Հանրագիտարան

Սուրեն Զուրաբյան

Սուրեն Իշխանի Զուրաբյանը ծնվել է 1899թ. հոկտեմբերի 20-ին Շուշի քաղաքում: 1919թ. ավարտել է Նոր Նախիջևանի գիմնազիան: 1927թ. ընդունվել է Երևանի պետական համալսարան և 1931թ. ավարտել է նրա բազայի վրա վերակառուցված Մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը:
1931թ.-ից ավելի քան 45 տարի Զուրաբյանն անընդմեջ աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ֆիզիկայի ամբիոնում սկզբում որպես ասիստենտ, 1940թ.-ից որպես ավագ դասախոս: 1961թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, իսկ 1963թ.-ին դարձել է դոցենտ:
 
Ս. Զուրաբյանը 1953-1955թթ. ղեկավարել է ԵրՊի ֆիզիկայի ամբիոնը: Համատեղության կարգով աշխատել է նաև Երևանի պետական համալսարանում, մանկավարժական, գյուղատնտեսական և անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտներում, ինչպես նաև Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի ինստիտիտում:
 
Ուսումնամանկավարժական գործունեությանը զուգահեռ Ս. Զուրաբյանը կատարել է նաև ուսումնամեթոդական և հետազոտական աշխատանքներ: Հ. Նավակատիկյանի և Ն. Քոչարյանի հետ կազմած «Ֆիզիկայի գործնական աշխատանքների ձեռնարկը» երկար տարիներ եղել է հանրապետության բուհերի ֆիզիկայի գործնական աշխատանքների հիմնական դասագիրքը:
 
Նրա գրչին է պատկանում հեռակա ֆակուլտետի ուսանողների համար գրված «Ֆիզիկայի դասընթացը»: Ս. Զուրաբյանն առաջարկել է հեղուկների և գազերի համար Արքիմեդի օրենքի ապացուցման նոր մեթոդ, ակադեմիկոս Ալիխանովի հետ հոդված է տպագրել կոսմիկական ճառագայթների հատկությունների վերաբերյալ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: