Հանրագիտարան

Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989թ. հունվարի 21-ին: Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է: Հանդես է գալիս գերմանական «Բորուսիա Դորտմունդ» ակումբում որպես կիսապաշտպան։ Ունի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։
Մխիթարյանն իր կարիերան սկսել է Երևանի «Փյունիկում»։ «Փյունիկում» նա անց է կացրել երեք ու կես տարի՝ խաղալով 89 խաղ և խփելով 35 գնդակ։ Այդ ընթացքում նա 3 անգամ դարձել է Հայաստանի բարձրագույն խմբի ոսկե մեդալակիր, 1 անգամ արժանացել Հայաստանի Անկախության գավաթին, 2 անգամ՝ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթին։
 
«Փյունիկում» և Հայաստանի ազգային հավաքականում իր հաջող ելույթների համար Մխիթարյանն արժանացել է 2009 թվականի «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» տիտղոսին։ 2009 թվականի հունիսին նա 3 տարվա պայմանագիր է կնքել Դոնեցկի «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի հետ։ Իր առաջին գոլը խփել է ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայում։
 
2010 թվականի օգոստոսի 30-ին Հենրիխը 5 տարվա պայմանագիր է կնքել Դոնեցկի «Շախտյորի» հետ։ Դոնեցկի «Մետալուրգը» Հենրիխի տրանսֆերի դիմաց ստացել է 7.5 մլն դոլար։ 2013 թվականի ամռանը Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորից» տեղափոխվել է գերմանական Դորտմունդ քաղաքի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբ։
 
Նրա տրանսֆերի համար «Բորուսիան» ուկրաինական ակումբին 27.5 մլն եվրո է վճարել, որով Հենրիխը դարձել է դորտմունդյան ակումբի ամենաթանկարժեք ձեռքբերումը։ Այժմ հայ կիսապաշտպանը շարունակում է խաղալ «Բորուսիայի» թիմում և Հայաստանի ազգային հավաքականում։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: