Առողջապահություն

Ի՞նչ անել, երբ երեխան վատ բառեր է գործածում

Ձեր փոքրիկը մանկապարտեզից տուն գալուն պես մի նոր «գեղեցիկ» բա՞ռ է ասում… Սա լուրջ խնդիր է, որի հետ բախվում են գրեթե բոլոր 3-7 տարեկան երեխաների ծնողները: Հոգեբաններն այս տարիքը նույնիսկ անվանում են «վատ բառերի տարիք»: Չէ՞ որ հենց այս տարիքում է փոքրիկն սկսում ճանաչել աշխարհը, սովորում է հազարավոր բառեր և, ցավոք, այդ բառերի մեջ են հայտնվում նաև վատ բառերը:
Այս ամենը կարելի է ուղղել, միայն թե ոչ մի դեպքում չի կարելի ուշանալ կամ սխալվել, հակառակ դեպքում ստիպված կլինեք շատ անգամներ ամաչել Ձեր երեխայի համար: Եվ այսպես, ի՞նչ անել: Նախ պարզենք, թե ինչու են երեխաներն այդքան շատ օգտագործում վատ բառեր:
 
Գրեթե միշտ երեխաներն ասում են այդ բառերն առանց հասկանալու դրանց իմաստը: Այդ դեպքում ինչո՞ւ են դրանք այդպես գրավում նրանց: Սովորական բառերը մարդիկ արտասանում են սովորական հնչերանգով, առանց ավելորդ էմոցիաների, իսկ վատ բառերն արտասանում են բարկացած, բարձր ձայնով, դեմքի յուրօրինակ արտահայտությամբ և բացասական էներգետիկայով:
 
Պարզ է, որ այս ամենն իր վրա է հրավիրում երեխայի ուշադրությունը, երեխան հիշում է բառը և «փորձարկում» այն տանը: Բառի հետ միասին երեխան կրկնօրինակում է նաև դրան ուղեկցող բացասական հնչերանգն ու էմոցիաները: Հավատացեք, նա միայն բավական ժամանակ անց է սկսում հետաքրքրվել բառի նշանակությամբ:
 
Բնական է, որ երեխան այս բառերը սովորում է կամ իր շրջապատից, կամ հեռուստացույցից: Իսկ ովքե՞ր են նրա շրջապատում: Իհարկե, ամենից առաջ հենց երեխայի ծնողները և հարազատները: Փոքրիկ աղջիկները պարզապես պաշտում են կրկնօրինակել իրենց մայրիկներին, իսկ տղաների համար օրինակ են ծառայում հայրերը: Երեխաներն անմիջապես մտապահում են այն խոսքերը, որոնք ասում են ծնողները:
 
Այնպես որ, երեխայի վրա բարկանալուց առաջ նախ մի լավ ուսումնասիրեք ինքներդ Ձեզ, բարկացած պահերին գուցե Դուք ինքներդ Ձեզ թույլ եք տալիս նման բառեր: Հնարավորինս վերացրեք դրանց գործածումը Ձեր տանը: Երեխան պետք է հասկանա, որ Ձեր տանը խոսում են մաքուր, գրագետ և քաղաքավարի:
 
Ինչ վերաբերում է հեռուստացույցին, ապա ընկերակցեք նրան այդ պահերին, ընտրեք այն հաղորդումներն ու մուլտֆիլմերը, որոնք նա դիտում է և բացատրեք անհասկանալի բառերի նշանակությունը այնպես, ինչպես հարկն է:
 
Ի՞նչ անել, երբ երեխան վատ բառեր է օգտագործում
 
Մի՛ բարկացեք նրա վրա և անմիջապես մի՛ պատժեք նրան: Երբ Դուք սկսեք բարկանալ, նրան կթվա, թե բավական է ասել այդ բառերը, նա կհայտնվի ուշադրության կենտրոնում: Հնարավոր է, որ Ձեզ բարկացնելու կամ հարազատների ուշադրությունն իր վրա հրավիրելու համար նա կրկին օգտագործի դրանք:
 
Եթե երեխան առաջին անգամ է գործածել այդ բառը, կարող եք ուշադրություն չդարձնել: Հավանաբար, նա առանց հասկանալու է կիրառել այն, բայց երբ տեսնի, որ որևէ արձագանք չի գտնում տանը, գուցե և մոռանա: Երկրորդ անգամ երեխայից նման բառ լսելու դեպքում հարկավոր է միջոցներ ձեռնարկել:
 
Երբեք մի ծիծաղեք, երբ Ձեր երեխան նման բառեր է օգտագործում: Ցավոք, դա շատ տարածված է հատկապես տղամարդկանց շրջանում: Ոչ մի դեպքում մի ասեք երեխային. «Դու դեռ շատ փոքր ես նման բառեր ասելու համար»: Այդ դեպքում երեխան կկարծի, թե մեծերին թույլատրված է նման բառեր ասել և մեծ երևալու համար կշարունակի գործածել դրանք բակում կամ մանկապարտեզում:
 
Ցույց տվեք ոչ թե Ձեր բարկությունը, այլ Ձեր հիասթափությունը: Թող երեխան հասկանա, որ Դուք տխրում եք նրանից վատ խոսքեր լսելով: Նախադպրոցական տարիքի երեխայի համար չափազանց կարևոր է իր ծնողների սերը և նա ոչ մի դեպքում չի ցանկանա տխրեցնել Ձեզ ու ցավ պատճառել:
 
Երեխայի բառապաշարը դեռ փոքր է, և եթե Դուք արգելում եք նրան գործածել նման բառեր, ապա փոխարենը պետք է հարստացնեք նրա բառապաշարը լավ ու գեղեցիկ բառերով: Կարդացեք նրա համար գեղեցիկ ու մաքուր հայերենով հեքիաթներ, խաղացեք զարգացնող խաղեր, հաճախ զրուցեք և զբոսնեք նրա հետ միասին: Եվ հիշեք`   Ձեր փոքրիկի լավագույն օրինակը հենց Դուք եք…
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: