Քարնեգի Հոլլ" (ԱՄՆ), "Լինքոլն Սենթըր" ("Ալիս Թուլի Հոլլ") (ԱՄՆ), Թայբեյի ազգային (Թայվան), "Էրմիտաժ" թատերական (Ռուսաստան) և այլ հեղինակավոր դահլիճներում:

"Հովեր" պետական կամերային երգչախումբը նախաձեռնել է մի շարք խմբերգային ներկայացումներ, մասնակցել բազմաթիվ մեծակտավ վոկալ-սիմֆոնիկ, օպերային նախագծերի: Երգչախմբի փորձարարական նախագծերից են Կոմիտասյան պարերգերի բեմադրությունները, "6 առակ", "Զուգահեռ" խմբերգային ներկայացումները: Երգչախումբը մասնակցել է "Անուշ" օպերայի ադապտացիային, Վահագն Հայրապետյան տրիոյի հետ համատեղ "Ապարանյան երգերի ոչ ավանդական մշակումներ" և ամենամյա արցախյան և մարզային նախագծերին: Մշտապես համագործակցում է ՀԱՖՆ-ի, ԵԿՊՆ-ի, ՀՊԵՆ-ի, "Երևանյան հեռանկարներ", "Ոսկե ծիրան", "Կոմիտասյան", "Ա. Խաչատրյան", փառատոնների, ինչպես նաև հայաստանյան բոլոր նվագախմբերի և երգչախմբերի հետ: ՀԱՖՆ-ի և Էդուարդ Թոփչյանի հետ համատեղ իրականացրել է տասնյակ օպերաներ ("Եվգենի Օնեգին", "Տոսկա", "Գեղջկական պատիվ", "Սևիլյան սափրիչ", "Մադամ Բատերֆլայ", "Պայացներ", "Բոհեմ", "Արծվաբերդ", "Թիկնոցը" և այլն):

Երգչախումբը մասնակցել է մի շարք գեղ. ֆիլմերի երաժշտական աշխատանքներին, այդ թվում` "Արարատ" (ռեժ.՝ Ա. Եգոյան), "Արտույտների ագարակը" (ռեժ.՝ Տավիանի եղբայրներ), "Նամուս" ("Արտե" ստուդիայի վերականգնված տարբերակ), "Թևանիկ" (ռեժ.` Ջ. Ավետիսյան), "Խոստումը" (ռեժ.՝ Թերրի Ձորջ), ինչպես նաև "Պեպո" ներկայացման երաժշտական ձևավորման աշխատանքին (երաժշտ.՝ Վ. Շարաֆյան):

Ունի 7 ձայնասկավառակ:

Երգչախումբը համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, Թայվանում, Բելգիայում, Էստոնիայում, Լիտվայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Շվեյցարիայում, Սլովենիայում: Մասնակցել է մի շարք միջազգային երգչախմբային մրցույթ-փառատոնների. առաջին խմբերգային օլիմպիադային (Լինց, Ավստրիա), "Գաուդա Մատեր", "Լոգոս", "Լյուդվիգ վան Բեթհովենի" (Լեհաստան), "Ֆեստիվալ Վալ Լանդերեն" (Բելգիա) և "Միդեմ" (Ֆրանսիա), Վալերի Գերգիևի Զատկի, "Պրոսվետիտել", "Հոգևոր երաժշտության Հարավուրալյան" (Ռուսաստան), "Պոլիֆոլիա" (Ֆրանսիա), "Լա ֆաբրիկա դել կանտո", "Սյուդտիրոլ", "Լես Սակրես Ջուռնի" (Իտալիա), "Մուստոնեն ֆեստ" (Էստոնիա), "Սայրն Վալե" միջազգային (Շվեյցարիա), "Էմիլիա Ռոմանիա" (Սլովենիա), "Բեյթեդին Արվեստի փառատոն" (Լիբանան) և "Ռեին վոկալ" (Գերմանիա) պրոֆեսիոնալ միջազգային երաժշտական փառատոնների: Երգչախումբը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի Գալա համերգին (Հայաստան):

Ս. Գուբայդուլինայի, Ռ. Շչեդրինի, Ք. Պենդերեցկու, Գ. Կանչելիի և մի շարք այլ մեծանուն ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների "Հովեր"-ի կատարումներն արժանացել են բարձր գնահատանքի: "Հովեր" պետական կամերային երգչախումբը հանդես է եկել մի շարք մեծանուն երաժիշտների և կոմպոզիտորների հետ (Գ. Կրեմեր, Ա. Մուստոնեն, Ռ. Շերվինիկաս, Դ. Գերինգաս, Ջ, Նելսոն, Մ. Կլաուզա,  Բ. Կուտավիչյուս, Լ. Շամբադալ, Ֆ. Հելգաթ, Ա. Բոչելլի, Տ. Գուրտու):

"Հովեր" կամերային երգչախումբը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: 2017թ.-ին "Հովեր" երգչախումբը տոնեց իր հոբելյանական 25-ամյակը։

2013-2018թթ. երգչախմբի գլխավոր գործընկերն է եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ը (գլխավոր տնօրեն` Ռ. Յիրիկյան): Երգչախումը հովանավորվել է նաև "Լույս" հիմնադրամի կողմից մինչև 2018թ.-ի ապրիլը: 2018թ.-ի նոյեմբերից երգչախմբի գլխավոր հովանավորն է "Իմ քայլը" հիմնադրամը: Այս համագործակցությունները երգչախմբի գործունեության համար կարևոր խթան հանդիսացան: Երգչախումբը կարևորում է համագործակցությունը "Ավրորա" մարդասիրական նախաձեռնության, ինչպես նաև "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնի հետ:

Երգչախումբը հիմնադրել և ղեկավարում է Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, 2018թ.-ի նոյեմբերից ռեկտորի ժ/պ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ` Սոնա Հովհաննիսյանը: