Առողջապահություն

Ճիշտ սնվելու սկզբունքները

Շատ հաճախ մարդիկ սնվելուն քիչ ժամանակ են հատկացնում, սնվում են շատ արագ, այնինչ կերակուրը պետք է ուտել առանց շտապելու:
Դանդաղ սնվելու պատճառները
Դանդաղ սնվելու ամենատեսանելի արդյունքն ընդունվող սննդի ծավալի քչացումն է: Դրան հաջորդում է քաշի նվազումը և առողջական վիճակի լավացումը, ներառյալ՝ զարկերակային ճնշման իջեցումը և արթրիտի կանխարգելումը: Դանդաղ սնվելու հիմնական պատճառներն են՝
 
1. Ախորժակի նվազումը
Դանդաղ ուտելիս ախորժակն աստիճանաբար նվազում է: Ուղեղին պետք է տասնհինգ-քսան րոպե, որպեսզի այն սկսի ազդանշաններ տալ այն մասին, որ դուք արդեն կուշտ եք: Երբ դուք արագ եք ուտում, հասցնում եք չափազանց շատ կուլ տալ մինչև այն պահը, երբ զգում եք, որ «բավական»-ի սահմանը վաղուց անցել եք:
 
2. Քաշի հսկողություն
Սննդի ընդունման արագությամբ է բացատրվում հանրահայտ «ֆրանսիական պարադոքսը»՝ ԱՄՆ-ի համեմատությամբ սրտանոթային հիվանդությունների հարաբերական ցածր տոկոսը ֆրանսիայում: Ապացուցվել է, որ անմիջական կապ գոյություն ունի սննդամթերքի ընդունման արագության և մարմնի քաշի միջև:
 
3. Մարսողության լավացում
Հայտնի է, որ մարսողությունն սկսվում է բերանում, որտեղ թուքը խառնվում է սննդի հետ և տրոհում է այն առանձին տարրերի, որոնք օրգանիզմը կարող է յուրացնել՝ ստանալով էներգիա: Եթե դուք լավ եք ծամում սնունդը, ապա մարսողությունն իրականանում է լիարժեք և անխափան:
 
4. Վայելեք ձեր ընդունած սննդի համը
Երբ դուք դանդաղ եք ուտում, սկսում եք իրականում զգալ սննդի համը: Միայն լավ ծամելիս կարող եք զանազանել տարբեր մթերքների համերը, կառուցվածքն ու հոտերը: Ձեր սնունդը դառնում է ավելի հետաքրքիր:
 
5. Քանակն ընդդեմ որակի
Արագ կուլ տալու սիրահարներն ավելի հակված են մեծ քանակությամբ անորակ, քան քիչ քանակությամբ որակյալ սննդամթերքի օգտագործմանը: Հնարավոր է`   դուք զրկում եք ձեզ որոշ մթերքներից գնի պատճառով: Եթե ձեռք բերեք այդ մթերքները մի քանի անգամ ավելի քիչ քանակությամբ, ապա նույն  ծախսի պայմաններում դուք ավելի քիչ կուտեք,  բայց դա կլինի առավել որակյալ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: