Հանրագիտարան

Ստորագրվել է ՄԱԿ-ի կանոնադրությունը

1945թ. հունիսի 26-ին ստորագրվել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ)
կանոնադրությունը: ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ:

Հիմնադրման նպատակն է եղել ժողովուրդների միջև խաղաղության ու անվտանգության ամրապնդման և պետությունների խաղաղ համագործակցության զարգացումը:

 

ՄԱԿ-ի գլխավոր մարմիններն են Գլխավոր վեհաժողովը, Անվտանգության, Տնտեսական և սոցիալական, Խնամակալության խորհուրդները, Միջազգային դատարանը, Քարտուղարությունը: ՄԱԿ-ի գործունեությունն ամբողջացնում են մասնագիտացված հաստատությունները և այլ հիմնարկներ:

 

ՄԱԿ-ի անդամ կարող են դառնալ այն պետությունները, որոնք հնարավորություն և ցանկություն ունեն կատարելու կանոնադրությամբ սահմանված պարտավորությունները:

 

Ըստ ՄԱԿ-ի կանոնադրության՝ բոլոր անդամներն իրավահավասար են և պարտավորվում են՝ 

  • հրաժարվել միջազգային հարաբերություններում ուժի գործադրումից կամ գործադրման սպառնալիքից, 
  • միջազգային վեճերը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով, 
  • չմիջամտել ՄԱԿ-ի անդամ պետությունների ներքին գործերին:

 

Միջազգային խաղաղությունն ու անվտանգությունն ամրապնդելու նպատակով ՄԱԿ-ը պարտավոր է՝
  • ձեռնարկել խաղաղությանը սպառնացող վտանգի վերացման, ագրեսիայի ակտերն ու խաղաղության դեմ ուղղված մյուս գործողությունները ճնշելու համընդհանուր միջոցներ,
  • զարգացնել ազգամիջյան բարեկամական հարաբերություններ,
  • նպաստել սոցիալ-մշակութային և հումանիտար խնդիրների իրականացման միջազգային համագործակցությանը,
  • հարգել մարդու իրավունքներն ու հիմնական ազատությունները՝ անկախ սեռից, լեզվից ու կրոնից (ՄԱԿ-ի կանոնադրություն, հոդված 1):

 

ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություններից է ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ կրթության, գիտության և մշակույթի միջկառավարական կազմակերպությունը: Գործում է 1946թ.-ի նոյեմբերից: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեությունն ընդգրկում է հարցերի լայն շրջանակ`  
  • վերացնել անգրագիտությունը և պայքարել խտրականության դեմ կրթության ոլորտում,
  • դաստիարակել երիտասարդությանը խաղաղության և միջազգային փոխըմբռնման ոգով, 
  • օժանդակել ազգային կադրերի պատրաստմանը,
  • ուսումնասիրել ազգային մշակույթները, 
  • ապահովել միջազգային համագործակցություն գիտության բնագավառում և այլն:
ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են անգլերենը, ֆրանսերենը, իսպաներենը, ռուսերենն ու չինարենը: ՄԱԿ-ին անդամակցում է ավելի քան 190 պետություն: 1992թ.-ի մարտի 2-ից ՄԱԿ-ի անդամ է նաև Հայաստանի Հանրապետությունը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: