Հանրագիտարան

Ալեսանդրո Վոլտա

Ալեսանդրո Վոլտա (Ալեսանդրո Ջուզեպպե Անաստասիո Ջերոլամո Ումբերտո Վոլտա), ծնվել է 1745թ.-ի փետրվարի 18-ին: Վոլտան իտալացի նշանավոր ֆիզիկոս, քիմիկոս, ֆիզիոլոգ, գյուտարար, էլեկտրականության ուսմունքի հիմնադիրներից մեկն է։ Վոլտան ստեղծել է հաստատուն հոսանքի առաջին քիմիական աղբյուրը, հայտնաբերել տարասեռ մետաղների հպման ժամանակ դրանց փոխադարձ էլեկտրականացման երևույթը: Վոլտայի անունով է կոչվել էլեկտրական լարման, պոտենցիալի, պոտենցիալների տարբերության, էլեկտրաշարժ ուժի միավորը:
Ալեսանդրո Վոլտան սովորել է ճիզվիտների ուխտի դպրոցում: 1774-1779թթ. ֆիզիկա է դասավանդել Կոմոյի գիմնազիայում, 1800թ. Պավիայի համալսարանի պրոֆեսոր է եղել, 1814թ.՝ բնափիլիսոփայության ֆակուլտետի դեկան: Եղել է Լոնդոնի թագավորական ընկերության և Փարիզի գիտությունների ակադեմիայի անդամ, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ:
 
1799թ. ն Վոլտան պատրաստել է հաստատուն հոսանքի առաջին քիմիական աղբյուրը՝ վոլտյան սյունը, որը կազմված էր 20-ական զույգ պղնձե և ցինկե փոքրիկ շրջանակներից, որոնք իրարից անջատված էին աղաջրով թրջած մահուդե գործվածքի շրջանակներով: Նա բացատրել է կենդանական հյուսվածքների գալվանական բևեռացման երևույթը:
 
Վոլտան պատրաստել է ստատիկ էլեկտրականություն կրող գործիք՝ էլեկտրակիր, շյուղերով զգայուն էլեկտրացույց, կոնդենսատոր, էլեկտրաչափ և այլ գործիքներ: Կոմոյի բնակիչներին Վոլտան զարմացրել է`   պատրաստելով առաջին շանթարգելը, որն ամպրոպի ժամանակ զանգում էր: Նա հետազոտել է օդի ջերմային ընդարձակման երևույթը, դիտարկել դիֆուզիան:
 
Կենսաբանության բնագավառում Վոլտան կատարել է համեմատական-ֆիզիոլոգիական բազմաթիվ փորձեր`   այսպես կոչված կենդանական էլեկտրականության վերաբերյալ և բացահայտել, որ կենդանիների նյարդերի էլեկտրական դրդելիությունն ավելի ուժեղ է, քան մկաններինը, աղիների ու ստամոքսի մկաններինն էլ ավելի ուժեղ է, քան կմախքի մկաններինը:
 
Միավորների միջազգային համակարգում 1Վ հավասար է էլեկտրական շղթայի տեղամասի այն լարմանը, որի դեպքում տեղամասով անցնում է 1Ա հաստատուն հոսանք, և ծախսվում է 1Վտ հզորություն (1Վ=1Վտ/ Ա ):
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: