Առողջապահություն

Ինչպես չցրտահարվել ձմռանը

Ձմռանը դրսում չմրսելու համար անհրաժեշտ է շարժվել։ Պետք չէ դողացնել, քանի որ այս դեպքում ավելի շուտ կմրսեք։ Պետք է անել ճիշտ հակառակը՝ թուլացնել ողջ մարմինը, զսպել դողը և կարգավորել շնչառությունը։ Ձմռանն ավելի լավ է շնչել քթով։

Տաքանալու համար կարող եք ձեռքի ափերը շփել իրար և թափահարել ձեռքերը։ Ընդ որում՝ ձեռքերը պետք է առավելագույնս թուլացած լինեն, մատները՝ ձգված։ Կարելի է օգտագործել նաև էսկիմոսների մեթոդը`   անհրաժեշտ է ձեռքերը ձգել մարմնի երկարությամբ, մատները լարել, բացել և ուսերն արագ-արագ, կտրուկ շարժել վերև-ներքև ուղղությամբ։ Արդեն տաքացած ձեռքերը կարող եք պահել թևատակերում կամ գրպանների մեջ:

 

Իսկ ոտքե՞րը։ Փորձեք շարժել ոտքի մատները, պարել, մի քանի անգամ կքանստել կամ տեղում վազել։ Եթե սառում են քիթը, այտերն ու ականջները, ապա շփեք դրանք ձեռքի չոր ափերով։ Եվ ամենակարևորը՝ չի´ կարելի տաքանալուց հետո կանգ առնել։ Շարունակեք շարժվել և ոչ մի դեպքում մի նստեք սառը նստարաններին, այլապես տաքանալու ձեր ջանքերը միանգամից ջուրը կընկնեն:

 

Հիշեք՝ ցրտահարվել կարելի է ոչ միայն ուժեղ ցրտից. կարևոր նշանակություն ունի նաև օդի խոնավությունը։ Որքան դրա մակարդակը բարձր է, այնքան ցրտահարվելն ավելի հեշտ է։ Ցուրտը կարող է վնասել մարմնի ոչ բոլոր հատվածները, այլ միայն այտերը, ականջները, քթի ծայրը, ձեռքերի ու ոտքերի մատները, սրունքներն ու դաստակները:

 

Օրինակ՝ որովայնը հնարավոր չէ ցրտահարել, որովհետև օրգանիզմը պաշտպանում է այնտեղ գտնվող կենսական կարևոր օրգանները: Երբ մարմինը սառչում է, ողջ ջերմությունն սկսում է «հոսել» դեպի ամենակարևոր օրգանները, ու քանի որ մատները, ականջներն ու քիթը որովայնից հեռու են գտնվում, դրանց համար շատ քիչ ջերմություն է մնում:

 

Ընդունված է ցրտահարության երեք աստիճան առանձնացնել: Առաջին աստիճանի դեպքում վերջույթները, բացի ականջներից, անզգայանում են և գունատվում: Դրանք միայն շատ ուժեղ կարմրում են, որովհետև գրեթե ամբողջությամբ կռճիկ են ու կաշի: Ցրտահարության առաջին աստիճանի դեպքում անհրաժեշտ է չոր ձեռքերով (այլ ոչ թե ձյունով կամ ձեռնոցներով) վերջույթները շփել այնքան, մինչև դրանք տաքանան:

 

Նշենք, որ այս գործողությունը պետք է կատարել տանը և ոչ դրսում: Խորհուրդ է տրվում նաև վերջույթները ընկղմել գոլ ջրի մեջ և աստիճանաբար ջրի ջերմաստիճանը բարձրացնել: Այնուհետև պետք է դրանք սրբիչով լավ չորացնել և փափուկ շորով փաթաթել։

 

Ցրտահարության երկրորդ աստիճանի դեպքում մաշկի վրա փուչիկներ են առաջանում: Դրանք լինում են համարյա այնպիսին, ինչպիսին լինում են այրվածքների ժամանակ: Անհրաժեշտ է հնարավորինս արագ դիմել բժշկի: Երրորդ աստիճանի դեպքում մաշկի հյուսվածքներն սկսում են մահանալ, որը հնարավոր է հեռացնել միայն վիրահատական եղանակով։   

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: