Հանրագիտարան

Տանգոյի միջազգային օր

Արգենտինացի նշանավոր երգիչ և կինոդերասան Կարլոս Գարդելի՝ «Տանգոյի արքա»-ի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 11-ին, նշվում է Տանգոյի միջազգային օրը: Տանգոյի «կենտրոնում» պարող զույգն է, նրանց հույզերն ու զգացմունքները: Այս պարի ժամանակ ընդունված չէ խոսել կամ ժպտալ:
Տանգոն իմպրովիզացիոն պար է, որի կատարման տեսանկյունից շատ կարևոր է զուգընկերոջ պարային գաղտնիքներին տիրապետելը: Տանգոն «ծնվել է» Բուենոս Այրեսում, երբ 19-20-րդ դդ. Արգենտինայում միախառնվեցին տարբեր ազգերի`   Աֆրիկայի, Արգենտինայի, Կուբայի, Իսպանիայի մշակույթներն ու ավանդույթները:
 
Արգենտինայում ի սկզբանե տանգոն համարվել է աղքատ թաղամասի բնակիչների պար: Այդպիսի մի թաղամասի բնակիչ էր նաև Կարլոս Գարդելը, որն Արգենտինա էր գաղթել Փարիզից: Կարճ ժամանակում նա հայտնի դարձավ ամբողջ Արգենտինայում որպես «Տանգոյի արքա»:
 
Հարկ է նշել, որ ժամանակին տանգո պարելն արգելված էր Գերմանիայում և Ռուսաստանում, որը, ինչ խոսք, չխանգարեց այս պարի լայն տարածմանը: Ի դեպ, «տանգո» բառն ավելի վաղ է առաջացել, քան բուն պարը: «Տանգո» բառն օգտագործվում էր Կանարյան կղզիներում այն ժամանակ, երբ ցանկանում էին սևամորթներին հրավիրել թմբուկներով նվագելու:
 
Ներկայումս տանգոյի մի քանի տեսակ կա`   «միլանգերո», «սալանո», «լիսո», «ֆանտազիա» և այլն: Տանգոյի այս բոլոր տեսակներն ունեն մեկ ընդհանրություն`   դրանք բոլորն էլ լի են զգացմունքայնությամբ և հուզականությամբ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: