Հանրագիտարան

Կնքվել է Մուդրոսի զինադադարը

1918թ.-ի հոկտեմբերի 30-ին Լեմնոս կղզու Մուդրոս նավահանգստում Անտանտի ներկայացուցիչների և Թուրքիայի միջև կնքվել է Մուդրոսի զինադադարը: Հայաստանի շահերն անմիջականորեն շոշափող հոդվածներում ասվում էր, որ ռազմագերի հայերին պետք է հավաքել Կ.Պոլսում նրանց առանց խոչընդոտների դաշնակիցներին հանձնելու համար (հոդվ. 4):
11-րդ հոդվածով նախատեսվում էր թուրքական զորքերի էվակուացիան Անդրկովկասից, ըստ որում՝ մնացած զորքերը պետք է հեռացվեին «եթե դաշնակիցները պահանջեն դա՝ տեղերում իրավիճակը ուսումնասիրելուց հետո»: Հոդվ. 16-ով նախատեսվում էր թուրքական զորքերի դուրսբերումը Կիլիկիայից: Հոդված 24-ում ասված էր, որ «Հայկական նահանգներից որևէ մեկում անկարգությունների դեպքում դաշնակիցներն իրենց իրավունք են վերապահում գրավելու դրա մի մասը»:
 
Մուդրոսի զինադադարի պայմանները դաշնակիցների անունից Թուրքիային թելադրել էր անգլիացի ծովակալ Քալթորպը՝ առանց համաձայնեցնելու Անտանտի մյուս անդամների հետ: Այդ պայմանները քննարկման առարկա դարձան 1919թ.-ի հունվարի18-ին Փարիզում բացված հաշտության կոնֆերանսում: Հունվարի վերջին Անտանտի գերագույն խորհուրդը որոշում ընդունեց Օսմանյան կայսրությունից Հայաստանի, Սիրիայի, Պաղեստինի, Արաբիայի և Միջագետքի անջատման մասին:
 
Հետագայում, սակայն, Անտանտի պետությունները ոչ մի լուրջ քայլ չձեռնարկեցին իրագործելու Մուդրոսի զինադադարի այն պայմանները, որոնք կնպաստեին Հայկական հարցի արդարացի լուծմանը: Անկարայում կազմված թուրքական կառավարությունը մերժեց Մուդրոսի զինադադարը և հասավ դրա փաստացի վերացմանը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: