Առողջապահություն

Համակարգչի ազդեցությունը տեսողության վրա

Մարդկային ուղեղը հնարավորություն ունի տեղեկատվությունն ստանալու տեսողության, լսողության և շոշափելիքի միջոցով: Ինֆորմացիայի գերակշիռ մասը՝ շուրջ 80%-ը, սակայն, մենք ստանում ենք տեսողության շնորհիվ:
Պետք է մանկուց հոգ տանել աչքերի մասին, քանի որ աչքերն ապահովում են ճիշտ կողմնորոշումը, կենցաղային և աշխատանքային առաջադրանքների արագ և որակյալ կատարումը, նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերումը: 
 
20-րդ դարի վտանգը 
 
Ներկայիս կյանքը և աշխատանքն անհնար է պատկերացնել առանց համակարգչի և հեռուստացույցի: Գալով գրասենյակ`   մենք միացնում ենք համակարգիչը և անցկացնում դրա առջև ամենաքիչը 8 ժամ: Ծանրաբեռնված աշխատանքից վերադառնալով տուն`   հարմարավետ նստում ենք բազմոցին և նայում սիրելի հեռուստահաղորդումը կամ նորից միացնում համակարգիչը:
 
Ոչ ոք չի բացառում այդ հայտնագործությունների անհրաժեշտությունը և օգտակարությունը, չէ՞ որ դրանք են աշխատանքը դարձրել դյուրին և հարմար: Սակայն մոտ տարածությունից էկրանի դիմաց երկար նստելը վատ է անդրադառնում տեսողության վրա: 
 
Համակարգչով աշխատելիս հայացքը կենտրոնացնում ենք որոշակի օբյեկտի վրա: Ուշադիր հետևելով էկրանին՝ մենք հազվադեպ ենք թարթում, ինչի հետևանքով չորանում է աչքի լորձաթաղանթը: Ցավոք, տեսողության մեջ փոփոխություններն ուշ են ի հայտ գալիս, և մենք դիմում ենք ակնաբույժին այն ժամանակ, երբ աչքերում զգում ենք չորություն, տեսողության վատացում, գլխացավ: 
 
Դեռ մանկուց մեզ ասել են. «Հեռուստացույցին այդքան մոտ մի՛ նստիր»: Այս խորհուրդը շատ օգտակար է: Աչքերի և համակարգչի միջև հեռավորությունը պետք է լինի 70սմ-ից ոչ պակաս: Հեռուստացույցի և դիտողի միջև հեռավորությունը պետք է լինի մեկ մետրից ոչ քիչ:
 
Ավելի լավ է հեռուստացույց դիտել նստած, այլ ոչ պառկած վիճակում: Հեռավորության պահպանման և նստած դիրքի շնորհիվ աչքի մկանները շատ չեն լարվում: Ժամանակ առ ժամանակ պետք է աչքերը հեռացնել էկրանից և նայել հեռու: 
 
Եթե ցանկանում եք աչքերը հանգստացնել, ապա ամուր փակեք աչքերը և հետո լայն բացեք: Այս վարժությունը կրկնեք մի քանի անգամ: Մյուս խորհուրդը հետևյալն է՝ հաջորդաբար նայել վերև և ներքև: Այս վարժություններն օգտակար են աչքերի մկանների և նյարդերի համար և կանխում են մի շարք աչքի հիվանդությունների առաջ գալը:
 
Երբ աչքերը հոգնում են, բացեք պատուհանը և թույլ տվեք, որ թթվածինը սնուցի աչքերը: Երբեք մի տրորեք աչքերը, քանի որ մանրէների մուտքն աչքի լորձաթաղանթ կարող է լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ: Հետևեք այս պարզ խորհուրդներին, և թող, որ Ձեր աչքերը միշտ լավ տեսնեն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: