Հանրագիտարան

Սավաննաներ

Սավաննան անտառատափաստանն է, չորասեր բուսականության տիպ է, որը տարածված է մերձհասարակածային գոտում: Տարածված են Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում՝ Գվիանական բարձրավանդակում և Օրինոկո գետի ավազանում (լյանոսներ), Բրազիլիայում (կամպոսներ), Ավստրալիայում և Հնդստան թերակղզում:
Սավաննաներին բնորոշ է տեղումների սեզոնայնությունը, այսինքն՝ չոր ու խոնավ ժամանակաշրջանների և ամբողջ տարվա ընթացքում բարձր ջերմաստիճանների առկայությունը: Ըստ չորային ժամանակաշրջանի տևողության՝ տարբերում են խոնավ սավաննաներ (չոր ժամանակաշրջանի տևողությունը 2,5–5 ամիս է), չոր կամ տիպիկ սավաննաներ (5–7,5 ամիս) և փշաթփուտային կամ անապատացված սավաննաներ (7,5–10 ամիս):
 
Սավաննաներում տիրապետում են չորասեր խոտաբույսերը: Հատուկենտ կամ փոքր խմբերով աճում են նաև չորասեր ծառեր:
 
Խոնավ սավաննաները բաղկացած են փարթամ հացազգիներից, հատկապես տարածված են կծմախոտը, երկար, թավոտ տերևներով շաքարեղեգը, հասկաքիստը և այլն: Այստեղ աճող ծառերը հիմնականում ցածրահասակ են, ունեն հովանոցաձև սաղարթներ (օրինակ`   հովանոցաձև ակացիաները): Սաղարթի հովանոցաձևությունը պաշտպանում է ծառերը այդ շրջաններին բնորոշ քամիներից: Խոնավ սավաննաներում հանդիպում են նաև բարձրահասակ ծառեր (օրինակ`   բաոբաբներ, շշածառեր, որոնք հարմարված են անցկացնելու չորային շրջանը (չոր ժամանակ դրանց կոշտ տերևները  թափվում են): Հաճախ տերևները փետրաձև են և շարժուն. արեգակի ճառագայթների նկատմամբ այնպիսի դիրք են ընդունում, որպեսզի կարողանան լավ պաշտպանվել դրանց ազդեցությունից: Մշտադալար տերևները թավոտ են և շատ կոշտ: Բողբոջները պաշտպանված են բողբոջաթեփուկներով: Ծառերի մեծամասնության բները ծածկված են հաստ կեղևով, որը լավ պաշտպանում է երաշտից: Հաստաբուն ծառերի բները պարունակում են ջրի մեծ պաշար, որը ծախսում են չորային սեզոնին:
 
Չոր կամ տիպիկ սավաննաներում խոտածածկը նոսր ու կարճ է, իսկ ծառերը՝ ցածրահասակ և հարթ սաղարթով, օրինակ՝ ակացիաների որոշ տեսակներ:
 
Փշաթփուտային կամ անապատացված սավաննաներում գերակշռում են ակացիաները: Խոտածածկը բաղկացած է ճմային հացազգիներից:
 
Սավաննաների խոնավության ռեժիմի վրա ազդում են նաև հողաբուսական պայմանները, որոնց տարբերությամբ է պայմանավորված համանման կլիմայով շրջաններում լանդշաֆտակենսաաշխարհագրական և տարբեր համալիրների առկայությունը: Առանձնացվում են նաև մարդու կողմից ստեղծված՝ մարդածին (անթրոպոգեն) սավաննաներ, որոնք արտաքին տեսքով նման են բնական սավաննաներին:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: