Առողջապահություն

Հեռուստացույց դիտե՞լ, թե՞ ոչ

Այսօր հոգեբանները և գիտնականները միաձայն պնդում են, որ հեռուստացույցն առաջին հերթին ազդում է երեխայի նյարդային համակարգի վրա, որն էլ անրադառնում է երեխայի առողջության և վարքի վրա:

Հեռուստացույցը հիպնոտիկ մի դաշտ է ստեղծում, որն ստիպում է երեխաներին ժամերով գամվել էկրանին։ Երբ հեռուստացույցն անջատվում է, ուղեղի բետա ալիքները (արթնության ալիքները) իրենց տեղը զիջում են  դանդաղ ալֆա ալիքներին (որոնք դիտվում են այն ժամանակ, երբ մարդը պատրաստվում է քնել)։

 

Դրա հետևանքով ուշադրությունը դառնում է ցրված, տեսողությունն ու լսողությունը բթանում են, իջնում է ճանաչողական գործընթացների արագությունը։ Հեռուստացույց շատ դիտելուց ակտիվանում է երեխայի աջ կիսագունդը, որը պատասխանատու է զգացմունքային ռեակցիաների համար։

Հեռուստացույցը  բացասաբար է ազդում երևակայության վրա

 

Հեռուստացույց  դիտելու հետևանքով երեխայի երևակայությունը սահմանափակվում է։ Գերմանացի  մանկաբույժ Պիտր Վինտերշտայնն ավելի քան 17 տարի ուսումնասիրել է 5-6 տարեկան երեխաներին և պարզել, որ որքան շատ է երեխան ժամանակ անցկացնում հեռուստացույցի առջև, այնքան քիչ դետալներ է օգտագործում նկարելիս, այնքան նկարված կերպարներն անարտահայտիչ են, սխեմատիկ ու անկենդան։

Խանգարում է կենտրոնանալուն

Հեռուստացույցն ազդում է նաև երեխայի ուսման պրոցեսի վրա։ Որքան վաղ հասակից է երեխան տարվում հեռուստացույցով, այնքան տուժում է առաջադիմությունը, քանի որ ծանրաբեռնվում են ուշադրությունը, լսողական և տեսողական համակարգերը։

Խանգարվում է քունը

Այն երեխաները, որոնք չարաշահում են հեռուստացույց դիտելը, ավելի դժվար են քնում, գիշերները հաճախ են զարթնում, մղջավանջներ տեսնում։ Այս բոլոր բարդությունները շարունակվում են նաև ավելի մեծ տարիքում։

Նպաստում է ճարպակալմանը

Երկար ժամանակ հեռուստացույցի առջև անշարժ գամված մնալով`   երեխան աստիճանաբար սովորում է նստակյաց կյանքի, ինչն էլ նպաստում է գիրանալուն։ Առաջին խանգարումը, որ դիտվում է հեռուստացույցի չարաշահման դեպքում, քնի խանգարումն է, իսկ ոչ բավարար քունը նպաստում է մարսողության ոչ լիարժեք իրականացմանը։

Նպաստում է ագրեսիայի առաջացմանը

Վերջին 20 տարվա  ընթացքում ԱՄՆ-ում  ուսումնասիրություններ են կատարվել հեռուստացույցի չարաշահման և հանցագործության քանակի ավելացման միջև եղած կապը պարզելու համար։ Ազդեցությունն առավել ակնհայտ է թրիլեր և մարտաֆիլմեր սիրողների վրա։

Էկրանից ցուցադրվող ագրեսիան և բռնությունն ուղեղն ընկալում է որպես իրական տեսարան, մենք տագնապ և անվստահություն ենք ապրում, իսկ  ուղեղի համապատասխան կենտրոնները գրգռվելով՝ նպաստում են փախուստի և ագրեսիայի ակտիվացմանը։ Երբ մարդը պարբերաբար նայում է դաժան սցենարներով ֆիլմեր, տեսարաններ, հուզական արձագանքները նման երևույթների նկատմամբ թուլանում են։

Այսպես, երեխան աստիճանաբար սովորում է բռնությանը և սկսում է սառնասրտորեն այդ ամենը վերարտադրել։ Հաճախ երեխաները դիմում են նմանատիպ քայլերի այն ժամանակ, երբ կարծում են, որ իրենց արարքն անպատիժ կմնա։

Խորհուրդ  ծնողներին

Աշխատեք մինչև 7 տարեկան երեխային մենակ չթողնել հեռուստացույցի առջև, եթե նույնիսկ նա անվտանգ բովանդակության մուլտֆիլմ է դիտում։ Ուշադիր հետևեք նրա ռեակցիաներին, մեկնաբանեք նրան հասականալի լեզվով, թե ինչ է կատարվում էկրանին։

Ծնողին լսելով`   երեխան սովորում է արտահայտել իր հույզերը։ Դա օգնում է, որ վստահություն ձևավորվի երեխայի և ծնողի միջև։ Ցանկալի է, որ երեխան մուլֆիլմեր դիտի 3-4 տարեկանից ոչ շուտ, երբ արդեն ընդունակ է հասկանալու ոչ բարդ սյուժեներ: Երեխան նույնացնում է իրեն հերոսի հետ, ցուցաբերում է հերոսին բնորոշ վարք։

 

Ցանկալի է, որ մինչև 1 տ. երեխաներն առհասարակ  չդիտեն հեռուստացույց, իսկ 1 տարեկանից սկսած`    օրական 30 րոպե կամ 1 ժամից ոչ ավել։ Ցանկալի է, որ երեխայի սենյակում  հեռուստացույց  չլինի։ Մի միացրեք հեռուստացույցը դպրոց գնալուց առաջ. դա կարող է շեղել երեխայի ուշադրությունն ուսումնական պրոցեսից։ Հետևեք, թե երեխան ինչպիսի հաղորդումներ է նայում և որքան ժամանակ է անցկացնում էկրանի  առջև։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն երեխանները, ովքեր նայում են կրթական հաղորդումներ, ավելի հեշտությամբ են հարմարվում սոցիալական միջավայրին, առաջադեմ են դպրոցում, ունեն ավելի հարուստ բառապաշար։ Ծնողներն այդ հարցերում պետք է բավականին պատասխանատու լինեն, քանի որ այդ տարիքում ծնողները հեղինակություն են երեխայի համար, և նրանց արած առաջարկություններն ընդունվում են փոքրիկի կողմից։

Երեխային հեռուստացույցից օգտվելու մշակույթին սովորեցրեք Ձեր իսկ փորձով։ Այն ծնողները, ովքեր հեռուստամոլ են, դժվար թե կարողանան իրենց երեխաներին օգնել այս հարցում։ Սակայն նրանք պետք է այս կանոնները պահպանեն գոնե մանուկ հասակում`   հասկանալով, որ դա բացասաբար է ազդում  երեխայի ուղեղի զարգացման վրա։

Հիշեք, որ դաժանության և բռնության տեսարանները մեծապես վնասում են երեխային, հետագայում կարող են լուրջ ազդեցություն թողնել երեխայի հոգեկան աշխարհի վրա։ Խոսեք երեխայի հետ այն հույզերի մասին, որոնք առաջանում են նրա մոտ հեռուստացույց դիտելիս։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: