Առողջապահություն

Մանկապարտեզի անհրաժեշտությունը

Մանկապարտեզ գնալը շատ կարևոր է յուրաքանչյուր փոքրիկի դաստիարակության համար: Երեխաները հիմնականում չեն ցանկանում գնալ մանկապարտեզ, սակայն ծնողները պետք է կարողանան համոզել և ազատել նրանց մանկապարտեզի հանդեպ ունեցած վախից:
Հոգեբան Զառա Նոնինյանը նշում է, որ ծնողը պետք է նախապատրաստի երեխային մանկապարտեզ գնալուն: Ծնողը պետք է գիտակցի, որ երեխան նոր միջավայր,  մտնում է նոր աշխարհ`   նոր կանոններով, նոր առօրյայով:
 
Պետք է զրուցել երեխայի հետ մանակապարտեզի առօրյայի, կանոնների մասին: Երեխան պետք է նախապես իմանա, թե ուր է գնում, պետք է գիտակցի, որ դաստիարակների ուշադրությունը հավասարապես է բաշխված լինելու բոլոր երեխաների վրա: Նա պետք է հասկանա, որ անհրաժեշտ է ենթարկվել որոշակի կանոնների:
 
Կարելի է տանը խաղալ երեխայի հետ դաստիարակ-երեխա խաղը, ընդ որում`   լավ կլինի, որ դերերը փոխվեն (մեկ ծնողը լինի դաստիարակի դերում, մեկ`   երեխան):
 
Ծնողը պետք է բացատրի երեխային, որ մանկապարտեզում ուրիշ շատ երեխաներ էլ կան, որոնց հետ նա պետք է շփվի ու խաղա: Չի՛ կարելի երեխային պատմել այնպիսի բաներ, որոնք իրականում չկան մանկապարտեզում, այլապես երեխան կհիասթափվի՝ տեսնելով, որ այդ ամենը գոյություն չունի:
 
Հնարավորություն դեպքում կարելի է երեխային նախապես ծանոթացնել դաստիարակի և իր խմբի երեխաների հետ: Ցանկալի է, որ ծնողը դաստիարակին տեղեկացնի իր երեխայի բնավորության առանձնահատկությունների մասին (ի՞նչ է սիրում կամ չի սիրում, ամաչկոտ է և այլն):
 
Երբ ծնողը երեխային մանկապարտեզ է բերում, բաժանումը պետք է գործնական բնույթ կրի, պետք չէ ձգձգել բաժանման պահը: Հարմարվելու գործընթացն ամենաքիչը մեկ ամիս է տևում: Ծնողը պետք է այդ մեկ ամսվա ընթացքում ավելի համբերատար և ըմբռնող լինի:
 
Աղբյուրը`   Impoqrik.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: