Հանրագիտարան

Նորբերտ Վիներ

Նորբերտ Վիները ծնվել է 1894թ.-ի նոյեմբերի 26-ին: նա համարվում է կիբեռնետիկայի հիմնադիր, հետադարձ կապ գաղափարի ձևակերպողը: Նորբերտ Վիները 11 տարեկանում ընդունվել է հայտնի Տաֆթ քոլեջը, որն ավարտելով, ստացել է բակալավրի աստիճան:
18 տարեկանում նա արդեն մաթեմատիկայի դոկտոր էր Կարնեգիի և Հարվարդի համալսարաններում, 20 տարեկանում հրավիրվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, 1932թ. դարձել է այդ ինստիտուտի պրոֆեսոր: Վիները եղել է նաև Հարվարդի, Քեմբրիջի և Գյոթինգենի համալսարանների պրոֆեսոր: 1945-47թթ. աշխատել է Մեխիկոյի սրտաբանության ինստիտուտում:
 
Նորբերտ Վիներն արժանացել է Ամերիկայի գիտության բնագավառի բարձրագույն պարգևին՝ Գիտնականի ոսկե մեդալի: Այդ իրադարձությանը նվիրված հանդիսավոր նիստում ԱՄՆ-ի նախագահ Լ. Ջոնսոնն ասել է. «Գիտության մեջ Ձեր ներդրումը զարմանալիորեն համապարփակ է, Ձեր տեսակետը՝ բացարձակապես յուրօրինակ: Դուք «մաքուր» մաթեմատիկոսի և կիրառական գիտնականի համակեցության կատարյալ մարմնացում եք»:
 
Վիների աշխատանքները վերաբերում են պոտենցիալի տեսության, հարմոնիկ ֆունկցիաների, Ֆուրյեի շարքերի, ընդհանուր հարմոնիկ անալիզի, չափի տեսության հարցերին: Նա զբաղվել է նաև էլեկտրական ցանցերի, հաշվողական տեխնիկայի խնդիրներով: Վիներն ուսումնասիրել է էլեկտրոնային համակարգերում և կենդանի օրգանիզմներում ընթացող շարժընթացների նմանությունը:
 
1948թ. Փարիզում լույս տեսած «Կիբեռնետիկա» աշխատության մեջ ձևակերպել է կիբեռնետիկա գիտության հիմնադրույթները: Վիներն աշխատանքներ ունի նաև մաթեմատիկական անալիզի, էլեկտրական ցանցերի, հաշվողական տեխնիկայի վերաբերյալ: Հայտնի է աստղերի ճառագայթային հավասարակշռության վերաբերյալ Վիներ-Հոպֆի հավասարումը: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: