Հանրագիտարան

Կիմ Կի Դուկ

1960թ. դեկտեմբերի 20-ին հարավկորեական գյուղերից մեկում ծնվել է ռեժիսոր Կիմ Կի Դուկը: Սուել տեղափոխվելուց հետո տղան սկսում է հաճախել տեղի գյուղատնտեսական դպրոցը, բայց դեռևս դպրոցը չավարտած, նա աշխատանքի է անցնում գործարանում:

20 տարեկանում Կիմը ծովային նավատորմում անցնում է զինվորական ծառայության: Ծառայությունից հետո նա որոշում է հոգևորական դառնալ և նույնիսկ հաճախում է եկեղեցի: Այդ ընթացքում նա միաժամանակ տարվում է նկարչությամբ:

 

Աստիճանաբար նկարչությունը երիտասարդ տղային սկսում է ավելի ու ավելի հետաքրքրել, և 1990թ. նա գնում է Փարիզ ուսանելու նպատակով: Փարիզը ոգեշնչում է Կիմին ոչ միայն նկարչության, այլև գրականության բնագավառում:

 

1993թ. նա գրում է իր առաջին սցենարը «Նկարիչը և հանցագործը» ֆիլմի համար, որն արժանանում է «Սցենարիստների համալսարան»-ի պարգևին: Այստեղից էլ սկսվում են Կիմ Կի Դուկի մեկը մյուսին հաջորդող պարգևներն ու մրցանակները:

 

Մի քանի ֆիլմերի համար սցենարներ գրելուց հետո նա անցնում է արդեն ռեժիսորական գործունեության, որն սկսում է 1996թ. «Կոկորդիլոսը» ֆիլմով: Նրա ֆիլմերից են «Դատարկ տունը», «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ», «Վայրի կենդանիներ», «Իրական հերյուրանք» և այլն:

 

Հարկ է նշել, որ ռեժիսորի ֆիլմերում գրեթե բոլոր գլխավոր հերոսները լուռ են. նրանց համար խոսքն ավելորդ է: Ռեժիսորի հայտնի «Սամարացին» ֆիլմը ցայսօր էլ ժամանակակից կինոմատոգրաֆիայի գլուխգործոցներից է շարունակում մնալ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: