Հանրագիտարան

Սբ. Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող սուրբ հայրապետների և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակության օր

Սբ. Մետրոփանոսը Պրոբիոս կայսեր որդին էր: Ձեռնադրվել է Բյուզանդիոնի Տիտոս եպիսկոպոսի կողմից`   հաջորդելով նրան որպես եպիսկոպոս: Նա մեծ հավատ և բարի համբավ ունեցող հայրապետ է եղել, ով իր հեղինակությամբ կարողացել է ազդել անգամ Կոստանդիանոս Մեծի վրա: Նույն կայսեր հրամանով դարձել է Կ. Պոլսի առաջին եպիսկոպոսը:
Ծեր լինելու պատճառով նա չի կարողացել մասնակցել 325 թվականին Նիկիայի առաջին Տիեզերաժողովին`   իր փոխարեն ուղարկելով Աղեքսանդրին, ով հետագայում հաջորդեց նրան: Վախճանվել է խաղաղ մահով 326 թվականին:
 
Սբ. Աղեքսանդրոս հայրապետը հաջորդել է Մետրոփանոս հայրապետին: Ավանդության համաձայն`   նրան եպիսկոպոս են ձեռնադրվել Նիկիայի Տիեզերաժողովի մասնակից հայրապետները, երբ կայսեր հրավերով եկել էին մասնակցելու իր նախորդի հուղարկավորությանը:
 
Սբ. Աղեքսանդրը մասնակցել է Քրիստոսի Եկեղեցու առաջին Տիեզերաժողովին: Եղել է առատաձեռն, պերճախոս, արդար և աներեր հավատ ունեցող հայրապետ, ով իր ողջ գիտակցական կյանքում պայքար է մղել արիոսականության և հեթանոս իմաստասերների դեմ:
 
Եկեղեցական ավանդությունը վկայում է, որ նրա և Սբ. Հակոբ Մծբնա Հայրապետի աղոթքների շնորհիվ Արիոսը չարաչար մահով մահացել է: Սբ. Աղեքսանդր հայրապետը վախճանվել է 326 թվականին  (որոշ աղբյուրների համաձայն`   337 թվականին):
 
Սբ. Պողոս Խոստովանող Հայրապետը ծնվել է Սելանիկում: Նա հաջորդել է Կ. Պոլսի Աղեքսանդր հայրապետին: Կոստանցիոս կայսեր հրամանով աքսորվել է Պոնտոս արիոսականների դեմ ունեցած խիստ կեցվածքի համար: Կրկին Կ. Պոլիս է վերադարձել 338 թվականին:
 
Բացի սրանից, հայրապետին վիճակված էր ևս երեք անգամ գտնվել աքսորում: Վերջին անգամ աքսորն անցկացրել է Կոկիսոն քաղաքում, ուր և նահատակվել է: Արիոսականներ նրան խեղդել են պատարագի ժամանակ 350 թվականին:
 
Մարկիանոսը և Մարտիրոնն ավագ դպիրներ էին՝ միաժամանակ որպես նոտարներ Կ. Պոլսի պատրիարքարանում ծառայող: Լսելով Պողոս հայրապետի մահվան լուրը՝ ժողովրդի մեջ տարածում են, որ ուղղափառ հավատի ջերմեռանդ պաշտպանի մահվան պատճառն արիոսականներն են: Նրանց լռեցնելու համար քաղաքի արիոսական եպարքոսը գլխատել է տալիս նոտարներին 350 թվականին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: