Հանրագիտարան

Մորիս Ռավել

Ֆրանսիացի երգահան, դիրիժոր Մորիս Ռավելը ծնվել է1875թ.-ի մարտի 7-ին: Նա 20-րդ դարի խոշորագույն արվեստագետներից է, դաշնամուրային նոր ոճի սկզբնավորողներից, երաժշտության մեջ զարգացրել է իմպրեսիոնիզմի սկզբունքները:
Մորիս Ռավելի հայրը շվեյցարացի էր, մայրը՝ բասկ: 1882թ. աշակերտել է Անրի Գիզին (դաշնամուր), 1887թ.՝ Շառլ Ռենեին (հարմոնիա): 1905թ. ավարտել է Փարիզի կոնսերվատորիայի դաշնամուրի (դասատու՝ Շառլ Վիլֆրիդ դը Բերիո) և ստեղծագործական (դասատու՝ Գաբրիել Ֆորե) բաժինները:
 
Նրա վաղ շրջանի գործերը կրել են Էրիկ Սատիի, Կլոդ Դեբյուսիի, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի, Մոդեստ Մուսորգսկու, Ալեքսանդր Բորոդինի ազդեցությունը: 1900-ական թվականներին ճանաչվել է երաժշտական փոքր ստեղծագործությունների վարպետ: 1905-1914թթ.՝ ստեղծագործական առավել բեղուն շրջանում, հաստատվել են Ռավելի արվեստի սկզբունքները, բյուրեղացել է նրա ինքնատիպ, վառ ու գունեղ ոճը:
 
1915-1917թթ. նա կամավոր մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին (1914-1918թթ.): 1917թ. Ռավելը գրել է «Կուպերենի դամբարանը» դաշնամուրային շարքը, որը նվիրել է պատերազմում զոհված իր ընկերների հիշատակին: Հետպատերազմյան տարիներին կոմպոզիտորն իր ստեղծագործության մեջ առավել կարևորել է դրամատիկական խստաշունչ կերպարների դերը, ավելի զուսպ դարձրել արտահայտման եղանակը: 
 
Իբրև դաշնակահար և դիրիժոր՝ Ռավելը մեծ հաջողությամբ ելույթներ է ունեցել Եվրոպայում, ԱՄՆ-ում և Կանադայում: Դաշնամուրային իմպրեսիոնիստական ոճի ստեղծագործություններից են «Ջրի խաղը» երաժշտական պիեսը, «Արտացոլումներ» և «Գիշերային տեսիլներ» շարքերը: «Իսպանական ժամ», «Մանուկն ու հրաշքը» օպերաներում, «Բնական պատմություններ» վոկալ շարքում դրսևորվել են նրա նվաճումները երաժշտական դեկլամացիայի (արտասանության) ոլորտում:
 
«Դափնիս և Քլոե», «Վալս», «Բոլերո» բալետներով և նվագախմբային «Իսպանական ռապսոդիայով» Ռավելը ճանաչվել է տաղանդավոր սիմֆոնիստ և գործիքավորման չգերազանցված վարպետ (լավագույններից է նաև Մ. Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» դաշնամուրային սյուիտների շարքի նվագախմբային փոխադրումը): 1925թ. Ռավելն ավարտել է «Մանուկն ու հրաշքը» նորարարական օպերան, որտեղ առաջին անգամ օգտագործել է իր ստեղծած գործիքը՝ էլիոֆոնը (նմանակել է քամու ձայները): 
 
1932թ. նա անվանի դաշնակահարուհի Մարգարիտա Լոնգի հետ հյուրախաղերով շրջագայել է Եվրոպայում: Ավտովթարի պատճառով անավարտ է թողել «Ժաննա դ’Արկ» բալետը: Կոմպոզիտորն իր վերջին՝ «Երեք երգ» ստեղծագործությունը գրել է «Դոն Կիխոտ» ֆիլմի (1933թ.) գլխավոր դերակատար, ռուս նշանավոր երգիչ Ֆեոդոր Շալյապինի համար:
 
Ռավելի երկերի մեծ մասը սերտորեն առնչվում է իսպանական թեմատիկային և երաժշտությանը: Նրա գործերին բնորոշ է պարային ժանրերի և ռիթմերի ուրույն վերաիմաստավորումը: Ջազային երաժշտության տարրեր կան ձախ ձեռքի համար գրած դաշնամուրի կոնցերտում (նվիրել է պատերազմում աջ ձեռքը կորցրած ավստրիացի դաշնակահար Պաուլ Վիտգենշտայնին) և ջութակի ու դաշնամուրի սոնատում:
 
Կյանքի վերջին տարիներին ծանր հիվանդության պատճառով գրեթե չի ստեղծագործել: Ռավելը եղել է Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր (1928թ.):
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: