Հանրագիտարան

Ակիմ Թամիրով

1899թ.-ի հոկտեմբերի 29-ին է ծնվել թատրոնի և կինոյի դերասան Ակիմ Թամիրովը: Ծագումով հայ դերասանը կրթությունն ստացել է Մոսկվայի Գեղարվեստական Թատերական դպրոցում: 1923 թվականին տեղափոխվում է Փարիզ, ապա մեկնում ԱՄՆ և շարունակում իր դերասանական կարիերան Հոլիվուդում:
Սկզբնական շրջանում Թամիրովը խաղում է Մ. Բալիևի «Չղջիկ» խմբում, ապա Նյու Յորքի «Գիլդ» թատրոնում: Թողնելով թատրոնը`   հիմնում է բեմական գրիմի սեփական ակադեմիան, սակայն Մեծ Ճգնաժամի տարիներին սնանկանում է և կորցնում ակադեմիան: Դրանից հետո Թամիրովը գումար է վաստակում՝ աշխատելով որպես տաքսու վարորդ: Կինը`   դերասանուհի Թամարա Շեյնը, աշխատում է ռեստորանում որպես մատուցողուհի:
 
Առաջին դերը կինոյում խաղացել է 1932 թ.-ին «Օ'Քեյ Ամերիկա» ֆիլմում: Սկզբում խաղացել է էպիզոդիկ դերերում: Խաղալով Ռուբեն Մամուլյանի «Թագուհի Քրիստինա» ֆիլմում`   ճանաչում է ձեռք բերում և 1934թ.-ից նրան են վստահվում ինչպես երկրորդական, այնպես էլ գլխավոր դերեր: Նրանով հետաքրքրվում է այդ ժամանակների նշանավոր գործիչներից մեկը`   Օրսոն Ուելսը, ում ֆիլմերում Ակիմ Թամիրովը կերտում է հետաքրքիր հերոսների:
 
1950-60-ական թթ. Թամիրովը մեկնում է Եվրոպա և նկարահանվում տարբեր երկրներում`   Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա և այլն: Կարիերայի ավարտին Թամիրովին՝ որպես պատվավոր հյուրի, հաճախ են հրավիրում հեռուստատեսություն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: