Հանրագիտարան

Վատիկանը դարձավ ինքնիշխան պետություն

Վատիկան քաղաք-պետությունը գտնվում է Հռոմի՝ Իտալիայի մայրաքաղաքի արևմտյան մասում՝ Մոնտե Վատիկանո բլրի վրա: Միջազգային իրավունքով Վատիկանն ընդամենը տարածք է, որում գտնվում է կաթոլիկ եկեղեցու ամենագլխավոր վարչական օրգաններից մեկը՝ Սուրբ գահը:
Տարածքի զգալի մասն զբաղեցնում է Սուրբ Պետրոսի մայր տաճարը և նույնանուն հրապարակը, որը համայն աշխարհի կաթոլիկների երկրպագության կենտրոնն է: Պետության անվանումը վերցված է Վատիկանյան բլուրից, որի վրա էլ այն տեղակայված է:
 
Վատիկանն անկախ պետություն է դարձել Լատերանյան համաձայնագրերի կնքումով՝ 1929թ.-ի փետրվարի 11-ին: Լատերանյան համաձայնագրերն իտալական պետության և Սուրբ գահի միջև կնքված պայմանագրերի համակարգ են իրենց հարաբերությունների իրավական կարգավորման մասին:
 
Համաձայնագրերը կնքվել են Ապոստոլյան պալատում Պյետրո Գասպարի կարդինալի և Իտալիայի վարչապետ Բ. Մուսոլինիի միջև արքա Վիկտոր Էմմանուիլ III-ի անունից: Վատիկանի աշխարհիկ և հոգևոր կառավարողը Հռոմի Պապն է:
 
Հռոմի Պապին ընտրում են ցմահ: Գերագույն խորհրդատվական մարմիններն են Հռոմեակաթոլիկական եկեղեցու Տիեզերական խորհուրդը, Կարդինալների կոլեգիան և Եպիսկոպոսական սինոդը: Պետական գործերի վարչական կառավարումն իրականացնում է Հռոմեական կուրիան:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: