Առողջապահություն

Ինքնուրույնության զարգացումը երեխայի մոտ

Մեծանալ ամենից առաջ, թերևս, նշանակում է սովորել ամեն ինչ անել ինքնուրույն։ Իսկապես, մանկության հիմնական առանձնահատկությունը փոքրիկ մարդու կախվածությունն է մեծահասակներից։ Հասունանալ նշանակում է ինքնուրույնություն ձեռք բերել։
Հասուն դառնալու գործում երեխային օգնելը այն հիմնական խնդիրներից մեկն է, որը ծնողները դնում են իրենց առջև։ Երբ մենք ջանքեր ենք գործադրում երեխաներին ինքնուրույն լվացվել և հագնվել սովորեցնել, թվում է, թե դրանք հիշյալ նպատակի հետ որևէ կապ չունեն։ Իսկապես, անկախ այն բանից՝ մենք նրանց շտապեցնում ենք, թե ոչ, նրանք, ի վերջո, ձեռք են բերում այդ հմտությունները։
 
Նման խնդիր ենք դնում մեր առջև ոչ թե վախից, որ երեխաները երբեք ինքնուրույնաբար հագնվել չեն սովորի, ոչ էլ մեր սեփական հոգսերը թեթևացնելու ցանկությունից, այլ այն պատճառով, որ խրախուսենք փոքրիկների ձգտումը՝ ձեռք բերելու ինքնուրույնություն իրենց արարքներում։
 
Ստորև առաջարկում ենք հինգ ընդհանուր հանձնարարական, որոնք անհրաժեշտ է նկատի ունենալ, եթե ցանկանում եք օգնել Ձեր երեխային, որպեսզի նա սովորի ամեն ինչ ինքնուրույն անել.
 
1. Մի պնդեք կամ պահանջեք: 2,5-3 տարեկան երեխան արդեն ի վիճակի է ինքնուրույն հանել հագուստները, բայց ինքնուրույն հագնվել նա կկարողանա միայն 5 կամ 6 տարեկանում։ 6 տարեկան փոքրիկին նույնպես հաճելի է, երբ նրա համար դայակություն են անում և բոլորովին էլ վատ չի լինի, եթե Դուք երբեմն, բայց ոչ հաճախ, ինչ-որ բանում նրան օգնեք։ Պնդել կամ պահանջել, որպեսզի նա ամեն ինչ ինքնուրույն անի, բոլորովին էլ երեխայի ինքնուրույնությունը զարգացնելու լավագույն ուղին չէ։
 
2. Ընդօրինակումը մեծ ուժ է: Եթե Դուք թույլ տաք, որ երեխան ազատ մտնի Ձեր սենյակ կամ լողասենյակ, ապա նա կտեսնի, որ Դուք նույն բանն եք անում, ինչ ջանում եք սովորեցնել նաև նրան։ Թույլ տվեք նույնիսկ, որ նա հագուստները Ձեր ննջարան բերի և Ձեզ հետ միասին հագնվի, իսկ Դուք նույն բանը կարող եք անել մանկական սենյակում։ Եթե նա երբեմն իր օգնությունն  առաջարկի, մի հրաժարվեք, քանի որ դա ևս ընդօրինակում է։
 
3. Գրանցած հաջողությունների համար օգտակար է երեխային սիրալիր խոսքեր ասել: Եթե նա հպարտանում է, որ արդեն հագնվել է, ապա անհրաժեշտ է գովել խելացի փոքրիկին՝ արդարացնելով նրա սպասումը։ Բայց եթե Դուք նրան նկատողություն անեք, ասելով, որ նա վատ է սանրվել և ճիշտ չի ընտրել փողկապը, վերնաշապիկը կամ գուլպաները, դրանով իսկ կխարխլեք նրա հավատը սեփական ուժերի նկատմամբ։ 
 
4. Ուշադրություն դարձրեք որոշ կենցաղային մանրուքների վրա: Երեխայի համար սովորաբար դժվար է հասնել լվացարանին, մանկական հագուստը սովորաբար հարմար է, բայց հաճախ պատահում է, որ կոճակների անցքերը շատ  նեղ են լինում կամ գոտին պետք է թիկունքի կողմից կապել, այս և նմանօրինակ այլ դեպքերում պետք է օգնել երեխային: Պատահում է նաև, որ կախիչը շատ բարձր է ամրացրած լինում և այն պետք է իջեցնել՝ հարմարեցնելով երեխայի հասակին։ Դա կօգնի, որպեսզի նա արագ սովորի ինքնուրույն օգտվել տվյալ առարկայից։ 
 
5. Երեխային, անշուշտ, պետք է գովաբանել, երբ նա ինքնուրույն հագնվում ու լվացվում է, բայց նաև պետք է հասկացնել, որ դրանք սովորական, ամենօրյա հմտություններ են: Իսկ երբ մենք շատ ենք պնդում, որպեսզի երեխան մաքրի ատամները և հագնվի, ապա, անկախ նրա կամքից՝ մեծացնում ենք այդ գործողությունների նշանակությունը։ Եթե այդ գործերին մոտենանք հանգիստ, ինչպես և պետք է վերաբերել ամենօրյա հոգսերին, ապա երեխան նույնպես դրանք կսկսի ընկալել որպես հաճելի ժամանց։ 
 
Սկզբում մենք, անկասկած, որոշ դժվարությունների կհանդիպենք: Նման դեպքերում լավ կլինի երեխայի համար որևէ հետաքրքիր զբաղմունք հնարել։ Օրինակ՝ կարելի է առաջարկել, որպեսզի նա լվացվելուց հետո Ձեզ օգնի նախաճաշը պատրաստելու գործում՝ «...միայն թե արագ հագնվիր, այլապես չես հասցնի, ամեն ինչ ես մենակ կանեմ»։
 
Քանի որ նման ծրագիրն անձի ընդհանուր ինքնուրույնության ձևավորման միայն մեկ բաղկացուցիչ մասն է,ուստի պետք է նկատել՝ այդ ծրագրի արդյունավետությունն ուղիղ համեմատական է երեխայի հետ ունեցած փոխհարաբերություններին։ Մեր խնդիրը երեխայի մեջ որոշակի մտածելակերպ ձևավորելն է, իսկ այդ գործում մենք նվաճումներ կունենանք, եթե ինքներս լավ օրինակ ծառայենք փոքրիկի համար։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: