Առողջապահություն

Ի՞նչն է ստիպում մարդուն չափից շատ ուտել

Եթե չհաշվենք հորմոնային խանգարումներն ու գաստրիտը, որոնց դեպքում մարդը կարող է անընդհատ քաղցի զգացում ունենալ, ապա շատակերության հարցում հիմնականում մեծ դեր ունեն հոգեբանական մոտիվները: Իհարկե, դա արդարացում չէ, քանի որ մասնագետները համարում են, որ այդ հոգեբանական վիճակները կարելի է վերահսկել:
Եթե սնունդը ձեր հարմարավետության ու հանգստության գլխավոր աղբյուրն է, ապա չի բացառվում, որ դուք սթրեսների ժամանակ կարող եք շատ ուտել: Բոլորին է հայտնի, որ մարդ նյարդային լարված վիճակի պատճառով 2 օրում կարող է ազատվել 2 կգ քաշից, բայց այն չի կարող օգուտ բերել օրգանիզմին, այլ ճիշտ հակառակը`   բացասաբար է անդրադառնում մարդու առողջության վրա:
 
Սթրեսի ժամանակ արտադրվող հորմոնը`   ադրենալինը, ինչ խոսք, քայքայում է ճարպերը, բայց հենց նույն ադրենալինը քիչ ժամանակ անց կարող է սարսափելի քաղցի զգացում առաջացնել: Իսկ որպես կանոն ավել ընդունած սննդի էներգետիկական արժեքը գերազանցում է սթրեսի ժամանակ կորցրածին:
 
Բացի այդ, նման հոգեվիճակների ժամանակ մարդիկ հաճախ են ընդունում հանգստացնող պրեպարատներ ու ալկոհոլ, իսկ թե՛ մեկը, թե՛ մյուսը նպաստում են քաշի ավելացմանը: Մասնագետները խորհուրդ են տալիս նույնիսկ սթրեսներին «գրագետ վերաբերել», այսինքն`   սթրեսի դեմ պայքարել ոչ թե դեղերով, ալկոհոլով ու սնունդով, այլ օրինակ`   ընդունել արոմատիզացված լոգանք, հեռախոսով խոսել, դուրս գալ զբոսնելու:
 
Պետք չէ երբեք ուտելը համատեղել մի այլ գործընթացի հետ, օրինակ`   կարդալ ինչ-որ հետաքրքիր գիրք, թերթ կամ ամսագիր, հեռուստացույցով դիտել հետաքրքիր ֆիլմ, քանի որ այս ամենով ուղեղը ծանրաբեռնված լինելով, մարդն սկսում է չլսել ուղեղից եկող որոշ հրահանգներ, իսկ երբ հասկանում է, որ շատակերությամբ է զբաղվել, արդեն ուշ է լինում:
 
Չի կարելի սնվել նաև կախվածություն առաջացնող խաղեր խաղալիս, քննությունների պատրաստվելիս, քանի որ, բացի այն, որ չենք լսում օրգանիզմի հրահանգները, այլև նյութը յուրացվում է շատ դանդաղ ու անորակ: Մի խոսքով, երբ հոգեկանը հսկողություն է իրականացնում մի այլ ավելի կարևոր գործընթացի վրա, ապա մյուս հրահանգները ձեզ լսելի չեն, իսկ երբ հասկանում եք, որ շատ եք կերել, արդեն ուշ է լինում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: