Հանրագիտարան

Սերբիայի Հանրապետության տոն

1992թ. հունվարի 9-ին Սերբիայում նշում են Հանրապետության տոնը: Սերբիան պետություն է Եվրոպայի հարավում`   Դանուբի ավազանում: Երկրի տարածքն զբաղեցնում են Սերբական բարձրավանդակի լեռնաշղթաներն ու լեռնազանգվածները: Մայրաքաղաքը Բելգրադն է:
Պատմություն
 
Սերբիայի տարածքը սլավոններով բնակեցվել է դեռևս VI-IX դարերում:  IX դարում ընդունել են քրիստոնեություն: XII դարում սերբերն ստեղծել են խոշոր պետություն, XIV դարում՝ Սերբա-հունական թագավորություն:
 
1389թ.-ին երկիրն ընկել է օսմանյան տիրապետության տակ, որից ազատագրվել է միայն XIX դարում, 1830-1833թթ. ստացել է ինքնավարության կարգավիճակ, 1878թ.-ի Բեռլինի կոնգրեսի որոշմամբ լիակատար անկախություն և զգալիորեն ընդլայնել  տարածքը:
 
1882թ.-ից դարձել է թագավորություն: 1912-1913թթ. մասնակցել է Բալկանյան պատերազմին, իսկ 1915-1918թթ. գրավվել է ավստրո-հունգարական զորքերի կողմից: 1918թ.-ին նախկին Ավստրո-Հունգարիայի տարածքի զգալի մասը միավորվել է Սերբիայի հետ, և կազմավորել է Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորությունը, որը 1929թ.-ից կոչվել է Հարավսլավիա:
 
1941թ.-ին երկիրը գրավել է Գերմանիան, 1944թ.-ին ազատագրվել խորհրդային զորքերի օգնությամբ: 1945թ.-ին Սերբիան Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիայի և Հերցոգովինայի, Մակեդոնիայի և Չեռնոգորիայի հետ ներառվել է Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության կազմի մեջ, որը գոյատևել է մինչև վերջինիս փլուզումը՝ 1991թ.:
 
1992թ.-ին Սերբիան և Չեռնոգորիան միասին կազմեցին Հարավսլավիայի Միութենական Հանրապետությունը և ընդունեցին նոր Սահմանադրություն: 2002թ.-ին Հարավսլավիայի Միութենական Հանրապետությունը վերակազմավորվեց Սերբիայի և Չեռնոգորիայի Միության, որը գոյատևեց մինչև 2006թ.:
 
2006թ.-ի հունիսի 3-ին Սերբիայում և Չեռնոգորիայում անցկացված հանրաքվեով Չեռնոգորիան նույնպես անջատվեց Սերբիայից, և Սերբիան մնաց բուն Սերբիայի և 2 ինքնավար մարզերի`   Վոեվոդինայի ու Կոսովոյի հետ:
 
Սակայն գնալով խորացավ դեռևս 1999թ.-ին Կոսովոյում սկսված հակամարտությունն ալբանացիների (92 %) և սերբերի (6 %) միջև, և 2008թ.-ի փետրվարի 17-ին Կոսովոն  հայտարարեց իր անկախությունը, որը Սերբիան չի ճանաչել:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: