Առողջապահություն

Համակարգչով աշխատելու բացասական կողմերը

Շատերն արդեն իսկ համոզվել են, որ համակարգչի առկայության դեպքում աշխատանքն առավել դյուրին է դառնում։ Սակայն համակարգչով աշխատելն ունի նաև իր բացասական կողմերը։ Հաճախ այն կարող է զգալիորեն վնասել առողջությանը։ Կանխարգելումը, սակայն, երբեք ոչ ոքի չի վնասել։
Պարանոցի, մեջքի և դաստակների ցավ
 
Միևնույն դիրքում երկար ժամանակ նստելու դեպքում մեջքի մկանները լարվում են, տեղի է ունենում արյան հոսքի կանգ, առաջանում է այտուցվածություն ու ցավ։ Նյարդային վերջույթների ճնշման պարագայում զարգանում է մկանային բլոկադա (պետք չէ շփոթել օսթեոխոնդրոզի հետ), որն ուղեկցվում է զգայունության նվազեցմամբ և ցավերով։ Եթե սեղմվել են ողնաշարի պարանոցային հատվածի նյարդերը, ապա ցավային զգացողությունները կլինեն պարանոցի, ուսերի, ձեռքերի շրջանում, իսկ գոտկատեղի նյարդերի սեղմվելու դեպքում`   գոտկատեղում ու ոտքերում։
 
Նման դեպքերում նախ և առաջ անհրաժեշտ է ճիշտ կազմակերպել աշխատանքային պայմանները։ Գրասեղանի բարձրությունը պետք է լինի 75-85 սմ։ Ավելի լավ է նստել պտտվող բազկաթոռին, որը կունենա ճկվող հենակ և բազրիքներ։ Ստեղնաշարը դրեք այնպես, որ ստիպված չլինեք շատ ձգվել, իսկ մկնիկը պետք է լինի հնարավորինս մեծ`   թեթև կմախքով և մեծ գնդով։ Մի՛ վարանեք ժամանակ առ ժամանակ վեր կենալ և ձգվել։
 
Մաշկային ցան, մազաթափություն, թթվածնային քաղց
 
Համակարգիչը, ինչպես յուրաքանչյուր էլեկտրական սարք, էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուր է։ Էլեկտրաստատիկ դաշտի ազդեցության ներքո նույնիսկ ամենամանր փոշեհատիկները նստում են ձեռքերին, դեմքին և պարանոցին`   առաջացնելով տարաբնույթ ալերգիկ հակազդեցություններ, ինչպես նաև մաշկի և մազերի չորություն։ Անշուշտ, համակարգչի մոտ նստած աշխատակիցը լուրջ խնդիրներ չի ունենա, սակայն խորհուրդ է տրվում քսուքներ օգտագործել։
 
Այն սենյակում, որտեղ համակարգիչներ կան միացված, պետք է լավ օդափոխություն ապահովվի։ Կարելի է նաև իոնիզատորներ և օդը խոնավացնող միջոցներ կիրառել։ Յուրաքանչյուր մոնիտորի պետք է տրամադրել առնվազն 9-12մ/2 տարածք։ Եթե միևնույն սենյակում մի քանի համակարգիչ կա միացված, պետք է դասավորվածությունն այնպիսին լինի, որ յուրաքանչյուր աշխատակից միայն իր մոնիտորը տեսնի։
 
Աչքերի ու կոպերի կարմրությունն ու ցավը, արցունքոտվելը, ճակատի ու քունքերի մասերում լարվածությունն ու ցավը «դիսփլեային» հիվանդության նշաններն են: Հիվանդությունն առաջանում է մոնիտորի առջև երկար նստելուց։ Տեսողական հոգնածության (ասթենոպիա) առաջին ախտանշաններն ի հայտ են գալիս 45 րոպե համակարգչով անընդմեջ աշխատելուց հետո, իսկ 2 ժամ անց տեսողական դաշտը զգալիորեն նվազում է։
 
Համակարգչով 1-2 ժամ աշխատելուց հետո կարճատև ընդմիջումը բավական կկրճատի հոգնածության ցուցանիշները։ Մինչդեռ մոնիտորի առջև 4 ժամից ավելի աշխատելու դեպքում աչքերի հոգնածությունը կրկնապատկվում է։ Համակարգչի էկրանը թրթռում է, ինչը հոգնեցնում է աչքերը։ 75 հերցից ցածր հաճախականության պայմաններում համակարգիչներն աշխատում են զգալի լարվածությամբ, ահա թե ինչու, եթե մոնիտորի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս, ապա հաճախականությունը հնարավորինս բարձրացրեք՝ 85-100 հերց։
 
Բացի այդ, երբ մարդը երկար ժամանակ անթարթ նայում է հեռուստաէկրանին կամ մոնիտորին, աչքերը բավականաչափ չեն խոնավանում, և եթե սենյակի օդն էլ բավականաչափ խոնավ չէ, ապա բացասական հետևանքները կրկնապատկվում են։ Վերջերս ծրագրավորողները, բժիշկների հետ համագործակցելով, մի նոր ծրագիր են մշակել, որը համակարգչային էկրանի վրա աչքը թարթելու փոքրիկ նշան է բերում։ Այս հնարքը համակարգչի առջև նստած մարդկանց մոտ աչքերն ավելի հաճախ թարթելու մեխանիկական սովորություն է առաջացնում։
 
Մինչ այն տեղադրելը խորհուրդ է տրվում 40-45 րոպեն մեկ աչքերին հանգիստ տալ՝ արագ- արագ մոտավորապես 50 անգամ թարթել աչքերը, այնուհետև ժամացույցի սլաքի ուղղությամբ մի քանի անգամ աչքերով պտույտային շարժումներ կատարել։ Նույնը կրկնեք նաև հակառակ ուղղությամբ։ Հիշեք՝ սև ստեղնաշարերն ավելի արագ են հոգնեցնում աչքերը։ Խիստ վնասակար է մութ կամ ոչ բավականաչափ լուսավորված սենյակում համակարգչի մոտ աշխատելը։ Սենյակի և մոնիտորի լուսավորությունը պետք է համարժեք լինի։
 
Համակարգչից պաշտպանվելու մի քանի խորհուրդներ.
 
- Մոնիտորը տեղադրեք այնպես, որ այն ոչ թե անմիջապես աչքերի առջև լինի, այլ փոքր-ինչ թեք։ Էկրանի և աչքերի միջև հեռավորությունը պետք է լինի 70 սմ։ Էկրանն այնպիսի դիրքում պետք է լինի, որ արևի ճառագայթներն ու լամպի լույսն անմիջապես նրա վրա չընկնեն։ 
 
- Վաճառքի են հանվել հատուկ ակնոցներ, որոնք նախատեսված են համակարգչով աշխատելու համար։ Դրանք «վերացնում են» էկրանից եկող թրթռոցը, թուլացնում ցայտերանգը և պատկերն ավելի հստակ դարձնում։ 
 
- Էկրանից արձակվող թրթռոցն ու լույսը նկատելի են նույնիսկ այն ժամանակ, երբ մենք չենք աշխատում համակարգչով։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում աշխատանքն ավարտելուց հետո համակարգիչն անջատել։ Աշխատանքն ավելի դյուրին դարձնելու համար կարող եք համակարգիչը ծրագրավորել այնպես, որ ասենք մկնիկի շարժումով այն միանա և մի քանի րոպե չաշխատելուց հետո ինքն իրեն անջատվի։ 
 
- Խորհուրդ է տրվում նաև նվազեցնել պատկերի լուսավորությունն ու ցայտերանգը։ Եթե էկրանի ֆոնը սպիտակի փոխարեն լինի բաց մոխրագույն, իսկ պատկերը ոչ այնքան վառ, ապա ակնաբույժի մոտ գնալու կարիք չի լինի։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: