Առողջապահություն

Ինչպես պաշտպանել փոքրիկին մրսածությունից և հարբուխի առաջացումից

Բոլոր մայրիկներն էլ գիտեն, որ աշնանն ակտիվանում են հարբուխը և մրսածությունը: Մյուս կողմից՝ աշնանը նաև հասունանում են մի շարք մրգեր, որոնք էլ կօգնեն փոքրիկի դիմադրողականությունն ամրացնելու գործում:
Այնպես որ աշնանը հարկավոր է կուտակել օրգանիզմին անհրաժեշտ վիտամինները, իսկ մրսածությունից խուսափելու համար հետևել մի շարք կանոնների:
 
Կանոն 1
 
Փոքրիկի իմունիտետն ամրացնող լավագույն միջոցը մայրական կաթն է: Այնպես որ, հնարավորինս երկար կերակրումը կրծքի կաթով փոքրիկի իմունիտետն ամրացնելու լավագույն միջոցն է:
 
Կանոն 2
 
Հարկավոր է, որ ինքներդ էլ և տան մյուս անդամներն էլ հետևեն հիգիենայի կանոններին, քանի որ շփման միջոցով են փոխանցվում ոչ միայն աղիքային ինֆեկցիաները, այլ նաև գրիպ և հարբուխ առաջացնող վիրուսները:
 
Կանոն 3
 
Շատ զբոսնեք: Զբոսնել կարելի է ցանկացած եղանակին, բացառությամբ այն դեպքերի, երբ ուժեղ քամի է կամ էլ ջերմաստիճանը -10 աստիճանից ցածր է: Հիշեք՝ սակավաշարժությունը և  մաքուր օդի պակասությունը թուլացնում են իմունիտետը:
 
Կարիք չկա փոքրիկին շատ տաք հագցնել զբոսանքի գնալիս: Երեխաների ջերմափոխանակությունը դեռ կատարյալ չէ, նրանք արագ գերտաքանում են, երբ վազում են, ապա քրտնում են: Բայց կան նաև փոքրիկներ, որոնք արագ սառչում են: Ուստի մայրիկը փոքրիկին հագցնելիս պետք է հաշվի առնի նրա օրգանիզմի առանձնահատկությունները:
 
Կանոն 4
 
Փոքրիկի սենյակը հարկավոր է ամեն օր օդափոխել և օդը խոնավ պահել: Չոր և ոչ թարմ օդը կարող է հիվանդության պատճառ դառնալ, քանի որ նման օդը պարունակում է հիվանդածին ու ալերգածին միկրոբներ:
 
Բացի այդ, շնչուղիների լորձաթաղանթի  չորության  դեպքում ավելի հավանական է, որ վիրուսածին միկրոբները մնան շնչուղիներում:
 
Կանոն 5
 
Փոքրիկը պետք է նաև ճիշտ սնվի ու շատ հեղուկ օգտագործի: Ցանկալի է, որ փոքրիկի սննդացանկից բացառեք արագ սնունդը, երշիկեղենը, փոխարենը հարկավոր է, որ փոքրիկը շատ օգտագործի թարմ մրգեր և հատապտուղներ:
 
Եվս մի քանի կանոն փոքրիկի առողջության պահպանման համար.
 
  • Հետևեք փոքրիկի օրակարգին: Հոգնած երեխայի իմունիտետը ցածր է,
  • Կոփեք փոքրիկին, նրա օրակարգում ներառեք ֆիզիկական վարժանքներ (լողավազան, պարեր և այլն),
  • Հետևեք, որ փոքրիկը քթով շնչի, ոչ թե բերանով, քանի որ քթով անցնելիս օդը հասցնում է տաքանալ,
  • Նվազագույնի հասցրեք սթրեսները փոքրիկի կյանքում, քանի որ սթրեսը մանկական հիվանդությունների պատճառներից մեկն է:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: