Հանրագիտարան

Միխայիլ Վրուբել

Միխայիլ Ալեքսանդրովիչ Վրուբելը ծնվել է 1856թ. մարտի 5-ին Օմսկ քաղաքում: Ռուս նկարիչ է, իմպրեսիոնիզմի նշանավոր ներկայացուցիչներից: Վրուբելը ծնվել է զինվորականի՝ սպայի ընտանիքում: 1864-1867թթ. ընտանիքի հետ ապրել է Սարատովում, որտեղ նկարչության մասնավոր դասեր է առել: 1874թ. ավարտել է Օդեսայի դասական գիմնազիան, ապա ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը, 1880-1884թթ. սովորել է Գեղարվեստի ակադեմիայում, աշակերտել է նկարիչ Պավել Չիստյակովին:
Վրուբելը շրջագայել է Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Շվեյցարիայում: Նա պայքարել է XIX դարի կերպարվեստի ակադեմիական սկզբունքների դեմ: Հետևելով Ալեքսանդր Իվանովի, Նիկոլայ Գեի գեղանկարչական ավանդույթներին՝ իր ստեղծագործության մեջ արծարծել է մարդու կեցության, բարու և չարի, նաև բարոյափիլիսոփայական խնդիրներ, դիմել է միջնադարյան և Վերածննդի ռոմանտիկ թեմաներին, անտիկ դիցաբանությանն ու ռուսական հեքիաթներին: 
 
Վրուբելի վաղ շրջանի գործերում զգացվում է աշխարհի բարդ պատկերն ստեղծելու ձգտումը, որն էլ հանգեցրել է մարդկային զգացումների և բնության օրգանական միահյուսմանը («Պան», 1899թ., «Եղրևանի», 1900թ.): 1883թ. նկարչին հրավիրել են Կիև, որտեղ մինչև 1889թ. ստեղծել է սրբապատկերներ և մի շարք որմնանկարներ Սբ. Կիրիլի եկեղեցում և Սբ. Վլադիմիրի տաճարում, որոնք համարվում են լավագույնները XIX դարի կրոնական գեղանկարչության մեջ:
 
Այդ շրջանի հայտնի գործերից է նաև «Աղջիկը պարսկական գորգի ֆոնին» (1886թ.) դիմանկարը: Բեկվող գիծը, մի քանի պլանների համադրումն առարկայի պատկերում, ծավալի մասնատումը նիստերի ու հարթությունների, լայն խճանկարչական գունագիծը, վառ գույների հուզական զուգորդումը Վրուբելի ստեղծագործության մեջ դարձել են տագնապալի և դրամատիկական աշխարհի ընկալման արտահայտչամիջոցներ, որոնք էլ պայմանավորել են նրա արվեստի ինքնատիպությունը: 1889թ.-ի վերջին նկարիչը տեղափոխվել է Մոսկվա: 
 
Այդ շրջանում ստեղծել է «Վենետիկ» (1893թ.), «Իսպանիա» (1894թ.), «Գուշակուհի» (1895 թ.) հաստոցային գործերը, քանդակային էսքիզներ («Եգիպտուհի», 1899-1900թթ. և այլն), մասնակցել է օպերային ներկայացումների ձևավորումների հիմնականում Ս. Մամոնտովի մասնավոր օպերային թատրոնում (Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Սադկո», «Սալթան թագավորի հեքիաթը» և այլն): Այդ տարիներին Վրուբելը նաև նկարազարդել է Միխայիլ Լերմոնտովի երկերը (մասնավորապես՝ «Դևը» պոեմը):
 
Նկարիչն առանցքային է դարձրել Դևի թեման, որտեղ արծարծել է չարի և բարու հավերժական հակամարտությունը, ստեղծել անարդարությունները չհանդուրժող, միայնության ողբերգական զգացումով տառապող հերոսական անհատի կերպարը: Այս թեման ավարտել է «Գահավիժած Դևը» (1902թ.) նկարով, որտեղ արտահայտված է նկարչի ներքին մեծ լարվածությունը: Վրուբելն ստեղծել է մի շարք դիմանկարներ, որոնք աչքի են ընկնում կերպարի փիլիսոփայական խորությամբ («Սավվա Մամոնտով», 1897թ., «Կ. Դ. Արցիբուշև», 1897թ., «Ն. Ի. Զաբելա-Վրուբել», 1898թ., «Որդու դիմանկարը», 1902թ., և այլն): 
 
Գաղտնիքի և լռության թեման Վրուբելն արտացոլել է «Համլետը և Օֆելյան» (1883թ.), «Նստած Դևը» (1890թ.) գործերում: Վրուբելի 1900-ական թվականների ստեղծագործության մեջ ի հայտ են եկել ողբերգական և հիվանդագին ընկճվածության տարրեր (1902թ. նկարիչը տառապել է ծանր հոգեկան հիվանդությամբ, իսկ 1906թ.-ին կուրացել է): Կյանքի վերջին շրջանում Վրուբելն ստեղծել է գրաֆիկական դիմանկարներ («Վալերի Բրյուսով», 1906թ.), բազմաթիվ բնանկարներ և նատյուրմորտներ: 
 
Վրուբելի`   ռուսական թեմայով ստեղծած լավագույն գործերից են «Իշխան Գվիդոնը և Կարապ-Արքայադուստրը» (1890թ.), «Միկուլա Սելյանինովիչը» (1895-1896թթ.), «Հսկան» (1898թ.) և այլն: Վրուբելի գործերից պահվում են Մոսկվայի Տրետյակովյան, Ռուսական և Օմսկի Վրուբելի անվան  թանգարաններում, ինչպես նաև ՀԱՊ-ում (այդ թվում՝ Հարություն Շամշինյանի դիմանկարը) ու Երևանի ռուսական արվեստի թանգարանում (Արամ Աբրահամյանի հավաքածու):
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: