Առողջապահություն

Առաջին օգնություն երեխաներին

Մտածելով երեխաների հետ պատահող դժբախտ պատահարների մասին`   կարևոր է հաշվի առնել`  
- գործոնները, որոնք պայմանավորված են երեխայի վարքով,
- առարկաները, որոնք պատահարների պատճառ են դառնում,
- միջավայրը, որտեղ տեղի է ունենում պատահարը:
Երեխային առնչվող դժբախտ պատահարների մեծամասնությունը կարելի է կանխել, եթե ծնողն իմանա դրանց առաջացման պատճառները և աշխատի խուսափել դրանցից: Եթե մեզ մանկուց հաջողվի երեխայի մոտ անվտանգ վարքագիծ ձևավորել, ապա նա ինքը կխուսափի հնարավոր վտանգներից: Հաշվի առնելով, որ երեխան հիմնականում սովորում է տեսածը կրկնօրինակելով, ծնողը պետք է լինի նրա դաստիարակության և անվտանգ վարքագծի ձևավորման լավագույն օրինակը:
 
Շատ կարևոր է նաև երեխայի տարիքը, օրինակ`   6-12 ամսական երեխաները ոչ միշտ են հասկանում «մի արա», «չի կարելի» բառերի իմաստը: Նույնիսկ եթե ծնողը քսան անգամ զգուշացնի երեխային, որ նա չմոտենա վառարանին կամ չվերցնի տաք թեյով լի բաժակը, երեխան կօգտագործի իր բոլոր հնարավորություններն արգելված առարկային հասնելու համար: Այս տարիքում երեխայի մոտ դեռ բավարար զարգացած չէ վտանգի զգացողությունը: Նա շարունակ փորձարկում և վերափորձարկում է իրականությունը, որն այդ տարիքում երեխայի բնականոն զարգացման և սովորելու ուղին է:
 
Ծնողները պետք է հաշվի առնեն նաև երեխայի խառնվածքը. չափազանց ակտիվ և հետաքրքրասեր երեխան ավելի շատ պատահարների է հանդիպում: Եթե երեխան կամակոր է, շուտ է հուսահատվում կամ չի կարողանում կենտրոնանալ, նրա նկատմամբ անհրաժեշտ է չափազանց ուշադիր լինել. չի բացառվում, որ նա կփորձի խախտել անվտանգության կանոնները: Տանն անվտանգ միջավայր ստեղծելու քայլերը տարբերվում են`   կախված երեխայի տարիքից: Շատ լուրջ վնասվածքներ կարող են կանխվել, եթե ծնողները և խնամողները ուշադիր հետևեն երեխաներին`   մաքուր պահելով նրանց միջավայրը:
 
Եթե ձեք երեխան մինչև 6 ամսական է, ապա նկատի ունեցեք`   մինչև 6 ամսական երեխային ավելի շատ սպառնում են ծնողի անզգուշության և անուշադրության հետևանքով առաջացած վտանգներ, այսինքն`   այս տարիքի երեխան պետք է մշտապես լինի մեծահասակի հետ, մենակ չմնա, պետք է ապահովվի նրա անվտանգությունը քնելու, ուտելու, խաղալու ժամանակ: Դա ավելի շատ վերաբերում է կահավորանքին, խաղալիքներին:
 
Եթե երեխան 6-12 ամսական է, ապա երեխային պետք է պահել մշտական ուշադրության կենտրոնում, քանի որ այս տարիքում գլխավորը շարժողական ակտիվության զարգացումն է: Եթե դեռ երեկ 3-4 ամսական երեխան անշարժ պառկած էր մեջքի վրա և չէր կարող փորի վրա շուռ գալ, ապա այսօր, երբ փորձում են հագուստը փոխել, նա ինքնուրույն շուռումուռ է գալիս: Եթե ժամանակին ուշադրություն չդարձնեք նրա այդ ֆիզիկական զարգացմանը և անուշադրության մատնենք նրան, ապա վայրկյաններ անց նա կարող է հայտնվել գետնին:
 
Խուսափեք երեխային քայլել սովորեցնելու համար քայլակ (ժողովրդական լեզվով`   ճռիկ) օգտագործելուց: Այն իրականում չի սովորեցնում երեխային քայլել և կարող է վտանգավոր լինել. երեխան կարող է ընկնել (հատկապես գորգի եզրի, դռան շեմքի վրայով անցնելիս), կարող է գլորվել աստիճաններից ու վնասել գլուխը:
 
Եթե երեխան 18 ամսականից 4 տարեկան է, ապա առկա է լուրջ, կյանքին սպառնացող վնասվածքներ ստանալու բարձր հավանականություն: Այս վնասվածքների մեծ մասը պատահում է տանը: Անկախ նախկին սովորություններից`   ծնողները պետք է գիտակցեն տանը որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: Բոլոր այդ քայլերը կտրուկ կնվազեցնեն տանը պատահող դժբախտ պատահարների հավանականությունը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: