Հանրագիտարան

Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն

1923թ.-ին ստեղծվել է Նախիջևանի Ինքնավար Մարզը, իսկ 1924թ.-ի փետրվարի 9-ին դարձել է Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Ադրբեջանի ԽՍՀ կազմում, որը ԽՍՀՄ-ի կազմից Ադրբեջանի Հանրապետության դուրս գալուց հետո (1991թ. օգոստոսի 30) վերանվանվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն`   ՆԻՀ:

Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն (ՆԻՀ): Կազմավորվել է 1991թ.-ին: Գտնվում է Անդրկովկասի հարավում, սահմանակից է Հայասատանի Հանրապետությանը, Իրանին և Թուրքիային: Տարածքը`   5.5 հազար քառակուսի կմ, բնակչությունը`   300 հազար (1999), մայրաքաղաքը`   Նախիջևան (62.5 հազար):

 

Պատմական ակնարկ: Նյութական մշակութի հուշարձանները վկայում են, որ մարդը երկրամասի տարածքում բնակվել է նոր քարե դարի (նեոլիթ) ժամանակաշրջանից: Քյուլթափա գյուղի և Շոռթափա բնակատեղիի հնավայրերում հայտնաբերված հնագիտական նյութերը նման են Հայկական լեռնաշխարհի մյուս հուշարձանների (Էլար, Շենգավիթ և այլն) գտածոներին:

 

Մ.թ.ա. IX- մ.թ. V դդ. տարածքը գտնվել է Արարատյան թագավորության (Ուրարտու), ապա Երվանդունիների, Արտաշեսյանների և Արշակունիների հայ թագավորությունների կազմում`   ընդգրկելով Այրարատ նահանգի Շարուր, Սյունիքի Ճահուկ, Երնջակ, Շահապոնք, Վասպուրականի`   Նախճավան և Գողթն գավառները: Հնում այս պատկանել է Մուրացան, Մարդապետական, Արծրունյաց և Սյունյաց նախարարական տոհմերին:

 

Նրա տարածքում տարբեր ժամանակներում կառուցված Նախճավան, Տամբատ, Ագուլիս, Ոսկիողա, Դաժգոյնք, Երնջակ, Վրանջունիք, Խրամ, Խորշակունիք և մյուս բերդերն ու ամրոցներ պաշտպան հուսալի հենակետերն էին: Հայ բանավոր գրականության հնագույն նմուշները`   Գողթան երգերը, ստեղծվել և պահպանվել են այս տարածքում:

 

IV դ. Գրիգոր Ա Լուսավորիչն ու Տրդատ Գ Մեծ թագավորն սկբնապես այստեղի հայությանն են ներգրավել նոր հավատքի`   քրիստոնեության ոլորտը: Մեսրոպ Մաշտոցը, ով դեռևս գրի ստեղծումից առաջ գործունեության կենտրոն էր դարձրել Գողթն գավառը առաջինն այստեղ է տարածել հայերենի գիրն ու դպրությունը: V-VII դդ. երկրամասը մտել է Մարզպանական Հայաստանի, իսկ VII-IX դդ. արաբ Արմենիա փոխարքայության կազմի մեջ:

 

XI դ. այս տարածք են ներխուժել սելջուկյան թուրքերը, ապա հաստավել է թաթար-մոնղոլների տիրապետությունը (XII-XIV դդ.): XV դ. երկրամասը գտնվել է կարակոյունլուների և ակկոյունլունների տիրապետության տակ, XVI-XVIII դդ, դարձել թուրք-պարսկական պատերազմների ռազմաբեմ:

 

1604-1605 թթ.-ին պարսից շահ Աբաս I-ը մեծ թվով հայերի է բնագաղթեցրել Գողթնից, Նախիջևանից, Երնջակից, Ճահուկից, Ջուղայից և հայկական շատ գյուղերից, կողոպտել և հիմնահատակ ավերել է վաճառաշահ Ջուղա քաղաքը:

Տեղահանված հայերի բնակավայրերը բնակեցվել են մահմեդական եկվորներով: Բնաշխարհում մնացած հայերը բռնակալների ճնշման ու ծանր հարկերի տակ շարունակել են զարգացնել իրենց ազգային մշակույթը, կառուցվել են եկեղեցիներ, հիմնել հոգևոր կենտրոններ, բազմաթիվ գրչության կենտրոններ ու դպրատներ:

Նադիր շահի տերության անկումից հետո XVIII դ. կեսին առաջացել է Նախիջևանի խանությունը, որը 1826-1828 թթ.-ի ռուս-պարսկական պատերազմից հետո 1828թ.-ի Թուրքմենչայի պայմանագրով անցել է Ռուսաստանին (1828-1840թթ. Երևանի խանության և Օրդուբադի գավառի հետ կազմել է Հայկական մարզը, 1849-1918թթ. մտել է Երևանի նահանգի մեջ):
 
Բռնությամբ Պարսկաստան քշված հազարավոր հայ ընտանիքներ վերադարձել են հայրենի տուն: 1917թ.-ի մարտից մինչև 1918թ.-ի մարտը Նախիջևանի տարածքը նախ գտնվել է Անդրկովկասյան հատուկ կոմիտեի, ապա Անդրկովկասյան կոմիսարիատի իշխանության տակ: 1918-1920թթ.-ին մտել է Հայասատանի Հանրապետության կազմի մեջ:
 
1918թ.-ի հունիսին թուրքական զորքերը ներխուժել են երկրամաս, սակայն պարտվել են Ապրակունիսի մոտ զորավար Անդրանիկի տված հաղթական ճակատամարտում: 1920թ.-ի հուլիսին թուրք-բոլշևիկյան ջանքներով երկրամասում հաստատվել է խորհրդային իշխանություն:
 
Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատումից հետո (1920 ապրիլ) Ադրբեջանի հեղկոմի նախագահ Ն. Նարիմանովը, Հայաստանի Հանրապետության ուժեղացումը թույլ չտալու և իբր խորհրդային իշխանությունը չկազմալուծելու պատրվակով, պահանջել է Նախիջևանը (Լեռնային Ղարաբաղի և Զանգեզուրի հետ միասին) միացնել Ադրբեջանին, միաժամանակ պատճառաբանելով, թե այդ երկրամասերի զիջումը Հայաստանին կվտանգի խորհրդային իշխանության Ադրբեջանում և դրա ծավալմանն Իրանում ու Թուրքիայում:
 
Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո (1920թ. նոյեմբերերի 29) Ադրբեջանի հեղկոմը 1920թ.-ի դեկտեմբերի 1-ին հատուկ հռչակագրվ հայատարարել է, որ հրաժարվում է Հայաստանի հետ բոլոր վիճելի տարածքներից և «Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը ճանաչում է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության անբաժան մասը»:
 
Նույն թվականի դեկտեբերի 2-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրով վերջինս ճանաչել է Խորհրդային Հայասատանի իրավունքը, ի թիվս այլ շրջանների՝ նաև Երևանի նահանգի վրա, որի մեջ մտում էր նաև Նախիջևանի գավառը: Սակայն Քեմալական Թուրքիան պահանջել է Նախիջևանը հանձնել Ադրբեջանին:
 
Հեղկոմի 1920թ.-ի դեկտեմբերի 1-ի հայտնի հռչակագրից հետո Նախիջևանում գտնվող Ադրբեջանի հեղկոմի անդամ Շահթախթինսկին հայտարարել է, որ Ադրբեջանի հեղկոմը դավաճանել է`   Նախիջևանը Հայաստանին զիջելով, և կոչ է արել երկրամասի մահմեդականներին կողմնորոշվել դեպի Թուրքիան:
 
Ստանալով Թուրքիայի աջակցությունը և օգտվելով Ռուսաստանի թողտվությունից`   շուտով Ադրբեջանի ղեկավարությունը պահանջել է Ադրբեջանի կազմում թողնել Նախիջևանը, հակառակ դեպքում՝ «Ժողկոմխորհը հանում է իր վրայից պատասխանատվությունը, քանի որ գործի նման ընթացքի դեպքում մենք Ադրբեջանում վերականգնում ենք հակախորհրդային խմբավորումները»:
 
1921թ.-ի սկզբից երկրամասը վերածվել է Խորհրդայի Ռուսաստանի և Թուրքիայի գաղտնի ու բացահայտ դիվանագիտության ու շահարկությունների առարկայի: Ռուսաստանը Թուրքիայի օգնությամբ «համաշխարհային հեղափոխության» ծրագրի իրականացման համար 1921թ.-ի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով ոչ միայն Թուրքիային է հանձնել Կարսի մարզը, Սուրմալու գավառը, այլև Թուրքիայի ճնշմամբ համաձայվել է Ադրբեջանին տալ Նախիջևանի գավառը մի երրորդ պետության չզիջելու պայմանով:
 
Մոսկվայի ապօրինի գործարքն ամրապնդվել է նույն թվականի հոկտեմբերի 13-ին Կարսի պայմանագրով: Ըստ ռուսական աղբյուրների հաղորդած վիճակագրական տվյալների՝ 1873թ.-ին երկրամասն ուներ 58758 (մեկ այլ տվյալներով`   66776), 1902թ.-ին`   116269, 1912-ին`   128489 բն., որի 50%-ը մահմեդական թաթարներ էին, 45%-ը`   հայեր, 5%-ը`   այլք:
 
Թուրքմենչայի պայմանագրի կնքումից հետո՝ 1828-1830-ական թթ., Թավրիզի և Պարսկահայաստանի Խոյի, Սալմաստի և Ուրմիայի շրջաններից Նախիջևանի տարածքի գյուղերում հաստատվել են 13160 հայեր: Խորհրդային կարգերի հաստատումից հետո Ադրբեջանի ղեկավարության ծրագրված հայահալած քաղաքականության հետևանքով հայերը ստիպված զանգվածաբար հեռացել են իրենց բնօրրանից:
 
Հատկապես նրանց թիվը խիստ նվազել է 1960-1980-ական թթ. և կազմել երկրամասի բնակչության 1,5-2%-ը: 1988-1989թթ.-ին ադրբեջանական ազգայնամոլները հայաթափ են արել վերջին մի քանի հայկական գյուղերը, որոնց բնակիչները հաստատվել են Հայաստանում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: