Առողջապահություն

Առաջին օգնություն երեխաներին. ջրազրկում

Ջուրն անչափ կարևոր է բոլոր կենդանի օրգանիզմների համար: Երբ օրգանիզմը մեծ քանակով հեղուկ է կորցնում, առաջանում է վտանգավոր վիճակ`   ջրազրկում: Մինչև մեկ տարեկան երեխայի մարմնի քաշի մոտ 80%-ը կազմում է ջուրը, ուստի երեխաների համար, հատկապես՝ մինչև 1 տարեկան երեխաների, ջրազրկումը կարող է կյանքին սպառնացող վտանգ դառնալ: Շատ կարևոր է ժամանակին ճանաչել այն վիճակները, որոնք կարող են հանգեցնել ջրազրկման, և շտապ օգնություն ցուցաբերել:
Պատճառները
 
Ջրազրկման պատճառներն են`  
- լուծը,
- կրկնվող փսխումները, առատ քրտնարտադրությունը,
- մեծ մակերեսով կամ խորը այրվածքը,
- բարձր ջերմությունը:
 
Երբ մի քանի պատճառ համադրվում է, ջրազրկումը ավելի արագ է զարգանում, օրինակ, եթե երեխան ունի բարձր ջերմություն և լուծ, ապա դա ավելի արագ կհանգեցնի ջրազրկման, քան միայն լուծը կամ միայն բարձր ջերմություն ունենալը:
 
Ուշադրություն.
 
Փոքրահասակ երեխաների մոտ ջրազրկում կարող է առաջանալ նույնիսկ 1-2 անգամ ջրիկ փսխումի հետևանքով:
 
Նշանները
 
Ջրազրկման սկզբնական շրջանում ի հայտ են գալիս հետևյալ նշանները՝
 
- գրգռված, անհանգիստ վիճակ,
- աչքերը ներս ընկած են,
- ծարավի զգացումը արտահայտված է, երեխան ագահությամբ է ջուր խմում,
- բերանը և մաշկը չոր են:
 
Ծանր ջրազրկման մասին խոսում են հետևյալ նշանները՝
 
-  քնկոտություն, ընդհանուր թուլություն,
-  ծարավի բացակայություն, երեխան դժկամությամբ է ջուր խմում,
-  բերանը և մաշկը շատ չոր են,
-  աչքերը շատ ներս ընկած են, դիմագծերը`   սրված,
-  լացելիս արցունքներ չկան,
-  մեզի քանակը և միզելու հաճախականությունը պակասում են:
 
Ջրազրկման կանխարգելումը
 
-  Երեխաներին բավարար քանակությամբ հեղուկ տվեք, հատկապես՝ շոգ եղանակին: Շոգ եղանակին ջուր տվեք նաև կրծքով սնվող երեխաներին,
-  Երեխաներին տվեք եռացրած և հովացրած ջուր,
-  Տանն ունեցեք ջրազրկման ժամանակ օգտագործվող աղային լուծույթների պատրաստուկներ (օրինակ`   ռեհիդրոն),
-  Եթե երեխան լուծ է, բարձր ջերմություն ունի կամ փսխումները կրկնվում են, ապա առանց սպասելու ջրազրկման նշանների արտահայտվելուն, նրան հեղուկներ տվեք և շտապ դիմեք բժշկի:
 
Ուշադրություն.
 
Լուծի դեպքում մի´ շտապեք դիմել լուծը դադարեցնող դեղորայքների կամ տնային միջոցների: Լուծը կարող է լինել աղիքային վարակի նշան, և այդ միջոցները միայն կվատթարացնեն երեխայի վիճակը:
 
Ինչ անել
 
1. Ահազանգեք շտապ օգնություն կամ դիմեք բժշկի.
 
Եթե երեխան լուծ է, փսխումները կրկնվում են, առատ քրտնարտադրություն ունի կամ բարձր ջերմություն, միաժամանակ ի հայտ են գալիս ջրազրկման նշաններ, ապա շտապ դիմեք բժշկի: Եթե երեխայի վիճակը վատացել է գիշերը, բժշկի դիմելու խնդիրը մի հետաձգեք մինչև լուսանալը, անհապաղ ահազանգեք շտապ օգնություն:
 
Երեխայի ջրազրկման դեպքում հաճախ ներերակային ներարկումներ կատարելու անհրաժեշտություն է լինում, ինչը հնարավոր չէ անել տանը: Եթե բժիշկը խորհուրդ է տալիս երեխային հիվանդանոց տեղափոխել, մի հրաժարվեք: Ձեր սխալ որոշումը կարող է ճակատագրական լինել երեխայի համար:
 
2. Սկսեք հեղուկներ տալ:
 
Որքա՞ն հեղուկ տալ և ինչպե՞ս
 
Եթե երեխան 2 տարեկանից մեծ է, նրան անհրաժեշտ է հաճախակի հեղուկ տալ, սակայն փոքր կումերով: Օրական երեխային տրվող հեղուկի քանակությունը պետք է կազմի 800-1000 մլ (4-5 բաժակ): Եթե երեխան 2 տարեկանից փոքր է, անհրաժեշտ է նրան հեղուկը տալ թեյի գդալով յուրաքանչյուր 2 րոպեն մեկ: Այս դեպքում օրական տրվող հեղուկի ծավալը պետք է կազմի 200-500 մլ (1-2 բաժակ):
 
Հիշեք, որ եթե նույնիսկ երեխան սնվում է կրծքով, ջրազրկման դեպքում նրան, միևնույն է, անհրաժեշտ է լրացուցիչ հեղուկ տալ: Որպեսզի երեխան համաձայնի ռեհիդրոնի լուծույթ խմել և չփսխի, փորձեք նրան հաջորդաբար տալ մի կում ռեհիդրոն և մի կում կոմպոտ: Եթե երեխան հրաժարվում է ռեհիդրոնից կամ նման հեղուկներից, այդ դեպքում նրան կոմպոտ, թեյ կամ սովորական ջուր տվեք:
 
Եթե երեխան փսխում է, ապա անկախ տարիքից՝ հեղուկները նրան անհրաժեշտ է տալ ամեն 2-3 րոպեն մեկ`   1-ական թեյի գդալ: Միշտ հիշեք, որ եթե երեխան փսխում է, ապա նրա վիճակը շատ ավելի վտանգավոր է:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: