Հանրագիտարան

Սերգեյ Ռախմանինով

Կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Սերգեյ Ռախմանինովը
ռուսական դասական երաժշտության ավանդույթների հետևորդներից է
և աշխարհում ճանաչված դաշնակահարներից:
Սերգեյ Ռախմանինովը նվագել է մանկուց: 1882թ.-ից սովորել է Սանկտ Պետերբուրգի, 1885թ.-ից՝ Մոսկվայի կոնսերվատորիաների փոքրահասակների բաժիններում: Ուսանելու տարիներին գրել է «Իշխան Ռոստիսլավ» սիմֆոնիկ պոեմը և դաշնամուրի Առաջին կոնցերտը: Նրա ստեղծագործական արվեստի ձևավորմանը մեծապես նպաստել է կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկին:
 
Ռախմանինովը 1892թ.-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի և ստեղծագործական (Մեծ ոսկե մեդալ) բաժինները: Դիպլոմային աշխատանքը «Ալեկո» մեկ գործողությամբ օպերան է (ըստ Ալեքսանդր Պուշկինի «Գնչուներ» պոեմի), որը 1893թ.-ին բեմադրվել է Մոսկվայի Մեծ թատրոնում: 
 
1890-ական թվականներին գրել է «Ժայռ» սիմֆոնիկ ֆանտազիան, «Էլեգիական տրիոն» (Պ. Չայկովսկու հիշատակին), Առաջին սիմֆոնիան, դաշնամուրային «Ֆանտազիա-պիեսներ», «Երաժշտական ակնթարթներ», ռոմանսներ և այլ գործեր: Նրա ստեղծագործական վերելքն սկսել է 1900թ.-ական թվականներից:
 
Ստեղծել է իր նշանավոր երկերի մեծ մասը՝ դաշնամուրի Երկրորդ և Երրորդ կոնցերտները, «Գարուն» կանտատը, «Ժլատ ասպետը» (ըստ Ա. Պուշկինի), «Ֆրանչեսկա դա Ռիմինի» (ըստ Ալիգիերի Դանտեի) օպերաները, Երկրորդ սիմֆոնիան, «Մեռյալների կղզին» սիմֆոնիկ պոեմը, նաև բազմաթիվ պրելյուդներ ու ռոմանսներ:
 
Ռախմանինովը 1906–1914թթ.-ին, որպես դաշնակահար և դիրիժոր, հանդես է եկել Եվրոպայում, ԱՄՆ-ում և Կանադայում, 1917թ.-ին՝ Շվեդիայում: Ճանաչվել է հատկապես ռուս կոմպոզիտորների օպերային և սիմֆոնիկ ստեղծագործությունների նորովի մեկնաբանմամբ:
 
1918թ. բնակվել է ԱՄՆ-ում: 1918-1943թթ.  գրել է դաշնամուրի Չորրորդ կոնցերտը, «Ռապսոդիա Պագանինիի թեմայով» դաշնամուրի և նվագախմբի համար, դաշնամուրային «Վարիացիաներ Կորելլիի թեմայով» և այլ գործեր: Հայրենիքի թեմայով գրած նրա «Ռուսական երեք երգ» (երգչախմբի և նվագախմբի համար), Երրորդ սիմֆոնիա, «Սիմֆոնիկ պարեր» ստեղծագործությունները համաշխարհային երաժշտության գագաթներից են:
 
Կոմպոզիտորը Հայրենական մեծ պատերազմի (1941-1945 թթ.) տարիներին համերգների հասույթը փոխանցել է Կարմիր բանակի և ԽՍՀՄ պաշտպանության հիմնադրամներին: Ռախմանինովի ստեղծագործության կարևորագույն բնագավառը դաշնամուրային երաժշտությունն է. գրել է մեծածավալ (4 կոնցերտ, «Ռապսոդիա Պագանինիի թեմայով» և այլն) և փոքրածավալ («Երաժշտական ակնթարթներ», «Էտյուդ-պատկերներ», պրելյուդներ և այլն) ստեղծագործություններ:
 
Հեղինակ է նաև ավելի քան 80 ռոմանսի: Նրա կատարողական արվեստին բնորոշ են տեխնիկական կատարելությունը, ինքնատիպ «ռախմանինովյան» ռիթմը: Կոմպոզիտորը մեծ ավանդ ունի նաև ռուսական հոգևոր երաժշտության զարգացման մեջ («Հովհան Ոսկեբերանի պատարագը», «Երեկոյան ժամերգություն» և այլն): Նա ռուսական ռոմանտիզմի լավագույն ավանդույթների հետևորդներից է:
 
Ռախմանինովը ստեղծագործական և բարեկամական կապեր է ունեցել հայ դիրիժոր և ջութակահար Կոստանդին Սարաջևի («Էլեգիական տրիո» ստեղծագործության առաջին կատարողներից էր) և գրող Մարիետա Շահինյանի հետ: Կոմպոզիտորի խնդրանքով իր ռոմանսների մեծ մասի բանաստեղծական տեքստերն ընտրել է Շահինյանը. լավագույններից է «Գիշերն իմ այգում» ռոմանսը (ըստ Ավետիք Իսահակյանի «Ուռենի» բանաստեղծության, թարգմանությունը՝ Ալեքսանդր Բլոկի):
 
Ռախմանինովը Շահինյանին է նվիրել իր «Մուսան» ռոմանսը (ըստ Ալեքսանդր Պուշկինի), իսկ Շահինյանը նրան է ձոնել իր «Orientalia» բանաստեղծությունների ժողովածուն: 2005թ. Երևանի օպերայի և բալետի թատրոնում բեմադրվել է Ռախմանինովի «Ալեկո» օպերան:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: