Առողջապահություն

Ի՞նչ անել, երբ երեխան վատ տրամադրություն ունի

Երեխայի տրամադրությունը կարող է փոխվել մեկ վայրկյանում. այս պահին նա ուրախ է, մյուս պահին՝ ձանձրացած, հետո՝ կամակոր: Ո՞րն է խնդիրը, և ինչպե՞ս օգնել երեխային՝ սովորելու կառավարել սեփական էմոցիաները:
Անկախ նրանից, թե ինչ է զգում երեխան, որպես ծնող ձեր առաջին գործը նրան ապրումակցելն է: Երեխան պետք է զգա, որ անտարբեր չեք նրա նկատմամաբ, հասկանում եք նրան: Երբ ինչ-որ բան անհանգստացնում է երեխային, բնական է, որ ծնողի մոտ առաջանում է դա ուղղելու ցանկություն:
 
Իհարկե, գրավիչ է երեխայի տխրությունը պաղպաղակով և թխվածքաբլիթով հաղթահարելը կամ բարկության պահին նրանց ուշադրությունը հեռուստացույցով ու խաղերով շեղելը, բայց զսպեք դա:
 
Քաղցր ու առհասարակ անառողջ սնունդը և հեռուստացույցի առջև անցկացրած երկար ժամերը կարող են նպաստել երեխայի քաշի ավելացմանն ու ճարպակալմանը: Բացառությամբ այն դեպքերի, երբ երեխան իրոք ճգնաժամի մեջ է, լավ կլինի, թույլ տաք նրան գտնել իր սեփական լուծումներն ու ինքնուրույն հաղթահարել իրավիճակը:
 
Տխրությունը բնական զգացում է, բոլորս էլ ժամանակ առ ժամանակ հայտնվում ենք այդ հոգեվիճակում: Կարևորն այն է, որ ընդունեք սա և ուղղակի փորձեք պարզել՝ ինչն է տխրեցնում ձեր երեխային:
 
Ամեն դեպքում, մի՛ փորձեք ինքներդ լուծել խնդիրը կամ միանգամից բարձրացնել երեխայի տրամադրությունը. նա պետք է ձևավորի իր զգացումները տարբերակելու և հաղթահարելու հմտությունները: Օգնեք երեխային ընկալել հույզերի նշանակությունը և ձևակերպել դրանք, օրինակ՝ ասելով.«Համոզված եմ, որ տխրեցիր, երբ ընկերդ այսօր հրաժարվեց խաղալ քեզ հետ»:
 
Եթե կարողանում ենք գիտակցել ու անվանել զգացումը, կարողանում ենք նաև սանձել այն: Բացատրեք երեխային, որ բնական է երբեմն վատ տրամադրություն ունենալը, միասին փորձեք գտնել ինչ-որ բան, որը կօգնի նրան լավ զգալ: Առաջարկեք միասին զբոսնել կամ ֆիլմ դիտել: Երեխան կհետևի ձեր օրինակին, եթե առաջնորդեք իրեն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: